
9 համայնքից ու 39 բնակավայրից կազմված աղետի գոտին, ըստ կրած վնասի չափի, բաժանվել է 2 գոտու․ բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի այդ գոտիների կարիքներին համապատասխան մշակված դրույքաչափով։ Այս մասին կառավարության նիստում զեկուցել է Ներիքն գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պարզաբանելով, որ այս փուլում շահառու են վնասված անշարժ գույքի՝ բնակարանի, առանձնատան սեփականատերերը։
«Բազմաբնակարան շենքի՝ բնակարանի կամ առանձնատան կորստի դեպքում անձին կտրամադրվի փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի տեսքով՝ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով։ Կորուստ կհամարվի տուժած ֆիզիկական անձի բնակարանի կամ անհատական բնակելի տան ոչնչացումը, փլուզումը կամ քանդման ենթարկա՝ 5-րդ կամ 4-րդ կարգի վնասվածության դառնալու փաստը»։
Աղետի հետևանքով Հայաստանում այսպիսի 16 բնակարան և 2 առանձնատուն կա՝ հայտնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Բնակարանի գնման վկայագրի արժեքը կորոշվի Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկության հիման վրա։
«Ունենք մեկ շենք, որ Ալավերդիում է՝ բաղկացած 16 բնակարաններից։ Իրականում այս 16-ից միայն 6-ն են, որ գտնվել են առաջին հարկում ու ջրհեղեղից տուժել են, բայց քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության էն աստիճանի, որ պետք է քանդվի, նաև բանկարանի գնման վկայական կստանան 2-րդ և 3-րդ հարկերում բնակվողները։ Առանձնատների քանակը ճշտում ենք։ Երկու առանձնատուն է մեզ հայտնի՝ Հաղարծինում և Ձորագետում»։
Իսկ եթե բնակարանը կամ առանձնատունը դեռ ենթակա է վերանորոգման, ապա փոխհատուցում կտրվի այդ նպատակով՝ քառակուսի մետրի համար 60 000 կամ 40 000 դրամ հատկացնելով։ Սահմանվել է փոխհատուցման առավելագույն չափ՝ 80 քառակուսի մետր։ Մանրամասնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․
«Հիմա 60 000-ի գոտում Ալավերդի համայքն է՝ իր բնակավայրերով և Նոյեմբերյանի Այրում բնակավայրը, մնացած բոլորի պարագայում կկիրառենք 40 000։ Ունենք 263 վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատներ, դրանցից 33- ի սեփականության իրավունքի հետ կապված խնդիր կա։ 230-ից 98-ը՝ 60 000-ի գոտում են, 114-ը՝ 40 000-ի»։
Հաշվարկված է, որ այս գումարով հնարավոր կլինի կատարել ներքին հարդարման աշխատանքներ՝ պատերի, առաստաղի, հատակի վերանորոգում, ներկում, լամինատապատում, դռների ու պատուհանների փոխարինում, սանտեխնիկական աշխատանքներ՝ կապված ջրամատակարարման, էլեկտրամատակարարման հետ։
Փոխհատուցում նախատեսված է նաև գույքային կարիքները հոգալու համար։
«Գույքի համար առաջին գոտում հատկացնում ենք 1 միլիոն 200 000 դրամ՝ նվազագույն կարիքները հոգալու համար, և 2-րդ գոտում 800 000 դրամ՝ էլի գույքային կարիքները հոգալու համար։ Գումարի 60 տոկոսը պետք է անկանխիկ եղանակով ծախսվի, մնացած 40-ը կարող են կանխիկացնել»։
Փոխհատուցում կտրամադրվի նաև տուժած բնակարաններում բնակվող բնակիչների քանակով՝ հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
«Ունենք 854 փաստացի գրանցված և նույն սկզբունքով՝ տարբերակված ըստ աղետի վնասի չափի, աջակցություն կտրամադրենք 490 անձի՝ 60 000-ական դրամ և մյուսներին՝ 40 000-ական դրամ։ Մենք, ցավոք սրտի, ունեցել ենք զոհված 4 անձ, և այս զոհերի ընտանիքներին էլ ենք որոշել աջակցել 1 միլիոնական դրամի չափով»։
Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են և՛ թղթային, և՛ էլեկտրոնային եղանակով դիմել հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։




