
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր էջում անդրադարձ է կատարել Հայաստան այցին։
«Հենց նոր վայրէջք կատարեցի Երևանում։ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս պահին ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ վերջին տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցելությունն է։ Ակնկալում եմ այս այցի ընթացքում օգտագործել համագործակցության խորացման հնարավորությունը»,- գրել է նա։
USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունից հայտնել են, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևան այցի ընթացքում կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է USAID-ի հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ:





