
Ֆրանսիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է։ Քվեարկությունը կտևի տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 18:00-ը:
Նախնական հարցումները կանխատեսել են շատ բարձր մասնակցություն ընտրություններին` առաջին փուլում մինչև 67%։
Ազգային ժողովում 577 տեղի համար հիմնական պայքարը ծավալվել է կենտրոնամետ նախագահական կոալիցիայի, աջակողմյան «Ազգային միավորման» և ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատի» միջև։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա իր ընտրատարածքում գրանցված ընտրողների առնվազն 25%-ի ձայների ավելի քան 50%-ը: Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին մասնակցելու համար քաղաքական գործիչը պետք է ապահովի ընտրողների 12,5%-ի աջակցությունը։
Վերջին հարցումների համաձայն՝ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության պատգամավորները կարող են ստանալ ձայների մեծամասնությունը (ավելի քան 36%)։ Երկրորդ տեղը, ըստ հարցումների, կարող է զբաղեցնել ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան, որը հավակնում է ձայների 29%-ին։ Նորացված խորհրդարանում երրորդ խոշոր խմբակցությունում կլինեն «Միասին հանուն հանրապետության» նախագահական դաշինքի ներկայացուցիչները, որի կազմում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած Վերածնունդ կուսակցությունը (ձայների մոտ 20%-ը): Նրանց ներկայացվածությունը խորհրդարանում ներկայիս 250-ից կարող է կրճատվել մինչև 70-100 մանդատի։
Քվեարկության առաջին փուլի արդյունքները կամփոփվեն ընտրատեղամասերը փակվելուց հետո։ Ֆրանսիայի ընտրական օրենսգիրքը խիստ արգելում է մինչև քվեարկության ավարտը էքզիթ փոլերի կամ այլ կանխատեսումների հրապարակումը։ Այս արգելքը խախտելու համար նախատեսվում է մինչև 75 հազար եվրո տուգանք:
Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփմանն ընդառաջ՝ հունիսի 9-ին, նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնել էր լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նախաձեռնում։




