ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Անկախ թատրոն՝ դեռևս անհայտ տարածքում․ «Գոյ»-ի գոյությունը մշուշոտ է

Ի՞նչ կարգավիճակով կշարունակի աշխատել «Գոյ» թատրոնը: Թեև դատական գործընթացները շարունակվում են, բայց թատրոնի անձնակազմը կարծես թե ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնության է եկել՝ բեմ կբարձրանան որպես մասնավոր թատրոն: Իսկ թե որ տարածքում կգործեն, դեռ հստակ չէ։

«Գոյ» թատրոնի դռները դեռ փակ են, բայց թատրոնի անձնակազմը լիահույս է՝ լուծում կգտնվի ու իրենց ներկայացումները նորից բեմում կլինեն։

Կառավարության որոշմամբ՝ թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը․ ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Արդյունքում՝ կառավարության որոշման վիճարկում դատարանում, բողոքի տարբեր ակցիաներ, անգամ նստացույց թատրոնի դիմաց։ Նստացույցի 7-րդ  օրը ԿԳՄՍ փոխնախարար Դանիել  Դանիելյանը, արձագանքելով գոյականների բողոքի ակցիային, նրանց հրավիրեց բանակցությունների։

«Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյան․ «Այժմ բանակցություններ են ընթանում, պարզապես նախարարության ներկայացուցիչները շատ զբաղված են և հանդիպումները հաճախակի չեն լինում։ Փաթեթը, որի վրա աշխատում ենք, անկախ թատրոն դառնալու գաղափարն է, որի պահանջը եղել էր նստացույցում։ Նախարությանը, վարչապետին ուղարկել էինք նամակներ և գրավոր պատասխաններ ենք ստացել, որ համակարծիք են»։

Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ։

«Անկեղծ ասած, այս պահին որևէ բան չեմ ուզում խոսել, և որևէ բան իրականում չունեմ ասելու, ասելիք չունեմ։ Ես զբաղված եմ իմ ամենօրյա աշխատանքով՝ Սունդուկյան թատրոնի կենսագործունեությամբ»։

Դեռևս հստակ չէ, անկախ թատրոն դառնալուց հետո որ տարածքում է գոյություն ունենալու  «Գոյը»։ 

Սարգիս Արզումանյանի խոսքով իրենց պահանջը մեկն է՝ «Մեր պահանջը կոնկրետ է եղել, մենք ասել ենք այդ տարածքում պետք է լինի, այժմ պետգույքի հետ ենք փորձում հասկանալ ինչ ձևով, ինչ մեխանիզմով կարող ենք տարածքը տալ «Գոյ» անկախ թատրոնին, որն այս պահին տնօրինում է Սունդուկյան թատրոնը»։

Արզումանյանն ասում է, որ տարածքի հարցը լուծելուց հետո «Գոյի» դռները կրկին կբացվեն հանդիսատեսի առաջ։

«Որ պահին մենք հասկացանք տարածքի հարցը՝ ինչ եղանակով ու ոնց կարող է տրամադրվել, ուրեմն իմացեք արդեն գործը եղած  է»։

Իսկ մինչ կհսատկեցվի թատրոնի ճակատագիրը, դերասաներն այս պահին գործազուրկ են, քանի որ միավորումից հետո Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ որևէ դերասան պայմանագիր չի կնքել։

Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան․ «Ես մեկ տարի և ավել առաջ հայտարարել եմ ու այսօր էլ ոչ մի բան չի փոխվել, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են աշխատել, խնդրեմ կարող են գալ և աշխատել, որևէ աշխատող մարդու հետ որևէ խնդիր չկա»։

Իսկ դատական գործընթացը դեռ շարունակվում է․ գոյականները վիճարկում են  կառավարության՝  երկու թատրոնների միավորման վերաբերյալ որոշումը։

Կարդացեք նաև

Back to top button