ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հանրային պաշտպանների թիվն ավելանում է, ծանրաբեռնվածությունը՝ մեծանում․ կառավարությունը լուծումներ է փնտրում

Կառավարությունը միջոցներ է հատկացրել հանրային պաշտպանի առկա հաստիքները ևս 15-ով ավելացնելու համար։ Արդարադատության նախարարությունում հույս ունեն, որ այդպիսով կմեղմվի պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը։ Հաստիքները հիմնականում կլրացվեն քրեաիրավական ոլորտի պաշտպաններով, գրասենյակում արդեն մրցույթ են հայտարարել։ Ոլորտի պատասխանատուները, սակայն, ընդգծում են՝ միայն հաստիքներ ավելացնելով խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, պետք է նաև վերահսկողությունը խստացնել, որ իրավաբանական անվճար օգնությունից օգտվեն իսկապես դրա կարիքն ունեցողները։ 

Այսուհետև հանրությանը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի ևս 15 հանրային պաշտպան․ կառավարությունը որոշել է ավելացնել հանրային պաշտպանների հաստիքները՝ հաշվի առնելով նրանց ծանրաբեռնվածությունը։ Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանն ասում է՝ այսպիսով հանրապետությունում արդեն հանրային պաշտպանի 84 հաստիք կա։

«Վերջին 2 տարիների ընթացքում սա հանրային պաշտպանների հաստիքների թվով 2-րդ ավելացումն է։ 2022թ 10 հաստիքով ավելացրել էինք, այժմ էլ ավելացնում ենք 15 հաստիքով, այսինքն 2022թ մինչ այսօր ընդհանուր առմամբ 25 հաստիք ավելացել է»։

Հանրային պաշտպանի գրասենյակը տարեկան շուրջ 15 հազար գործ է քննում, ընդ որում այս թիվը տարեց տարի ավելանում է․ օրինակ, 2023-ին 2022-ի համեմատ գործերի թիվը ավելացել է 4.5 հազարով։ Ընթացիկ տարում արդեն իսկ շուրջ 9000 գործ է եղել հանրային պաշտպանների սեղանին։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանն ասում է՝ քննվող գործերի թիվը տարեց տարի է ավելանում և դժվար է ավելացված հաստիքները բավարար ու խնդիրը լուծված համարել։

«Նախորդ տարիների ընթացքում, մենք ամեն տարի մոտ 20 տոկոսի չափով էինք աճ ունենում գործերի, իսկ նախորդ տարին ամփոփելիս հասկացանք, որ արդեն 40 տոկոսի աճ ունենք։ Մենք հիմա փորձում ենք բաշխել այս հաստիքները, ու պիտի ասեմ, որ գրեթե բոլոր հաստիքները նախատեսում ենք հատկացնել քրեաիրավական մասնագիտացմամբ փաստաբաններին, որովհետև հենց այս ոլորտում է, որ ծանրաբեռնվածությունն ավելանում է»,-ասում է գրասենյակի ղեկավարը։

Սրա պատճառը հիմնականում Քրեական դատավարության նոր օրենսգիրքն է ու դրանում իրականացված հիմնաքարային փոփոխությունները։ Ոլորտի ներկայացուցիչները մանրամասնում են՝ եթե նախկինում մեկ հանրային պաշտպանը կարող էր ապահովել մի քանի մեղադրյալի պաշտպանություն, եթե նրանց շահերի միջև հակասություն չկար, ապա նոր օրենսգրքով՝ մեկ պաշտպանը կարող է մեկ մեղադրյալի պաշտպանել։

«Կրճատվեցին դատավարական ժամկետները, ընդլայնվեցին պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերը, ավելի վաղ փուլից, օրինակ, հենց ձերբակալման պահից արդեն վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել պաշտպանի ներկայությունը, և եթե անձը չի կարողանում սեփական միջոցներով պաշտպան ներգրավվել, պետությունը պարտավոր է նրան հանրային պաշտպան տրամադրել, իսկ նախկինում անձը հանրային պաշտպան ունենում էր մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ստանալու պահից հետո ու համապատասխան ցանկություն հայտնելուց հետո»։

Այս ամենից ելնելով՝ հանրային պաշտպանի գրասնյակում հաշվարկել ու ենթադրել են, որ ավելացված հաստիքները միայն 20 տոկոսով կմեղմեն առկա ծանրաբեռնվածությունը։ Խնդիրը միայն հաստիքների ավելացմամբ չի լուծվի, կարևոր է նաև վերահսկողությունը, որ անվճար իրավաբանական օգնությունից օգտվեն իրապես դրա կարիքն ունեցողները` մանրամասնում է Գևորգ Մկրտչյանը:

«Քաղաքացիական գործերով հանրային պաշտպանի գրասենյակը որոշակի իրավասություններ ունի հանրային պաշտպան նշանակելու կամ չնշանակելու, այսինքն՝ գրասենյակը ստուգում է՝ արդյո՞ք այդ անձը ակրող է հանդիսանալ հանրային պաշտպանի շահառու, ուստի այստեղ մենք ունենալով այդ լիազորությունները, հնարավորինս բացառում ենք հանրային պաշտպանի օգնությունից օգտվելու իրավունք չունեցողների օգտվելը, բայց հակառակ պատկերն է քրեաիրավական վարույթում, որովհետև այստեղ օրենսդրական գործիքները չեն աշխատում։ Եվ վարույթն իրականացնող մարմինները իրենց օրենսդրական պարտականությունը կատարելու համար միանգամից ձեռնամուխ են լինում հանրային պաշտպաններին»,-ասում է Գևորգ Մկրտչյանը։

Հաստիքների ավելացումը վերջին շրջանում հանրային պաշտպանի ինստիտուտում իրականացված միակ փոփոխությունը չէ՝ ընդգծում է արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը։ Անցած տարի նաև պաշտպանների սոցիալական երաշխիքներն են բարելավվել, վերանայվել են հավելյալ աշխատանքի դիմաց վարձատրության մեխանիզմները։

Կարդացեք նաև

Back to top button