ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Օսկարակիրներ, փառատոնային ֆիլմեր ու աշխարհահռչակ հյուրեր․ Երևանը պատրաստվում է մեկշաբաթյա կինոտոնին

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ֆիլմեր ամենահեղինակավոր` Կաննի, Բեռլինի ու այլ  կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

21 տարի առաջ, երբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, շատ ուսանողներ որպես կամավորներ ներգրավեցին փառատոնի կազմակերպչական աշխատանքներին։ Այսօր արդեն   այդ կամավորներից շատերը ղեկավարում են փառատոնի կարևոր նախաձեռնությունները: «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյան։

21-րդ  «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:  Իսկ  հյուրերը կքայլեն ոչ թե ավանդական կարմիր, այլ հայկական ձեռագործ գորգի վրայով։  Գորգը նկարազարդել են ժամանակակից արվեստագետները, գործել են պրոֆեսիոնալ գորգագործ վարպետները:

«Ոսկե ծիրան»-ի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյան. «Մենք կարող էինք մեզ նման բան թույլ տալ՝ հաշվի առնելով դարերից եկող գորգագործական ավանդույթները և համադրել անցյալն ու ներկան»։

Կինոփառատոնին ցուցադրելու են օսկարակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր և այլ կինոնկարներ, հյուրընկալելու են ականավոր արվեստագետների: Լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի։ Հյուրերի ցանկում է փառատոնի ակունքներում կանգնած Ատոմ Էգոյանը, որը  12 տարի չի մասնակցել փառատոնին, բայց վերադառնում է  ֆիլմով, որով էլ մեկնարկելու  է «Ոսկե ծիրան»-ը:

Կարեն Ավետիսյան. «Կինոն համախմբող ուժ ունի, իսկ 21-րդ փառատոնը լի է կարևոր շեշտադրումներով ու անակնկալներով: Փառատոնը կապ է հաստատում աշխարհի և Հայաստանի կինոյի միջև»։

Փառատոնի շրջանակում տեղի է ունենալու Շողեր Վարդանյանի «1489»-ֆիլմի երևանյան պրեմիերան։ Այս ֆիլմը փառատոնային հաղթարշավից հետո պետք է գար իր հանգրվան՝ Հայաստան՝ շեշտում է Կարեն Ավետիսյանը։

«1489» ֆիլմն Ամստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում (IDFA)  ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», արժանցել «Լավագույն վավերագրություն» մրցանակին։ Հեղինակը վավերագրել էր 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած եղբոր՝ Սողոմոնի  որոնումները։

«Պատերազմական թեման շարունակում է նույնքան կարևոր մնալ ֆիլմերում, որքան բոլորի գիտակցության մեջ է»։

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Քևին Սփեյսին։ Նա կրկնակի օսկարակիր է, արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին, «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Բայց նրա մասնակցությունը թեժ քննարկումների առիթ դարձավ, քանի որ Սփեյսիի անունն ասոցացվում է քրեական տարբեր պատմությունների հետ։ Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ դերասանին հրավիրելու որոշումն անընդունելի էին համարել և հայտարարել, որ քայլը բռնարարներին աջակցել է նշանակում։

«Լավ չեմ պատկերացնում դա քաջալերելու մեզ ուղղված մեղադրանքը, քանի որ բուն նյութը, որով Սփեյսին ներկայանալու է, բացառապես կապված է իր մասնագիտական որակների և հմտությունների հետ։ Այսինքն` տուրք է տրվում ոչ թե Սփեյսիի մարդ տեսակին, այլ մասնագիտական գործունեությանը։ Մենք մարդկային որակների դաշտ չենք մտնում, քանի որ չունենք դրա իրավունքը և համապատասխան գիտելիք, ինչպես և չունեն քննադատողները»։

Սփեյսին բաց հանդիպում կունենա արվեստասերների հետ, իսկ ուսանողների համար վարպետության դաս կանցկացնի: Նրա այցը ոչ թե հայտնի մարդու սիմվոլիկ մասնակցություն է փառատոնին, այլ կրթական բաղադրիչ ունի՝ շեշտում է Կարեն Ավետիսյանը։

Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: 

Կարդացեք նաև

Back to top button