ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հունգարիայի վարչապետի հարավկովկասյան «սկանդալը»․ Վիկտոր Օրբանին քննադատել են Շուշի կատարած այցի համար

Ադրբեջանի նախագահի կազմակերպած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Շուշիում վերածվեց միջազգային սկանդալի, որի պատճառը, ըստ էության, Արցախի օկուպացված տարածքում այդ միջոցառմանը հատկապես Հունգարիայի վարչապետի և Հյուսիսային Կիպրոսի նախագահի մասնակցությունն էր։

Բացի վերոնշյալ գործիչներից, միջոցառմանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները։ Գագաթնաժողովին մասնակցելու մասին հայտնել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն նա չեղարկել էր այցը ու մեկնել Գերմանիա՝ Թուրքիա-Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար։

Ամոթ՝ Հունգարիայի և սկանդալ Եվրոպայի համար․ այսպես է գնահատվում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Շուշիում տեղի ունեցած հանդիպումը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահի հետ։ Միջազգային սկանդալի էությունը հասկանալու համար պետք է վերհիշել, որ Հունգարիան, ի դեմս Օրբանի, ընդամենը 8 օր առաջ ստանձնեց ԵՄ Խորհրդի նախագահությունը առաջիկա 6 ամսվա համար։ Եվրոպական օրակարգին հակասող նրա տարօրինակ շրջագայությունների շարքում Շուշիի այցը արդեն քննադատել են Եվրոպական տարբեր կառույցներ։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հստակ նշում է․ Հունգարիան ԵՄ խորհրդի կողմից թյուրքալեզու պետությունների կազմակերպության հետ հարաբերություններ զարգացնելու մանդատ չի ստացել։ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ ասված է․

«Եվրամիությունը մերժում է Թյուրքական պետությունների կազմակերպության փորձերը՝ օրինականացնել անջատողական կիպրական թուրքական միավորումը, այսպես կոչված, միջազգայնորեն չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ որպես Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ․․․ԵՄ-ն բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակներում, հստակ հայտարարել է, որ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան»։

Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X սոցիալական հարթակում իր քննադատությանը հավելել է նաև ԼՂ գործոնը․

«Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից մեկում, ամոթ է Հունգարիայի համար և սկանդալ՝ Եվրոպայի համար։ Մի՞թե Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը»։

Օրբանը այս քննադատություններին դեռ չի արձագանքել։  Ի դեպ, Հունգարիայի վարչապետն օկուպացված Շուշիում՝ գագաթաժողովի ժամանակ իր անվերապահ հարգանքն է արտահայտել Իլհամ Ալիևի նկատմամբ, իր խոսքով՝«տարածաշրջանի հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար»։ Օրբանը հույս է հայտնել, որ շուտով նման հնարավորություն կլինի նաև Եվրոպայում։

Նոր պաշտոնը ստանձնելուց հետո Օրբանը նշել էր, որ եկել է Եվրոպան մեծ դարձնելու իրենց հերթը։ Մինչև Շուշի մեկնելը նա եղել է նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, իսկ Ադրբեջանից հետո մեկնել է Չինաստան։ Դրանից հետո էլ պատրաստվում է լինել Վաշինգտոնում։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատականներով՝ Օրբանը իսկապես Եվրոպայի մանդատով չի գործում։ Ըստ վերլուծաբանի՝ նրա գործողությունները մշակվել են բոլորովին այլ տեղում։

 «Վիկտոր Օրբանը այս օրերին ծավալում է բավականին ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Դրա մեկնարկը իրականում պետք է դիտարկել դեռևս մարտին Վաշինգտոն կատարած նրա այցի ընթացքում հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։ Նաև ընդամենը մի քանի օր առաջ Թրամփ կրտսերի այցը Հունգարիա։ Այս տեսանկյունից, կարծում եմ՝ Օրբանը ստանձնել է միջնորդային մի գործունեության դերակատարում։ Իսկ սա բավական խնդրահարույց է, ըստ իս, Էրդողանի համար»։

Վիկտոր Օրբանը իր քաղաքական կարիերայի ընթացքում մեկ անգամ չէ, որ սկանդալի մեջ է հայտնվել։ Օրինակ՝ այս տարվա ապրիլին Հունգարիան վետո էր դրել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրվող օգնության որոշմանը՝ պահանջելով, որ Ադրբեջանը նույնպես օգնություն ստանա նույն հիմնադրամից։ 

Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ Հունգարիան հանել է այդ արգելանքը և Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից։

Իսկ ավելի վաղ հետաքննող լրագրողները պարզել էին, որ հենց Օրբանն է եղել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գլխավոր կազմակերպիչը։ Ըստ բացահայտումների՝ Օրբանն այդ գործարքի դիմաց 7 միլիոն դոլար էր ստացել Ալիևների ընտանիքից։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ ագրեսիա ձեռնարկած, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած, ցեղասպան քաղաքականություն իրագործած, քնած հային կացնահարողին հերոսացրած բռնապետի հանդեպ հարգանք է արտահայտվում՝ որպես «խաղաղության» ռահվիրա, ու դա արվում է Արցախից, որտեղ հազարամյակներով ապրող հայերի դեմ փաստացի իրականացվել է ցեղասպան քաղաքականություն․․․Դե թող դրանից հետո Եվրոպայում հասկանան, թե ինչ «խաղաղություն» է սպասվում իրենց՝ ըստ Օրբանի»։

Սրան զուգահեռ Էրդողանի փոխարեն Շուշի մեկնած Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան բավարարված չէ արևմտյան մի շարք երկրների դիրքորոշմամբ, որոնք ֆավորիտ են դարձնում Հայաստանը և անտեսում Ադրբեջանի մտահոգությունները։ Հաքան Ֆիդանը նշել է, որ Անկարայում ակնկալում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։

Մինչդեռ վերջին շրջանում ակնհայտ է, որ Բաքուն փորձում է արհեստական պատճառներ գտնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից խուսափելու համար։ Վերլուծաբանների զգալի մասը համոզված է, որ Ալիևը շարունակում է ապավինել ուժի գործոնին, բայց դրա համար բավարար միջազգային միջավայրի բացակայությունը նրան ստիպում է ժամանակ ձգել։ Որպես գործիք, այժմ օգտագործում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախապայմանը։ Հայ սահմանադրագետները պնդում են՝ որևէ դրույթ չկա Հայաստանի Սահմանադրության մեջ, որը ինչ–որ կերպով կարգելակի խաղաղության գործընթացը, իսկ երկրի անկախության հռչակագիրը որևէ կերպով ենթակա չէ փոփոխության։ Այն լինում է մեկ անգամ և վկայում է պետության ստեղծման մասին։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս պայմաններում Հայաստանի համար կա երկու ճանապարհ․

«Ռուսաստանը թուլանում է, պայքարում է դանդաղ գնալու համար, պայքարում է, որ ինչ-որ ազդեցության մաս թողնի և պայքարում է, որպեսզի այն մասը, որը չի կարող պահել, հանձնի այն երկրին, որը հարմար է գտնում։ Դա Թուրքիան է միանշանակ։ Կա երկրորդ տարբերակը, որը մեզ առաջարկվել է։ Եվ ասում է, որ չի առաջարկվել կա՛մ մանիպուլյատորներ են, կա՛մ ինչ-որ բան չեն հասկանում։ Դա մեծ Եվրոպայի կոնցեպտն է, որը ընտրություններից առաջ հայտարարեցին։ Փաստորեն դա սոցիալ-դեմոկրատների, լիբերալների և ԵԺԿ-ի միասնական պրոյեկտն է։ Նրանք ընտրություններում, ճիշտ է կորուստներով, բայց հաղթեցին, 56% մանդատը իրենցն է, բոլոր պաշտոնները կարևոր էլի իրենցն են։ Այսինքն՝ 5 տարի դեռ իրենք են հաստատ։ Իրենց պատկերացմամբ՝ դա մեծ Եվրոպան է, նույնիսկ այդ երկրների անուններն են տրվել արդեն, պետք չի կռահել։ Դա Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բոսնիա–Հերցեգովինա, գումարած այն 27 երկրները, որ կան»։

Տարածաշրջանում կան նաև դեռ չերևացող նաև այլ խմորումներ։ Աշխարհն ու տարածաշրջանը այժմ պատկերավոր համարվում են «եռացող կաթսա»՝ նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում։ Որոշ կանխատեսումներով՝ դժվարությունները ավելի զգալի են դառնալու 1-2 տարի հետո՝ քաղաքական շրջադարձային փոփոխություններից և ընդհանուր պատկերի որոշակի պարզեցումից հետո։ Հայաստանի առաջնային անելիքը ամեն դեպքում համարվում է անվտանգային ոլորտում սեփական ներուժի ավելացումը՝ Ադրբեջանի ապավինած «ուժի գործոնին» հակազդելու համար։

Կարդացեք նաև

Back to top button