ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Աննկար» պատկերասրահը Լոռվա հումոր չէ, 1 ամսից կսպասեն այցելուներին

Պատկերասրահ, որի պատերին նկար կախելու թելեր են, նկարներ չկան․ փայտե փորագրված դուռը բացելուց հետո առաջին տպավորությունը դատարկությունն է։

Հատակին, սակայն, նկարներ կան։ Դրանք նկարիչների միության անդամ, Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանի ձեռքի աշխատանքներն են։

«Ձեզ ցույց կտամ, բայց իմը չեմ կախում, էստեղ կախվում են մեր հայ մեծերի գործերը»։

Նկարիչ-քանդակագործի աշխատանքները ոչ թե «վրձնի գործ են», այլ՝  մաստեխինի՝ փոքրիկ մալայով ծեփածոյի միջոցով ստացված կտավներ։

«Ճիշտը նա է, որ հեռվից դիտեք․ ինչքան էլ հետ գնանք, կհամոզվեք, որ նկարն ավելի է մոտ կանչում»։

Հետ գնալով համոզվում  եմ, որ ասվածի մեջ տրամաբանություն կա։ Ո՞րն է գաղտնիքը՝ հետաքրքրվում եմ հեղինակից։

«Աշխատանքի տեխնիկան է։ Եվ եթե նկատում եք, տարածությունն եմ կարողանում գտնել նկարի մեջ»։

Լոռվա հումո՞ր է,թե՞ նկարներն իսկապես կլողան

Լեռների մեջ տեղավորված քաղաքում նկարչի վրձնած լեռներին նայելով մտածում եմ՝քաղաքի հեղեղվելու օրը պատկերասրահում լողացող նկարներ եղե՞լ են։

«Չէ, իմ անձնական նկարներն էին, որ արդեն պոլին էին, դրանք են վնասվել։ Դե, դա ես ոչինչ եմ համարում։ Դուռը, երբ դժվարությամբ բացվեց, մի սարսափելի տեսարան, մութ էր, բայց նկարներս խելոք կախված պատերից /ծիծաղում է/։ Արագ կողմնորոշվեցի, որ նկարները էստեղից հանեմ, փրկենք»։

Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը հիմնադրվել է 1986թ.-ին։ Մշակութային կառույցը ստեղծման օրվանից ղեկավարող Ջավախյանն ասում է՝ ջրհեղեղներ էլի են եղել, բայց որ պատկերասրահին էլ «բաժին» հասնի, առաջին անգամ էր։

-Հենց գետաբերանին է, գլխավոր՝ Թումանյան 40 հասցեի վրա։ Այ հիմա որ սենց հանգիստ եկաք ու մտաք, հնարավոր չէր, ծնկից ավել ջուր էր։

Վաղ առավոտյան պատկերասրահի ջրածածկ լինելու մասին հարազատների զանգերին ի պատասխան, զրուցակիցս կարծել է՝ Լոռվա հումոր են անում։

«Վերևի հատվածում եմ ապրում։ Ժամը երևի 8-ի կողմերն էր, մեքենայով գալիս եմ, էն հեռու միլիցայի կողմերը չթողեցին, որ առաջ գամ։ Ոտքով վազելով գալիս եմ, գետն այստեղի հետ մի հարթության վրա է, փողոց, ամեն ինչ, ջրի մեջ։ Բայց, եթե համեմատում ենք կողքի շենքերի, ճանապարհների հետ, պատկերասրահը կարելի է ասել փրկված վիճակում է հիմա»։

Դռնից ներս գետի հունը տեսնելով՝ զրուցակիցս փրկարարներին է դիմել՝ պատկերասրահի տնօրենն եմ, օգնեք նկարները տարհանենք։

«Կարելի է ասել, անծանոթ մարդիկ ավելի շատ էին, քան տեղացիները, ԱԻՆ-ի տղերքն էին և ուրիշ տղաներ կային, ինչպես հետո պարզեցի՝ մարզպետարանից։ Վազելով հասան մուտքի մոտ ու հնարավոր չէր, որ առաջ գային, մեկ առ մեկ իմ ձեռքով նկարները հանեցի, ասեցի որտեղ է չոր, էդտեղ տեղավորեցինք։

Հայաստանի բնապատկերներով 29 լավագույն աշխատանքներ

-Քանի կտոր կտավ հանցի՞ք։

-29 կտոր հանցեինք և փրկեցինք։

-Հետո ուր տարա՞ք։

-Տարա էլի, չեմ ասի՝ ուր տարա (ծիծաղում է)։

-Բա անհանգստանում եմ։

— Ճիշտն ասած Սանոսյանն էլ  (աղետի գոտու օպերատիվ շտաբի պետ,-հեղինակ), դրանից մի քանի ժամ հետո, նույն էդ հարցը տվեց՝ բա նկարները ո՞ւր են, ասի պահել եմ՝ չեմ ասի (ծիծաղում է)։ Ժողովուրդը շատ էին, ասեց՝  ավելի լավ, ապահով են, կարիք էլ չկա, որ ասես։  

Ռաֆայել Ջավախյանը նույն խորհրդավորությամբ է պատասխանում՝ պատկերասրահի հավաքածուի կազմի մասին հարցին։

«Ցանկը չթվարկեմ, միայն ասեմ՝ մեր որ մեծ հայ գեղանկարիչներն են ցուցադրվում էստեղ։ Ցուցադրվել է Սարյան, Այվազովսկի, Մինաս։ Ես երկրաշարժի ժամանակ Մինաս եմ փրկել բերել, 3 տարի ստեղ պահել։ Մինասը հիմա արդեն մեր Ազգային պատկերասրահում է։ Ռուդոլֆ Խաչատրյան, Հակոբ Հակոբյան, Ասլամազյան։ Իսկ հիմա 29 լավագույն աշխատանքներ, որ մեր Հայաստանի բնությունն են ներկայացնում»։

Պեչկն է, պղինձ են ստանում․ անցյալն արժե՞, որ վերադառնա

Բաց դռներով, բայց ժամանակավորապես չգործող կառույցի տնօրենն ընդառաջ է գնում խնդրանքիս՝ իր աշխատանքներից ցույց տալ Ալավերդու տնտեսությանը վերաբերող կտավներ։

-Ձուլարան եմ նկարել, էն ժամանակ ավելի շատ էի ոգևորված մետալուրգներով-բանով, դիպլոմային աշխատանքս սրա մի ուրշ տարբերակն էր։ Սա հենց տեղից եմ նկարել, ուրեմն դիպլոմայինի ժամանակ ինձ տվեցին համարյա 1 ամիս արձակուրդ, եկա Ալավերդի և  գնացի ձուլարան, որտեղ որ պեչկն է, պղինձն են ստանում։ 

Այ էս ֆիգուրաները որ կանգնած են, հետևի պլանի նկարած գործարանի տեսարանները, լրիվ տեղից աշխատած են։ Ստեղ սերնդափոխությունն է՝ տարիքով մեծը գնում է, երիտասարդը՝ գալիս։

-Կտավում պղնձի բոլոր երանգները նկատելի են։

-Հա պիտի լիներ, ինչ խոսք։ Աշխատանքն արել եմ 80 թվականին։

-Ալավերդու հանքագործական փառահեղ անցյալը պետք է՞ վերադառնա։

-Կուզեմ վերադառնա մաքուր տեսքով։ Եթե փնթի տեսքով էկոլոգիան պիտի գան աղտոտեն՝ չգան։ Ես ալավերդցի եմ, դեմ եմ այդ կեղտոտ աշխատանքին։ Եթե կաշխատեն մաքուր, թող աշխատեն, իհարկե աշխատատեղ պետք է, հանքարդյունաբերությունը պետք է զարգացնեն, բայց, խաբելով, կեղտոտելով՝ չէ։

Ռաֆայել Ջավախյանն ասում է՝ գետի բերած պատերի խոնավ գիծը չորացնելուց հետո կկատարեն կոսմետիկ վերանորոգում։ Կարծում է՝ 1 ամսից պատկերասրահն այցելուների համար կբացի դռները։ Ալավերդի այցելողներին հիշեցնում է՝ երկուշաբթիից զատ, բաց կլինեն բոլոր օրերին՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 5-ը։

Կարդացեք նաև

Back to top button