
«Ակադեմիական քաղաքը» խոշորածավալ ծրագիր է, որի ընդհանուր արժեքը կկազմի մի քանի տրիլիոն դրամ, լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ խոսքը նախնական հաշվարկների մասին է, իսկ ամբողջ ծրագրի հստակ արժեքը հայտնի կդառնա շենքերի կառուցման մրցույթները ամփոփելուց հետո։
Պետությունը միայնակ չի իրականացնելու ծրագիրը։ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը հայտնել է, որ նախագծի ամբողջական իրագործման համար կպահանջվի 20-30 տարի, ուստի այժմ դժվար է նշել դրա ճշգրիտ արժեքը: Նա չի նշել նաև մինչև 2029 թվականը ծրագրի վրա ծախսվելիք գումարի չափը։
Առաջիկա 5 տարում ոչ մի բուհ ակադեմիական քաղաք չի տեղափոխվի: Առաջին շենքերը կկառուցվեն 2029 թվականին և դրանք կլինեն նախ հանրային նշանակության օբյեկտներ, ասում է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակող գերմանական ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլը։
«Առաջնայինը հանրային տրանսպորտն ու ենթակառուցվածքներն են, կառուցվելու են նաև հանրային նշանակության շենքերը՝ մշակութային կենտրոն, համերգային դահլիճ, գրադարան։ Թեև քաղաքի գլխավոր առանձնահատկությունը լինելու է ակադեմիական մթնոլորտը, քաղաքը պարզապես կրթական վայր չի լինելու, և ոչ էլ կենտրոն միայն գիտնականների և ակադեմիական հանրույթի համար, այնտեղ լինելու են նաև ռեստորաններ, առևտրային կենտրոններ, որոնք ծառայելու են հանրությանը»։
Մինչև 16 բուհ, գնացքի կայարան ու տրանսպորտային հասանելի հանգույցներ։ Քաղաքը կամբողջանա 20-30 տարում։ Այլ կերպ ասած՝ կլինի հանրային միջավայր՝ տարբեր գործառույթներով, ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա խոշորածավալ ծրագիր է, որը բավականին մեծ արժողություն ունի․ խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է։ Ակնհայտ է, որ այստեղ պետությունը չի պատկերացնում ծրագրի իրականացումը միայնակ, «Ակադեմիական քաղաքի» ներդրումային ծրագիր ենք ամբողջացնում, բավականին մեծ հետաքրքրություն կա»։

«Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծն արդեն պատրաստ է. վերջնական տարբերակը ներկայացվել է հանրությանը: Քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես մայրաքաղաքին, այնպես էլ մարզերին։ «Ակադեմիական քաղաքի» տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական կամ միջազգային բուհ:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը դեռ լավ չի պատկերացնում, թե վերջնական ինչ տեսք է ունենալու քաղաքը։ Չգիտի նույնիսկ, թե իրենց բուհը երբ է տեղափոխվելու, օրակարգում էլ չի քննարկվում։ Բայց եթե իսկապես ստացվելու է այն, ինչի մասին խոսվում է, ապա ավելի լավ պայմաններում աշխատելուն հաստատ դեմ չի։
«Ակադեմիական քաղաքը» միայն ֆիզիկական նախագիծ չէ։ Դա ենթադրում է հետազոտական ինստիտուտների հետ միավորում, իսկ ժամանակակից կրթություն տալու համար պետք է ունենաս տեխնոլոգիապես զարգացած ենթակառուցվածքներ։ Մինչև իրականում չտեսնես, չպատկերացնես, չհասկանաս, հնարավորությունները չես իմանա։ Բժշկական բուհը խոշորագույն բուհ է, որը ընդլայնվում է։ Գուցե բուհի մի հատված լինի «Ակադեմիական քաղաքում», մյուսը մնա այստեղ»։
Գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո ԿԳՄՍ նախարարը խոստանում է հանրային բաց քննարկումներ: Նախագիծը պաշտոնապես կհաստատվի եկող տարվա վերջին, որից հետո կմեկնարկի արդեն իրականացման փուլը: Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքում» առաջին կառույցը շահագործման կհանձնվի 2029 թվականին: Առաջին փուլով, նախնական հաշվարկով, «Ակադեմիական քաղաքում» աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:




