ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ատեստավորման հիմքում ոչ թե դասագիրքն է, այլ ծրագիրը․ փոխնախարար

Այս տարվանից կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Որոշ փոփոխություններ են կատարվել կարգում, որոնք, ենթադրվում է, որ կհեշտացնեն ատեստավորման տեխնիկական մասը։

Ինչ վերաբերում է թեստերի բարդությանը, պարտադիր պահանջը դասավանդվող նյութին համապատասխանելն է։ Այլ հարց է, որ երբեմն ուսուցիչը ծանոթ չի լինում ծրագրին ինչպես հարկն է: Բովանդակային առումով դրանք պետք է համապատասխանեն ծրագրային նյութին։

Ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները հաճախ իրենց դիտարկումներն ու դժգոհությունները ներկայացնելիս մատնանշում են քննական նյութի չափազանց բարդ լինելը, ժամանակի մեջ չտեղավորվելը, ծրագրին չհամապատասխանելը։ Վիճակագրությունն էլ է փաստում, որ ատեստավորվել է ուսուցիչների փոքր մասը միայն։ Հանրապետությունում ունենք 29․000 ուսուցիչ և 9000 դասավանդող։ 

Այդ 38․000 մասնագետից ընդամենը 4000-ն է ատեստավորվել։ Հաշվի առնելով, որ կամավոր ատեստավորումն արդեն երեք տարի է՝ իրականացվում է, սա չափազանց փոքր ցուցանիշ է, կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Ընդհանրապես, ատեստավորումը լավ բան է, որովհետև հնարավորություն է տալիս թարմացնել, աշխատել իրենց առարկայի գիտելիքների վրա։ Բայց ամբողջ խնդիրն այն է , թե ինչպես է այն իրականացվում։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ ուսուցչին ավելի ձեռնտու է չդիմել ատեստացիայի, այդպես ավելի ապահով է, քան դիմել, ստանալ անբավարար և հայտնվել աշխատանքը կորցնելու վտանգի տակ։ Այսինքն՝ նախարարության մեխանիզմը տրամաբանական չէ։ Ասում է՝ եկեք ատեստավորվեք, ձեր աշխատավարձը բարձրացնենք, բայց այնպիսի պայման է թելադրում, որ ավելի ապահով է չմասնակցելը»։

Կրթության փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այդ կարծիքին չէ։ Դժգոհություններն ընդունում է, եթե դրանք օբյեկտիվ են, եթե այդ դժգոհությունները տեխնիկական բնույթ են կրում, օրինակ, ժամանակի մեջ չտեղավորվելը, թեստերի կառուցվածքը կամ ծրագրին չհամապատասխանելը։ Բոլոր այն խնդիրները, որոնք օբյեկտիվ հիմնավորում ունեն, ընդառաջում են, փորձում են լուծել։

Բայց երբ խոսքը առարկայի իմացությանն է վերաբերում, այդ ուսուցիչը դասարանում անելիք չունի, ասում է փոխնախարարը։

«Մենք չենք ունեցել ուսուցիչ, ում ձեռքից աշխատանքը վերցրել են, որովհետև ժամանակը լրացած է եղել, մենք բոլորին հնարավորություն ենք տվել ավել աշխատել։ Բովանդակությունը, եթե բարդ է եղել, փորձել ենք կարգավորել, բայց հարցի մյուս կողմը վերաբերում է նրան, թե արդյո՞ք կամավոր ատեստավորումը 2 և ավելի տարի չհաղթահարած ուսուցիչը պիտի աշխատի դպրոցում։ Կամավոր ատեստավորումը ստուգում է տվյալ ուսուցչի առարկայական գիտելիքը, հետևաբար, եթե մենք գործ ունենք մի ուսուցչի հետ, ով 2-3 տարի անընդմեջ չի հաղթահարում գիտելիքի իմացության ատեստավորումը, ի՞նչ է նա պատմում դասի ժամանակ երեխաներին, ի՞նչ է սովորեցնում։ Հետևաբար այս ուսուցիչների հետ մենք ստիպված ենք լինելու խզել աշխատանքային պայմանագիրը»։

Ըստ փոխնախարարի՝ իրենք պատրաստ են աջակցել այս ուսուցիչներին, ապահովել վերպատրաստումը, բայց եթե այդքանից հետո էլ չեն հաղթահարի, պետությունը չի կարող նման շռայլություն թույլ տալ և պահել ուսուցչին, որն իր առարկային չի տիրապետում։

Իսկ ո՞վ և ինչպե՞ս է որոշում, արդյո՞ք տվյալ ուսուցիչը տիրապետում է առարկային, թե՞ ոչ, եթե երկու տարբեր կառույցների գնահատականները տարբեր են, հարցնում է փորձագետը։

«Ես միշտ բերում եմ երկրորդ տարվա պատմության օրինակը։ Թեստավորման երկրորդ տարում պատմություն առարկայից ատեստացիա կատարվեց և՛ ԳԹԿ–ի, և՛ Մանկավարժական համալսարանի կողմից։ Մանկավարժական համալսարանում բոլոր մասնակիցները հաղթահարեցին, իսկ ԳԹԿ-ում մեծ մասը կտրվեց։ Այսինքն՝ ստացում է, որ նույն տարում նույն առարկայից տարբեր բարդության թեստեր ենք տալիս։ Նույնը անգլերենի վերջին թեստը՝ շատ անակնկալ էր, այլ դասավանդման մեթոդաբանության վրա էր հիմնված, այլ թեստային համակարգ էր, որը Հայաստանի ուսուցիչների համար շոկային էր»։

Մանկավարժական համալսարանի կողմից մեկ անգամ է իրականացվել ատեստավորում, այն էլ փորձնական և անարդյունավետ էր, պարզաբանում է փոխնախարարը։ Այժմ այդ գործընթացն ամբողջությամբ վերապահված է ԳԹԿ-ին։

«Ինչ վերաբերում է նյութերի բովանդակությանը, դրանք դասագրքերին չեն համապատասխանեցվել։ Դրանք համապատասխան են դպրոցական ծրագրերին։ Դասագիրքը չի կարող պարունակել ամբողջ ծրագիրը։ Մենք նույն դասարանում երկու դասագիրք կարող ենք ունենալ, բայց մեկում մի բան շեշտադրված լինի, մյուսում՝ մեկ այլ։ Դասագիրքն ուսումնաօժանդակ ձեռնարկ է ուսուցչի ձեռքին, բայց ուսուցիչը կողքից հազար ու մի այլ նյութեր կարող է օգտագործել։ Ունեցել ենք մի իրավիճակ, երբ դասագրքում վրիպակ է եղել, և ուսուցիչն այդ տվյալն էր օգտագործել, այնինչ այդ տվյալը ճիշտ չէր։ Ուսուցիչը պետք է տիրապետի իր կողմից դասավանդվող առարկայի ողջ ծավալին՝ անկախ դասարանին։ Ենթադրենք՝ այլ դասարանի երեխան հարց տվեց, պետք է ասի՝ ես ֆիզիկայի մասնագետ եմ, բայց այդ կտորին չեմ տիրապետո՞ւմ»։

Կրթության փորձագետն ընդունում է՝ ուսուցիչը պետք է լավ տիրապետի իր առարկային, բայց ծրագիրն էլ լայն հասկացություն է։ Նախ՝ պետք է հասկանալ, թե նախարարությունն ինչ է ակնկալում այս ատեստավորման արդյունքներից։ Եթե ուզում են շատ խիստ պահանջներ դնել, «մաղել» ուսուցիչներին, արդյո՞ք պատրաստ են նաև փոխարինող գտնել նրանց։ Բայցի այդ, կարծում է, խրախուսման մեխանիզմները ևս անհամաչափ են։

«Իմ կարծիքով՝ այն հավելավճարը, որ առաջարկվում է ուսուցիչներին, չափազանց բարձր է, ոչ թե այն առումով, որ ուսուցիչներն արժանի չեն 300 հազար դրամ ստանալու, այլ այն առումով, որ միայն առարկայի գիտելիքի համար տրվում է այդպիսի բարձրացում։ Իսկ մնացած որակների համար ուսուցչի կամ չի տրվում, կամ տրվում է շատ քիչ։ Օրինակ՝ տարակարգերը, որ ավելի մանկավարժական որակներն են խրախուսում, ուսուցիչը ստանում է առավելագույնը 50 տոկոս, այն էլ՝ եթե հասնի բարձրագույնի։ Այսինքն՝ ավելի ցածր է։ Հետևաբար՝ նախարարության խրախուսման մեխանիզմներն անհամաչափ են։

Քանի որ կամավոր ատեստավորումն ուղղակիորեն ազդեցություն է ունենում աշխատավարձի վրա, փոխնախարարը վստահ է, որ աստիճանաբար բոլոր ուսուցիչները գալու են այս դաշտ և անցնեն կամավոր ատեստավորում։ Ինչ վերաբերում է նորավարտ ուսուցիչերին, որոնք նոր են որակավորում ստանում, զուգահեռ մանկավարժական բուհերում է իրականացվում աշխատանք, որպեսզի վստահ լինեն, որ մանկավարժական բուհերի կողմից թողարկվող շրջանավարտներն իրոք այն շրջանավարտներն են, որոնք պետք են դպրոցներին։

Ինչ վերաբերում է այս երեք տարիների արդյունքներին և դինամիկային, նշենք, որ 2023 թվականին 1-12-րդ դասարաններում կամավոր ատեստավորման համար հայտագրվել էր 6321 ուսուցիչ, քննություններին մասնակցել է 4326 ուսուցիչ՝ հայտագրվածների 68,4 %-ը: Ատեստավորմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության ուսուցիչների 14,7 %-ը։ 2023 թվականին անցկացված կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 31,6 % չի հաղթահարել պահանջվող միավորների նվազագույն շեմը, 22,7 %-ը հաղթահարել է նվազագույն շեմը, իսկ առավելագույն 90-100 տոկոս արդյունք է ցուցաբերել 246 ուսուցիչ՝ 5,7 %-ը։

Այսպիսով, 2023 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման մասնակիցների 68,5 տոկոսը հաղթահարել է ատեստավորման փուլը։ 2022 թվականին՝ 66,6 տոկոսն էր հաղթահարել, 2021 թվականին՝ մասնակիցների 65.3 տոկոսը։

Փոխնախարար Արաքսիա Սվաջյանն էլ է փաստում՝ ի տարբերություն առաջին տարվա, արդեն կա դրական դինամիկա և այն, որ այսօր արդեն գրեթե չկա դպրոց, որտեղ գոնե մեկ ուսուցիչ անցած չլինի ատեստավորումը, արդեն իսկ վկայում է ատեստավորման հաջողված լինելու մասին։ Ի դեպ՝ այս տարվա կամավոր ատեստավորման հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի մեկը։ Այսօրվա դրությամբ հայտագրվել է 3071 դասավանդող և 205 չաշխատող ուսուցիչ։ Նախարարությունում լիահույս են, որ այս թիվը դեռ կաճի։ Նաև ժամանակը խնայելու համար նախարարությունն ատեստավորման կարգում փոփոխություն է կատարել։ Այսուհետ կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։

Կարդացեք նաև

Back to top button