
Երևանը Բաքվից ստացվել է խաղաղության համաձայնագրի առաջարկների 10-րդ փաթեթը և աշխատում է դրանց ուղղությամբ՝ «Ապրի Արմենիա» 2024 համաժողովի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա չի հստակեցրել, թե վիճելի հարցերի շուրջ որքանով են մոտեցել կողմերի դիրքորոշումները, բայց վստահեցրել է, որ հայկական կողմի պատրաստակամությունը՝ առաջիկա մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել փաստաթուղթը, մնում է ուժի մեջ։ Պաշտոնական Բաքուն առայսօր այդ առաջարկին պաշտոնապես չի արձագանքել։ Ադրբեջանական կողմն անարձագանք է թողել հայկական կողմի մեկ այլ առաջարկ ևս՝ հրադադարի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ներդնելու մասին։
Հայաստանը ստացել է Ադրբեջանից խաղաղության պամաձայնագրի առաջարկների 10-րդ փաթեթը, և այժմ աշխատում է դրանց ուղղությամբ՝ լրագրողներին տեղեկացնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ Երևանը պատրաստ է մինչև տարեվերջ համաձայնագրի ստորագրմանը, եթե Բաքուն ևս պատրաստակամություն դրսևորի և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։
«Այո, մեր ուղարկած 9-րդ տարբերակին ի պատասխան ուղարկել են 10-րդ տարբերակը։ Մենք ստացել ենք այն և հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Գործընթացը դինամիկ է, երբեմն ունենում ենք առաջընթաց, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագ վերջնականացնենք։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսվա ընթացքում ստորագրել»։
Երևանից առաջարկների 9-րդ փաթեթը ստանալուց հետո, սակայն, Ալիևը կրկին շեշտել էր, որ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն անհնար կլինի։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ոչ լեգիտիմ է համարում Բաքվի այս պահանջը և մանրամասնում՝ քննարկումներ Մայր օրենքի փոփոխությունների շուրջ տեղի ունեցել են, բայց «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը դրանցով պայմանավորելը կնշանակի հետաձգել փաստաթղթի ընդունումը։
Բաքուն հերթական աղմուկը բարձրացրեց ֆրանսիական «Սեզար» թնդանոթներ ձեռք բերելու պայմանավորվածության մասին ֆրանսիակայն կողմի հայտարարություններից հետո և մեղադրեց Հայաստանին տարածաշրջանում խաղաղությունն իբր խաթարելուն միտված քայլերի մեջ՝ շրջանցելով Ադրբեջանի՝ ակտիվորեն զինվելու փաստը։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարեց, որ Բաքուն մտադիր է Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսել և այդպիսով տապալել «Խաղաղության պայմանագրի» կնքումը։
Անգամ կոնկրետ ժամկետներ նշվեցին․ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները և Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը վկայում են, որ այս տարվա նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Բաքուն մտադիր է Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկել։
«Նաև դա է պատճառը, որ մենք շարունակում ենք աշխատել խաղաղության ու կայունության ուղղությամբ, փորձել «խաղաղության պայմանագիր ունենալ»։
Վերջին շրջանում Բաքուն պարբերաբար մեղադրում է Երևանին հրադադարը խախտելու մեջ, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է այդ պնդումները և Ադրբեջանին առաջարկում համատեղ հետաքննման մեխանիզմ ներդնել։
«Մեզ անհնագստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածվում, և որպես լուծում առաջարկել ենք Ադրբեջանին հետաքննության մեխանիզմներ ստեղծել գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կամ այլ մարմինների միջև, որոնք կհետաքննեն դեպքերը։ Վստահելի տվյալներ կունենանք, միջազգային հանրությունն էլ կիմանա, թե արդյոք այդպիսի դեպքեր եղել են»։
Հայկական կողմի առաջարկը դեռ անարձագանք է։ Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն է վարում, ինչը ՌԴ-ի հետ հարաբերությունների հաշվին իրականացվող քայլ է դիտարկվում։ Այս առումով ԱԽՔ-ն հստակեցնում է՝
«Ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից ցածր մակարդակի, և դա եղել է Ռուսաստանի ընտրությունը։ Դա եղել է ՌԴ որոշումը։ Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը, մինչև այսօր էլ ամբողջությամբ չեն մատակարարել։ Եվ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից զենք է գնում, չեն շարունակում մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 կամ 2022 թվականին»։
Իսկ զենք չմատակարարելու հիմնավորումը ուկրաինական պատերազմն է։ Արմեն Գրիգորյանը կարծում է նաև, որ առանց Ռուսատանի համաձայնության 2020-ի պատերազմը չէր սկսվի։
«Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան։ Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջությամբ կախված էինք Ռուսաստանից։ ՌԴ եկել է, հայերից վերցրել է ԼՂ-ն և վերադարձրել Ադրբեջանին․ սա է եղել իրականությունը։ ՌԴ-ն վերցրել է, ես դա պնդում եմ։ Առանց Ռուսաստանի թույլտվության այս պատերազմը տեղի չէր ունենա»։
Իսկ այսօր Հայաստանն, ըստ Գրիգորյանի, դեմքով շրջվել է դեպի աշխարհ ու համագործակցում է տարբեր երկրների հետ։ Համաժողովին ներկա Ֆրանսիայի, Հունաստանի ու Հնդկաստանի պատվիարակները շեշտեցին՝ Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունն ակտիվանում է, իսկ որպեսզի ավելի արդյունավետ լինի, Հայաստանը պետք է հստակեցնի, թե ինչ է ուզում այդ երկրներից, որպեսզի նրանք ավելի պարզ պատկերացնեն իրենց անելիքը։




