
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան այցը եռօրյա է՝ հուլիսի 8-11-ը։ Այդ ընթացքում Փաուերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարարների հետ: Նա արդեն հանդիպել է Արցախից տեղահանվածների հետ ու ԱՄՆ ՄԶԳ-ից աջակցություն ստացած սննդի կետում նրանց հետ միասին ժենգյալով հաց պատրաստել։
Մինչ Փաուերը հանդիպում է տեղահանված արցախցիների հետ, փորձագետները խոսում են ամերիկյան կողմից ակտիվացած այցերի նպատակների մասին։
Հայաստանում քաղաքականապես հաստատվելը լուրջ ներդրումներ է պահանջելու ԱՄՆ-ից, քանի որ Հայաստանը բարդ իրավիճակում է, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, վերլուծելով վերջին շրջանում ակտիվացած ամերիկյան այցերը։
«Այն, որ տեսանելի պաշտոնյաներ գալիս են Հայաստան, նշանակում է, որ հարաբերությունները երկու պետությունների մակարդակում էապես բարձրացել են, և ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում, տարբեր հարցերի քննարկում և քանի որ երկար են տևում այցերը նշանակում է որ գործնական են, լիքը բան է քննարկվում ու որոշվում, և հետագա քաղաքականության վրա ազդեցություն է ունենալու այս ամբողջը։ Հայաստանում բազա դնելը, նկատի չունեմ պարտադիր ռազմական բազա, բայց զուտ քաղաքականապես հաստատվելը ԱՄՆ համար բավականին թանկ հաճույք է լինելու, քանի որ Հայաստանը անվտանգային լրջագույն խնդիրներ ունի և սպառնալիքներ ունի»։
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի այցի նպատակն է հաստատել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծել ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղել Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։
Ի՞նչ ասել է՝ դիմակայունության բարձրացում, արդյո՞ք ԱՄՆ կանի քայլեր՝ զսպելու ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը, կամ ոտնձգություններ թույլ չտալուն ուղղված քայլեր։
Հրանտ Միքայելյան. «Հայաստանի շուրջ կան երկրներ, որոնք Հայաստանի դեմ են տրամադրված և կան երկրներ, որ ԱՄՆ դեմ են տրամադրված, և հայ-ամերիկյան համագործակցության խորացումը բերելու է այդ երկրների միավորման Հայաստանի և ԱՄՆ դեմ։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ԱՄՆ կանի քայլեր այդ երկրներին զսպելու համար։ Պատմությունից մենք հասկանում ենք, որ ՝ոչ, քանի որ անգամ 1920 թվականին, երբ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան առաջին աշխարհամարտը հաղթած էին, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան՝ պարտված, միևնույնն է, այս տարածաշրջանում իրենք էին որոշող, իսկ Հայաստանի այն ժամանակվա փորձերը՝ գնալ դեպի Արևմուտք՝ Անտանտայի ու Ամերիկայի հետ հարաբերություններ հաստատելու բերեցին Հայաստանի անկախության կորստին։ Հուսանք այս անգամ այդպես չի լինի»։
Սամանթա Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար․ պաշտոնապես այսպես է ներկայացվում նրա այցը:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ԱՄՆ իրականում ուզում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանում։ Դա ցանկանում է նաև Հայաստանը, սակայն քաղաքագետը նկատում է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ անել քայլեր, որոնց կարիքն ունի Հայաստանը։
Հրանտ Միքայելյանը համամիտ է այն դիտարկմանը, որ Միացյալ Նահանգներին այսօր ձեռնտու չէ այնքան ուժեղ Թուրքիա ու Ադրբեջան, որ հակադրվեն իրեն, սակայն այս հարցում նրբություններ կան։
«Եթե Թուրքիայում տեսնեն, որ ԱՄՆ Հայաստանից փորձում է ստեղծել իրեն հենարան, ապա կդիտարկեն ապագայի նկատմամբ վտանգը, այդ թվում և ՆԱՏՕ-ին անդամակցության և կարող են նորից գործել Հայաստանի դեմ, և այստեղ շատ լուրջ հարց է ծագում, թե ի՞նչ է անելու ԱՄՆ այս պարագայում։ ԱՄՆ ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ ուզում է Հայաստանից ինչ-որ բան ստանալ և ոչ թե տալ»։
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի այցին ընդառաջ տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչն ըստ քաղաքագետի ավելի շատ ՌԴ դեմ ուղղված հայտարարություն է։




