Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեր տարածաշրջանի համար բացառիկ իրադարձություն՝ կմեկնարկի միջազգային մեծ ճանաչում ունեցող դիրիժոր ‹‹Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա››-ն: Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան և Primavera Foundation of Armenia հիմնադրամը՝ գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո:
Ի՞նչ է զգում, մտածում դիրիժորը մեջքով կանգնած լինելով հանդիսատեսին, արդյո՞ք զգում է այն էներգիան, որ գալիս է հանդիսատեսից։
«Դահլիճը զգում ես մշտապես, ավելի շատ ոչ թե ծափահարությունների պահին, այլ լռության, թե որքան ուշադիր են լսում»․ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը՝ միջազգային մեծ ճանաչում ունեցող դիրիժոր Վասիլի Պետրենկոն, դարձյալ Երևանում է, բայց այս անգամ ոչ միայն համերգային ծրագրով։
«Ասում եք ինչ եմ մտածում, երբ հանդիսատեսին մեջքով եմ կանգնած։ Մտածում եմ այն երաժշտության մասին, որը պետք է ներկայացվի, ինչպես կատարել հիմա, ինչպես օգնել նվագախմբին՝ հասցնելու հանդիսատեսին հնարավոր բոլոր դետալներն ու նրբությունները։ Նվագախումբ, դիրիժոր, հանդիսատես՝ կարծեք համերգի ժամանակ մեկ ամբողջություն լինեն, բայց կա չորրորդը, որն ամենակարևորն է՝ կոմոպիզտորը»։
Հուլիսի 2-6–ը Հայաստանում առաջին անգամ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան» անցկացնելու է դասընթացներ երիտասարդ դիրիժորների հետ, փոխանցելով նրանց դիրիժորական արվեստի գաղտնիքները։
«Ուրախ եմ, որ տարբեր երկրներում կան մարդիկ, որոնք ուզում են զբաղվել այս բարդ մասնագիտությամբ ու կատարելագործվել։ Դիրիժորը կատարելագործվում է ողջ կյանքի ընթացքում»,- ասաց Վասիլի Պետրենկոն։
Դասընթացների կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը սա բացառիկ իրադարձություն է համարում։
«Կարևոր է, որ այս կարգի դիրիժորները գան ու աշխատեն ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Մի անգամ չէ, որ ասել եմ՝ մենք երիտասարդ դիրիժորների խնդիր ունենք, ուստի պետք է փորձենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ Հայաստանում դիրիժորներ լինեն, նրանց շփումը Պետրենկոյի պես մեծ դիրիժորի հետ լուրջ նշանակություն կունենա տվյալ երիտասարդների ապագայի համար: Չկան դիրիժորներ, որովհետև չկա դպրոց, չկան հնարավորություններ, չկան ուսուցիչներ: Դիրիժորությունը երիտասարդների համար գրավիչ կլինի, եթե նրանք իմանան, որ սովորելու են, աշխատելու և վաստակելու են: Գիտեն՝ ինքնաարտահայտվելու դաշտ չկա, չեն ընտրում այդ մասնագիտությունը»,-ընդգծեց Թոփչյանը:
Ակադեմիայի փորձերն ու գալա համերգը տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն վիեննական դասականների, 20-րդ դարի երաժշտություն: Պետրենկոն հույս ունի, որ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հաջորդ համերգին առիթ կլինի կատարելու նաև հայ կոմպոզիտորների գործեր: Պետրենկոն հանդես կգա առանձին համերգով՝ հուլիսի 5-ին ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Սերգեյ Դոգադինը, որը կկատարի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, կհնչի նաև Վեբերի «Էվրիանտե» նախերգանքը և Դվորժակի Սիմֆոնիա թիվ 8-ը: