ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ Իրանում՝ բարեփոխիչ Փեզեշքյանի և պահպանողական Ջալիլիի մասնակցությամբ

Հարևան Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների ավարտից ժամեր անց ուրվագծվել են արդյունքները։ Թուրքախոս Մահսուդ Փեզեշքիանը առաջատար է․ հավաքել է 8 մլն 300 հազար ձայն՝ առաջ անցնելով հիմնական մրցակիցներից՝ Սայիդ Ջալիլիից և Մուհամադ Բաղեր Ղալիբաֆից։ Միջուկային հարցերով նախկին բանակցող և Գերագույն Խորհրդում Խամեյնիի ներկայացուցիչ Սայեդ Ջալիլին 7 մլն 180 հազար ձայն է ստացել։ Մյուս թեկնածուի՝ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆի օգտին շուրջ 2 մլն 670 հազար մարդ է քվեարկել։

Օրվա երկրորդ կեսին արդեն Իրանի Ընտրական կենտրոնական շտաբը հայտարարեց՝ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրողների  քվեների 50 տոկոսը: Մասուդ Փեզեշքիանը և Սաիդ Ջալիլին անցնում են երկրորդ փուլ:

Իրանի նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու չի ստացել 50%-ից ավելի ձայն։ Ինչպես կանխատեսվում էր, կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Իրանում ընտրություններն ավելի են թեժանալու՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«Այն քաղաքացիները, բարեփոխական թևի կողմնակիցները, որոնք չէին մասնակցել առաջին փուլում, մասնակցելու են 2-րդին՝ ապահովելով մեծ քանակ ընտրություններում: Փեզեշքյանի շուրջ մոբիլիզանալու են թյուրքախոս և քրդախոս քաղաքացիները: Մյուս կողմից էլ Ջալիլի շուրջը միավորվելու են Ղալիբաֆի և Փուրմուհամադի ձայերը»:

Իրանագետը չի բացառում, որ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆին աջակցող ԻՀՊԿ-ն ևս լուրջ աջակցություն ցույց տա Սաիդ Ջալիլիին: Ջալիլին հոգևոր առաջնորդի վստահելի մարդկանցից մեկն է։ Սպասենք և հետևենք՝ գրել է իրանագետը։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին։ Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու են բարեփոխիչ, թուրքախոս Մասուդ Փեզեշքիանն ու պահպանողական Սաիդ Ջալիլին:  

Իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Մկրտչյանի խոսքով՝ Փեզեշքիանի հաջողությունը պայմանավորված էր ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ կապված պոպուլիստական հայտարարություններով։ Թուրքախոս թեկնածուի հիմնական աջակցությունը և սատարումը իրանական ադրբեջանցիների մեծամասնական շրջաններից է: Իրանական ադրբեջանցիները կազմում են Իրանի երկրորդ մեծ էթնիկ խումբը՝ երկրի բնակչության շուրջ 16-18%-ը: Նրանց կենտրոնացումը հիմնականում Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում է, ինչպես նաև Թեհրանում և այլ խոշոր քաղաքներում: Փորձագետը կարծում է, որ թուրքախոս թեկնածուն կարողացավ օգտագործել իրենց էթնիկ խմբի աջակցությունը՝ ավելի մեծ մասնակցություն ապահովելու համար:

«Այսինքն, այստեղ հստակ, ակներև գոյություն ունի պանթյուրքական մոտեցում, որը մեզ համար, բնականաբար, մտածելու տեղ է տալիս»։

Իրանագետը կարծում է, որ պանթուրքական ուժերի նպատակը Իրանը ներսից պայթեցնելն է, բայց միաժամանակ համոզմունք է հայտնում, որ պանթուրքիզմը երկրում ժողովրդական արմատներ չունի։ Հիշեցնելով Փեզեշքիանի՝ նախկինում արած  պրոադրբեջանական և հակահայկական որոշ հայտարարություններ՝ իրանագետը չի կարծում, թե նրա ընտրվելու դեպքում Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոփոխության կենթարկվի։

«Չի փոխվելու քաղաքականությունը, որովհետև Իրանի արտաքին քաղաքականությունը իրականում ճշտում է հոգևոր առաջնորդը։ Իսկ հոգևոր առաջնորդը Հայաստանի և տարածաշրջանի կապակցությամբ հստակ իր տեսակետն ասել է։ Շատ հստակ և դրանից շեղում չկա»։

Փորձագետը չի բացառում, որ ընտրվելու դեպքում Փեզեշքիանը՝ որպես երկրի նախագահ, կփորձի որոշ հարցերում խոչընդոտներ ու արհեստական բարդություններ ստեղծել, սակայն ռազմավարական հարցերում այդ մոտեցումը քիչ հնարավոր է համարում։

«Որովհետև Իրանն ունի հստակորեն իր ազգային շահը տարածաշրջանում և ամբողջ այդ քաղաքականությունը ճշտվում է հոգևոր առաջնորդի միջոցով, և դրանք արդեն ճշտված ու բազմաթիվ անգամներ հայտարարված են»։

Փորձագետները նաև նկատում են, որ Իրան-Թուրքիա և Իրան-Ռուսաստան հարաբերությունները հարևանականից բացի նաև մրցակցային են, և Թեհրանի շահերը տարածաշրջանում ոչ միշտ են համընկնում Անկարայի և Մոսկվայի հետ, մանավանդ Հարավային Կովկասին վերաբերող հարցերում։ Փորձագիտական շրջանակներում կա միանշանակ համոզվածություն, որ ով էլ լինի Իրանի նախագահը, այդ երկրի մոտեցումը տարածաշրջանի և հատկապես Իրան-Հայաստան սահմանի նկատմամբ չի փոխվի, քանի որ այդ հարցը կենսական նշանակություն ունի նաև Իրանի համար։  

Կարդացեք նաև

Back to top button