ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Լոս Անջելեսի «Զվարթնոց» պարային համույթը ծննդյան 35 ամյակը նշեց հայրենիքում

35 տարի առաջ Աղաջանյանների ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելես մշտական բնակության։ Այդ ժամանակ Վարդան Աղաջանյանը «Բերդ» պարային համույթի առաջատար պարողներից էր։ Այսօր նրա հիմնադրած «Զվարթնոց» պարային համույթը իր ուրույն ձեռագրով հայտնի է Սփյուռքի բոլոր գաղթօջախներում։ Նա աշխարհի շատ բեմերում իր յուրօրինակ բեմադրություններով ու ժողովրդական պարի մեկնությամբ կարողացել է պատմել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին։

Տերունական աղոթք՝ համերգից առաջ․ ավանդույթի համաձայն տարիքով ամենամեծ պարողը ոգևորող խոսքեր է ասում անսամբլին ու տալիս համերգի մեկնարկը։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Լոս Անջելեսի «Զվարթնոց» պարային համույթն է։ 35-ամյա «Զվարթնոցը» տարեդարձը նշում է Մայր հայրենիքում։

Համույթի հիմնադիր Վարդան Աղաջանյան․ «Այստեղ բեմը քո հողն է, դու ավելի լավ և ուժեղ ու վստահ ես պարում։ Վստահ եմ, որ այսօր մեր պարողները կանեն լավագույնը, որպեսզի հայաստանյան հանդիսատեսը զարմանա։ Ճիշտ է՝ մենք ցախը վերցրել ենք, եկել ենք անտառ, բայց վստահ եմ, որ հայաստանյան հանդիսատեսը կգնահատի»։

«Զվարթնոցը» մինչ երևանյան հանդիսատեսին ներկայանալը, Գյումրիում էր։ Խիստ հանդիսատեսը գրկաբաց էր ընդունել համույթին։

Իսկ համերգը ձևաչափը տարբերվող էր, պարզապես պարային համարներ չէին, այլ ամբողջական բեմադրություն էր։ Պարային գործողությունն սկսվում էր հեթանոսությունից, գալիս հասնում էր գրերի գյուտ ու մեր օրերը՝ մինչև Արցախ։

«Զվարթնոցը» պարի լեզվով պատմեց մեր հայրենիքի, մեր ժողովրդի երեկվա ու այսօրվա կորստի ու ձեռքբերումների, ցավի ու սիրո, ողբի և հերոսության, մեր ապագայի երազանքի մասին։

«Լոս Անջելեսի պայմաններում հինգ օր փորձ անելը դա անհավատալի երևույթ է, բայց այս երեխաները գիտեն ինչի համար են գալիս, ու մեր պարերը այնքան էլ հեշտ չի պարելը, ու մեր պարերը պարելիս պետք պարզապես լինես պրոֆեսիոնալ։ Մենք տարիների ընթացքում հասել ենք նրան, որ այս երեխաները ներկայանում են բեմում որպես պրոֆեսիոնալ պարախումբ, ես չեմ ուզում, որ մեզ նայեն Սփյուռքի սիրողական պարախումբ, այլ որպես պրոֆեսիոնալների»։

35 տարի առաջ Աղաջանյանների ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելես՝ մշտական բնակության։ Վարդան Աղաջանյանը «Բերդ» պարային համույթի առաջատար պարողներից էր, իսկ կինը՝ Արմինե Աղաջանյանը Պարի պետականի։ Մեծ դժվարությամբ, բայց Աղաջանյան ամուսիններին  հաջողվեց ստեղծել «Զվարթնոց» պարային համույթը։ Անսամբլում սկզբում հիսուն հոգի էին, հետո կազմը գնալով մեծացավ։ Սկսվեց  տքնաջան աշխատանքը՝ շաբաթական յոթ օր փորձ։ Արդյունքում՝ 1991թ-ին «Զվարթնոցը»՝ Սփյուռքի առաջին համույթը, ոտք դրեց Հայաստան ու 15 օր շարունակ համերգներ ունեցավ Երևանում ու այլ քաղաքներում։

Իսկ «Զվարթնոց» անունը պատահական չի ընտրվել։

«Զվարթնոց տաճարը իր ճարտարապետական ոճով շատ տարբերվող է, և մտածում էի, որ անսամբլն էլ պետք է տարբերվող լինի ու ոչ մեկին չնմանվի։ Բացի դա, իմ սիրած թռչունը արծիվն է, իսկ Զվարթնոցի խոյակների վրա արծիվները շատ են։ Իսկ ինձ համար յուրաքանչյուր պարող պետք է դառնար արծիվ՝ բարձրացնելով ազգային մշակույթը մասնավորապես՝ պարարվեստի ոլորտում»

«Զվարթնոցի» պարացանկում միայն ազգային պարերն են։ Աղաջանյանն ասում է՝ չի հասկանում այն հայկական խմբերին, որոնք Սփյուռքում ապրող հայ երեխաներին այլ ժողովուրդների պարեր են ուսուցանում։

«Միշտ ասում եմ, որ օվկիանոսի հատակում այնքան մարգարիտ կա, պարզապես պետք է սուզվել ու այդ մարգարիտները բարձրացնել վերև՝ մաքրել ու հանել բեմ»։

Կարդացեք նաև

Back to top button