
Հայաստանի դպրոցներում տնօրեն ընտրվելը բարդացել է, և հաստատություններից շատերում թափուր հաստիքը լրացնելը լուրջ խնդիր է դարձել։ Դպրոցների կառավարման նոր համակարգով դպրոցի տնօրենների ընտրության և նշանակման եռափուլ համակարգ է նախատեսվում։
Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Տնօրեն դառնալու մրցույթը բարդացել է, և այսօր մենք ունենք մի քանի հարյուր դպրոց, որտեղ տնօրեն չկա։
Շատ դպրոցներում տնօրենի թափուր հաստիքը լրացնելը լուրջ խնդիր է դարձել։ Խնդիրն այնքան է սրվել, որ, օրինակ, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը օրեր առաջ կոչ էր արել ուսուցիչներին և ոլորտի այլ մասնագետների մասնակցել մարզի շուրջ 30 դպրոցների տնօրենների մրցույթներին: Ըստ նրա՝ շատերը դիմել են մրցույթի առաջին փուլին, շատ դպրոցներում մասնակցությունը պասիվ է, որոշներում էլ մասնակցություն ընդհանրապես չկա։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ավելացնում է՝ արդեն հարյուրավոր դպրոցներ են առանց կառավարման մնացել։
«31 դպրոցները Արմավիրի մարզի դպրոցների 25 տոկոսն է։ Դպրոցներ ունենք, որտեղ 2 տարի է տնօրեն չկա, որովհետև ընտրության մեխանիզմը այնքան են բարդացրել, որ մարդիկ տարիներով դիմում են ու չեն ընտրվում»։
ԿԳՄՍ նախարարությունում ծանոթ են դժգոհություններին։ Փոխնախարար Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ այս տարի փորձաքննվել է 574 ծրագիր, որից 42-ն է դրական գնահատվել՝ հայտերի 7,3 տոկոսը։ Իսկ այդ դրական փորձաքննություն ունեցող հավակնորդներից հարցազրույցի փուլում ընդամենը 35 տոկոսն է հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացել ու տնօրեն նշանակվել։
«Դպրոցների տնօրենների ընտրության մասով ոչ այքնան լավ պատկեր ունենք․ թե՛ փորձաքննության, թե՛ հարցազրույցի փուլում բավականին վատ արդյունքներ են գրանցվում։ Թեև այս տարի փետրվարին փոխեցինք դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը՝ այն դարձնելով կոնկրետ, ավելի հստակ չափանիշներով, բայց ակնհայտ է, որ մենք կարողությունների խնդիր ունենք»։
Դպրոցների կառավարման նոր համակարգով դպրոցի տնօրենները կընտրվեն և կնշանակվեն երեք փուլով։ Գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները դպրոցի զարգացման ծրագիր են ներկայացնում, որը փորձաքննություն է անցնում մրցույթով ընտրված կազմակերպության կողմից:
2023 թվականին ներդրված նոր մոդելով էլ առանձնացվել է բովանդակային և վարչատնտեսական կառավարումը․ կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։ Այժմ շատերը պարզապես խուսափում են դպրոցի տնօրեն դառնալ կամ էլ չեն կարողանում բավարարել ներկայացված պահանջները։
Կրթության փորձագետը սպասում էր նման զարգացում։ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ երբ դեռ նոր էր այս մոդելը ներդրովում, ինքը զգուշացնում էր, որ դա մեր իրականությունում չի գործելու, կամ պարզապես անարդյունավետ է լինելու։
«Ճիշտն այն է, որ կազմակերպությունն ունենա մեկ ղեկավար։ Մենք դեռ այդքան չենք զարգացել, որ ունենանք երկու ղեկավար, որոնք կարողանան իրար հետ համագործակցել։ Դրա համար հիմա շատ դպրոցներում խնդիրներ են առաջանում։ Տնօրենը և վարչատնտեսական համակարգողը հստակ չեն պատկերացնում իրենց լիազորությունների տարբերակումը։ Դրա պատճառով էլ նախարարությունը պարբերաբար փոխում է այդ կարգը։ Դրսից բերեցինք մի համակարգ, որը ես համոզված եմ, որ լրացուցիչ գլխացավանք է դառնալու և՛ նախարարության համար, և՛ մարզպետարանների, որովհետև արդեն իսկ քրեական գործ ունենք Շիրակի մարզում։ Դպրոցներից մեկում վարչատնտեսական համակարգողը և ուսմասվարը աշխատասենյակի համար իրար էին ծեծել»։
Փոխնախարարին ոչ այնքան ներանձնային կոնֆլիկտներն են մտահոգում, որքան կարողությունների թերացումը։ Միայն հավաստագրված լինելը դեռ բավարար չէ տնօրեն դառնալու համար, դա միայն առաջին քայլն է, ասում է փոխնախարարը։ Եթե հավաստագրումը իրավական ակտերի իմացության ստուգումն է, ապա տնօրեն դառնալու համար պետք է նաև կարողանալ ճիշտ պլանավորել և կառավարել ուսումնական հաստատությունը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ընդունում է, որ դպրոցը պետք է լավ ղեկավար ունենա, բայց նման բարդ ընտրությունն էլ ճիշտ չէ, կարծում է, հատկապես այն փուլում, երբ դպրոցներում իրականացվում են մի քանի արմատական ու ճակատագրական փոփոխություններ․
«Պատասխանատու պահ է, ռեֆորմ է կատարվում, ու դպրոցը չունի տնօրեն։ Եվ դա ոչ թե մեկ կամ երկու դպրոցում է, այլ հարյուրավոր դպրոցներում է, և նրանց թիվն օրեցօր աճում է։ Տարեկան 200-300 դպրոցում տնօրենի թափուր տեղ է ազատվում։ Ամեն օր մի դպրոցում թափուր տեղ է առաջանում, որոնց մեծ մասը չի լրացվում։ Այս իմաստով ունենք կառավարման ճգնաժամ»։
Նախարարությունում էլ են գիտակցում, որ դպրոցն առանց տնօրենի երկար ժամանակով թողնելը ռիսկային է, բայց նաև պատրաստ չեն ընդունել հավակնորդների, որոնք իրենց չափանիշներին չեն համապատասխանում։ Թափուր հաստիքների խնդիրը լուծելու համար նախարարությունը վերապատրաստման ծրագիր է մշակում։ Ըստ այդմ՝ այն դպրոցներում, որտեղ առնվազն երկու անգամ մրցույթ է հայտարարվել, բայց դեռևս տնօրեն չունեն, վերապատրաստումն անցած մասնակիցներից մեկը կնշանակվի ոչ թե ԺՊ, այլ հենց տնօրեն։




