Տեր Վահան. Նշում ենք Քրիստոնեության հիմնադրման տոները
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Այս նշվում է հունիսի 22-ին: Իսկ այսօր նշվում է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Այրարատյան Հայրապետական Թեմի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանը:
«Այս երկու տոները մեծ ուրախության են մեզ համար: Դրանք խորհրդանշում են Քրիստոնեության հիմնադրումը: Տոնում ենք մեր ազգի դարձը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը»,- նշեց քահանան:
Տեր Վահանը հայտնեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի առթիվ հունիսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմը ուխտագնացություն է կազմակերպում դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Ս. Պատարագ կմատուցի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Աստծո Միածին Որդին՝ ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանին` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար՝ իջավ) Միածինը:
Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Տիրամորը նվիրված՝ Սուրբ Էջմիածնի Կաթողիկե Ս.Աստվածածին Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Ս. Հարության տոնից 64 օր հետո կամ Հոգեգալստյան տոնին հաջորդող երկրորդ կիրակին: Այս տարի այն կնշվի հունիսի 22-ին: Տոնի օրը Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և Տաճարի կառուցման մասին: Հեղինակը Ամենայն Հայոց Սահակ Ձորափորեցի կաթողիկոսն է (Ը դար): Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին նախորդում է 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը, որը հայոց մեծ դարձի սկիզբը եղավ:
Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Ս. Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում նա: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական մեհյանները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին հովվապետ: