
ՆԱՏՕ-ի հոբելյանական մեծ հավաքը Վաշինգտոնում իրար հետևից տալիս է մինչև գագաթնաժողովն ի հայտ եկած «ինտրիգների» պատասխանները։ Մեկ օր չանցած հստակեցվեց մեր տարածաշրջանին առնչվող երկրորդ առանցային հարցը․ եթե մինչև երեկ Հայաստանը և Ադրբեջանը հերքում էին արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը Վաշինգտոնում, ապա այսօր արդեն հաստատում են, որ նման հանդիպում լինելու է։
Առաջին ինտիգն այն էր, որ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալուց հետո Ադրբեջանը տևական ժամանակ չէր հաստատում իր մասնակցությունը և հարց էր առաջանում, թե արդյո՞ք Վաշինգտոնին կհաջողվի կազմակերպել հերթական եռակողմ հանդիպումը։
Այս պահին դեռ հայտնի չէ հանդիպումների ո՛չ ժամանակացույցը, ո՛չ էլ՝ օրակարգը։
Վաշինգտոնում եռակողմ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին, հաստատում են Հայաստանի արտգործնախարարությունից։ Ավելի վաղ նախարարությունից նշում էին, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։
Ի՞նչ օրակարգով է ընթանալու պետքարտուղար Բլինքենի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ պետքարտությունը լռում է։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը միայն նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ պետդեպարտամենտից հստակեցրել էին, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։
Հայ վերլուծաբանները հակված են ենթադրելու, որ եթե պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո կազմակերպվում է վաշինգտոնյան հանդիպում, ապա մեծ հավանականությամբ սեղանին կլինի նախապատրաստված որևէ համաձայնություն կամ պայմանավորվածություն: Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը անցած շաբաթներին Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ չի թաքցրել իրենց առանցքային նպատակը։
Խոսելով «Խաղաղության համաձայնագիր» կնքելու պատմական պահի մասին, նա հայտարարել է, որ այն կարևոր է Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով առևտրային միջանցք կառուցելու, և այդ միջոցով Ռուսաստանի ու Իրանի տարածաշրջանային ազդեցությունը նվազեցնելու, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի ճանապարհները շրջանցելու հնարավորության տեսանկյունից:

ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը այս ծրագրից առանձնացնում է առկա խնդիրները․
«Նահանգներն առաջարկում է խաղաղության հաստատումով նոր կոմունիկացիայի հեռանկար կապված էներգետիկ ռեսուրսների արտահանման նոր ճանապարհի հետ։ Բայց Հայաստանն ունի փակ սահման։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Կա երկրորդ խնդիրը՝ Թուրքիայի հետ սահմանը։ Ինչպե՞ս է, ե՞րբ է բացվելու։ Այս կոմունիկացիոն հնարավորությունը ինչպե՞ս է առարկայանալու։ Սրանք կարևոր հարցեր են, որոնք, կարծում եմ՝ կպարզվեն Նահանգներում նախագահական ընտրություններից հետո։ Եթե մնում է այս գիծը, վստահ եմ, որ պնդումները և ճնշումները գնալով ավելի են մեծանալու ոչ թե սանկցիաների տեսքով, այլ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ծավալների մեծացման տեսքով։ Որքան կընդդիմանա Ադրբեջանը, այնքան Հայաստանը կստանա ավելի մեծ հնարավորություններ»։
Քաղաքագետը խոսում է քաղաքական իմաստով ուժերի պարիտետի և դե ֆակտո, ոչ թե դե յուրե դաշնակիցների մասին։ Այս վերլուծության համաձայն՝ առանցքային ժամկետը նոյեմբերն է․ բացի ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներից, Ադրբեջանը փորձում է հասկանալ նաև ինչպես է անցկացվելու և ինչ արդյունքներ է տալու Բաքվում ծրագրված COP համաժողովը։ Այս ուղղությամբ պետք է հստակ աշխատի Հայաստանը, նշում է, Օրդուխանյանը։ Մինչ այս պահը Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, արդեն բազմիցս ցույց է տվել, որ ճանաչում է հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը և ցանկացած պահի պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»։
Մինչդեռ Ադրբեջանի քաղաքականության մեջ նկատվում են երկընտրանքի տարրեր և խոսքը միայն Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ձգձգման մասին չէ։ Եթե դիտարկենք Բաքվի վերջին քայլերը, ապա կարելի առանձնացնել առնվազն երկու հակասական քայլ։
Օրեր առաջ Չինաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը վերլուծաբանները համարում են ամերիկյան ծրագրած առևտրային միջանցքին հակազդող քայլ։ Միևնույն ժամանակ, նույն այդ օրերին Թբիլիսի կատարած այցի ժամանակ Ջեյհուն Բայրամովn ակնարկում էր, թե առաջիկայում կտեսնենք հայ-ադրբեջանական նոր համաձայնություններ: Ինչի՞ մասին է խոսում Բաքուն, երբ զուգահեռ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պայման է դնում՝ դեռևս հասկանալի չէ։
Վերադառնալով հուլիսի 10-ին սպասվող եռակողմ հանդիպմանը կարելի է փաստել, որ առանձին երկկողմ հանդիպումներ, այսպես ասենք՝ «ոտքի վրա» արդեն եղել են։ ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հասցրել է, արտգործնախարարության ձևակերպմամբ, «մտքեր փոխանակել» ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրույցը եղել է Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Տարածաշրջանային խնդիրները երկկողմ ձևաչափով քննարկել են նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։ Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ Ադրբեջանը իր գործողությունների համար հետևանքների կբախվի, և որ Բաքվի ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և Արցախի ավելի քան 120 հազար հայերի էթնիկ զտումն անպատիժ չեն մնա։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի քաղաքական բաղադրիչից բացի կա նաև անվտանգային բաղադիչը։ Հոբելյանական հանդիպումը, փաստորեն, ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների համար է։ Դրանով պայմանավորված կրկին ակտիվացել են խոսակցությունները ՀՀ անվտանգային վեկտորի հնարավոր փոփոխության մասին։ Այս առումով հանրային կարծիքում անգամ տեղի է ունեցել որոշակի փոփոխություն, որը փաստել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի իրականացրած հետազոտությունը։

Գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյան․ «Հայաստանը պե՞տք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին, թե՞ պետք է ձգտի միանա ՆԱՏՕ-ին․ այս հարցը մենք ունեցել ենք նաև փետրվար ամսին։ Եթե հուլիսի տվյալներից խոսենք 44․3%-ը նշել է, որ պետք չէ ոչ մի կառույցի անդամակցել, պետք է լինել չեզոք երկիր, 16.9%-ը նշել է, որ պետք է շարունակել անդամակցել ՀԱՊԿ-ին և «պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին» նշել է 29%-ը»։
Վերջին պատասխանների հետ կապված կա որոշակի դինամիկա փետրվարի և հուլիսի արդյունքների համեմատության մեջ։ ՀԱՊԿ-ի հետ կապված գրանցվել է 10%-ից ավելի նվազում, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված մոտ 7%-ի աճ է գրանցվել։




