
«Այս տարի ՌԴ-ից շատ ուսուցիչներ ունենք։ Շատ կուզեի իմանալ՝ ինչ դասագրքերով, ինչ ծրագրերով են պարապում։ Փորձի փոխանակման անհրաժեշտություն ունենք բոլորս»։
Սիրան Ամիրջանյանը առաջին անգամ է մասնակցում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը։ Ռուսաստանից է ժամանել։ Կրասնոդարի Ռուսական պետական կենտրոնում շատ հայ երեխաներ կան, որոնց նա դասավանդում է, բայց հարցեր կան, որոնց պատասխանը նախ ինքը պետք է ունենա, որ կարողանա ավելի ճիշտ ուսուցանել։
«Ես աշխատում եմ տարիքային այնպիսի խմբերի հետ, որ բնական է, ընթացքում դժվարություններ կլիենեն։ Փոքրերի հետ ավելի դժվար է, միջին տարիքի երեխաներն այլ պահանջներ ունեն։ Ավելի մեծ տարիքի երեխաների պահանջներն էլ շատանում են՝ կախված դասագրքերի հետ։ Շատ կուզենայի մշակույթի, պատմության հետ կապված ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալ, որովհետև բարձր դասարանի աշակերտներն այդ ամենն իմանալու կարիքն ունեն»։
ԿԳՄՍ նախարարության կազմակերպած վերապատրաստման մեկամսյա դասընթացներին մասնակցում է սփյուռքահայ 60 ուսուցիչ՝ 14 երկրից։ Դասընթացը կիրականացվի 7 ծրագրով: Ի տարբերություն Սիրան Ամիրջանյանի՝ Տաթևիկ Նաջարյանը երկրորդ անգամ է մասնակցում սփյուռքահայերի համար կազմակերպվող դասընթացներին։ Նա էլ Հալեպից է ժամանել, տեղի Մխիթարյան վարժարանի տնօրենն է։
«Առաջին անգամ մանկապարտեզի ծրագրի վերապատրաստմանն եմ մասնակցել, բավականին օգտակար էր։ Այս տարի ևս ցանկացա մասնակցել։ Կարծում եմ 21-րդ դարի բոլոր կարևոր նորությունները պետք են մեզ։ Բավականին մարտահրավերներ կան հայ աշակերտների համար, ամենամեծը հայոց լեզուն է»։
2000 թվականից կազմակերպվող վերապատրաստման դասընթացները գերատեսչության ամենահաջողված ծրագիրն է, կարծում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նույնիսկ համավարակը չի խանգարել ծրագրի բարեհաջող ընթացքին, ասում է։
«Իհարկե, համավարակի պայմաններում ծրագիրն իրականացվեց հեռավար, որը մի կողմից ուներ իր թերությունները, բայց երբ նայում ենք մասնակցության ցուցանիշներին, դա հնարավորություն էր, որպեսզի ավելի մեծ թվով ուսուցիչներ մասնակցեն։ Սա նաև թույլ է տալիս մեզ մտածել ավելի հիբրիդային ձևաչափերի կիրառության մասին»։

Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել նաև նոր ծրագրերով։ Նման ծրագրերից է այս տարի մեկնարկող հայ համայնքների կրթամշակութային դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը։ Օգոսոտսին էլ սպասվում է համահայկական կրթական համաժողովը, որն, ըստ նախարարի, կարող է լավ հարթակ դառնալ ոլորտի խնդիրները քննարկելու համար։ Այս տարի մրցույթներ կկազմակերպվեն նաև երեխաների համար։
«Տևական ժամանակ նաև օլիմպիադաների, նկարչական մրցույթների փորձառություն ենք ունեցել, և այս տարի նաև այս ծրագրերը կիրականացվեն»։
Վերապատրաստումներին զուգընթաց, նախարարը կարևոր խնդիրներից է համարում նաև Սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովելը, որն այսուհետ ավելի մեծ ծավալով է իրականացվելու։
«Համավարակից հետո սա նույնպես միասին քննարկվող հարց է։ Կարծում եմ, որ կկարողանանք այն ծավալն ու պահանջարկը, որը ներկայացվում է, բավարարել։ Որովհետև այս պահի դրությամբ արդեն պայմանավորվածություններ ունենք դասագրքերի համար անհրաժեշտ միջոցները ամբողջ ծավալով վերականգնելու»։
Կարևոր ծրագրերից նախարարն առաձնացրեց նաև հայագիտական կենտրոնների գործունեությունը։ Նա ընդգծեց, որ միջոցառումներ են իրականացվում նաև արտերկրի տարբեր համալսարաններում հայագիտական կենտրոնների գործունեության համար, իսկ Սփյուռքի հայկական կրթօջախները հայագիտական յուրահատուկ միջավայրեր ու ցանցեր են։ Ավելին՝ հայերեն խոսելու ցանկություն են հայտնում նաև օտարազգիները, ասում է նախարարը։
«Վերջին շրջանում իմ արտերկրյա տարբեր այցերում առիթ եմ ունեցել խոսելու Սփյուռքում գործող տարբեր կրթօջախների ներկայացուցիչների հետ։ Նրանք ասում են, որ բավականին մեծացել է ոչ հայերի շրջանում հայերեն խոսելու ցանկությունը»։
Նախարարը վստահ է՝ այս տարվա վերապատրաստումը նույնպես բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:
Դասընթացները բարեհաջող ավարտած ուսուցիչները նախարարության կողմից վկայագրեր կստանան:




