Հասարակություն

Այս տարի 190 հոգի է դիմել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Արդեն ավարտվել է միասնական քննությունների 1-ին հիմնական փուլը և այսօրվանից մեկնարկում են ներբուհական և բանավոր քննությունները: Ընդհանուր առմամբ ԿԳ նախարարը քննությունների 1-ին փուլից գոհ է: Հիմնականում խնդիրները եղել են տեխնիկական բնույթի և քննությունից հեռացվել են մի շարք դիմորդներ, ովքեր փորձել են օգտվել ներագույն տեխնիկական սարքերից: Նման դիմորդների հետ  նախարարությունը շատ խիստ է վարվում և մերժել է քննությանը մասնակցելու ևս մեկ հնարավորություն ունենալու  ցանկացած խնդրանք: Արմեն Աշոտյանն այսօր էլ այցելել է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և մասնակցել ընդունելության քննությանը դերասանի վարպետություն առարկայից: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ այս տարի դիմել է 190 հոգի 200 տեղի համար:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու համար այս տարի դիմել է 190 հոգի: Մեծամասնությունը նախընտրել է դերասանական բաժինը: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել դերասանի վարպետություն և կինոարվեստ մասնագիտություններով: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոհար Հովհաննիսյանը դիմորդների թիվն անցյալ տարվա համեմատ պակասել է նաև այս բուհում:

Ապագա դերասանների հետ ծանոթանալու և նրանց քննությանը հետևելու նպատակով ինստիտուտ էր եկել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ավանդույթի համաձայն նախ զրուցեց և ծանոթացավ դիմորդների տրամադրությանը:

Դիտելով դերասանական վարպետության մի քանի օրինակներ` նախարարը փաստեց, որ թատերականի քննությունները միշտ էլ տարբերվել են իրենց հետաքրքրությամբ:

Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել են ներբուհական և բանավոր քննությունները:

Back to top button