ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մոմավառությո՞ւն, թե՞ կրակապաշտություն. ով է պահպանում Սուրբ Հովհաննես մատուռը

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռը հայտնի սրբավայր է։ Ըստ ավանդության՝ այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից մեկը, որն այստեղ է բերվել 13-րդ դարում։  Սրբավայրն այս օրերին քննարկումների առանցքում է համացանցում տարածված տեսանյութերից մեկի առիթով։ Այն մեկնաբանությունների պակաս չունի, բայց առայժմ անպատասխան է գլխավոր հարցը՝ ով պետք է խնամի ու վերահսկի տարածքը։

Համացանցում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հայտնի սրբավայրը վերածվել «կրակավայրի», իսկ ուխտագնացները մոմերը փնջերով միանգամից կրակի մեջ են նետում՝ ավելի մեծացնելով հրդեհի ռիսկը, մեկնաբանությունների պակաս չունի։

Բայց առայժմ անպատասխան է հարցը, թե ինչու է սրբավայրը վերածվել մոխրանոցի, և ով պետք է խնամի ու վերահսկի տարածքը։ Մատուռն արդեն երկար տարիներ Մայր Աթոռի հսկողության տակ չէ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը։

«Երկար տարիներ մենք չենք կարողանում այդ վերահսկողության հնարավորությունն ունենալ, ի պաշտոնե, որպեսզի կարողնանք կարգավորել։ Խաչքարերի, շնորհակալական և անվանական քարերի մեծագույն հոսքը, որոնց մեջ նաև ճաշակի խնդիր կա, կառուցվածքային հարց կա, պետք է վերահսկվի նաև ամոթալի դարձած կրակավառության վիճակը»։

Իրավիճակն ամոթալի է, բայց դրանում ոչ այնքան ուխտագնացներն են մեղավոր, որքան վերահսկող մարմինն իր անտարբերությամբ՝ նկատում է «Ռադիոլուրի» զրուցակիցը.

 «Ինչ-որ մի տեղ հասկանալի է, մարդիկ այցելել են, մոմը վառել են, եղանակը տաք է եղել, փոքր տարածքում մոմը չի դիմանում բարձր ջերմաստիճանին, հալվում, վառվում է, մյուսն ուզում է մոտենալ, իր մոմը վառել, իր աղոթքն անել, առհասարակ չի կարողանում մոտենալ, քանի որ խնամք չի տարվում և չի կարգավորվում։ Ճիշտ է, քահանաներն այցելում են, մարդկանց հոգևոր խնամքն անում, բայց դրանից բացի որևէ այլ բան իրավունք չունեն անելու»։

Հուշարձանի պահպանության գործում պարտավորություններ ունեն թե՛ տեղական ինքնակառավարման մարմինը, թե՛ մարզպետարանը։ Պարտավորություններ ունի նաև նախարարությունը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում խոստովանում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագետ Սուրեն Շաքարյանը։

«Մեր ուժերով, մի քանի հոգով չենք կարող պահպանել։ Կրակը որ վառվում է, տեսնում են չեն կարողանում մոը վառել, վերցնում միանգամից գցում են մեջը՝ ավելի բորբոքելով կրակը։ Մենք պետք է նորից իրենց զգուշացնենք, որ խնդիրը ուշադրության կենտրնում պահեն, բացատրել էլ ախր չի լինում այդ մարդկանց։ Մի քիչ էլ քաղաքացուց է գալիս դա»։

2157 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռին վերագրվող լեգենդներն ու դրա հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են: Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռը սրբավայր է, որտեղ ենթադրաբար սուրբ Հովհաննեսի մասունքներից կան՝ ասում է Տեր Վահանը։

«Շատերը զավակ են ունեցել, բժշկության հրաշագործություններ են տեղի ունեցել դարեր շարունակ, մատուռն այդ առումով մեծագույն սրբավայրերից է համարվում։ Բնական է, որ ժողովրդի հոսքն էլ շատ ավելի մեծ պետք է լինի։ Ավաղ, մեր մոմավառության սիրուն ավանդությունն այսօր վերածվել է մի տեսակ անշնորհք, շատ տգեղ վայրենության։ Բայց այցելու հավատացյալն այդքան էլ մեղավոր չէ, ինքն ակամա է հայտնվում այդ իրավիճակում»։

Թեև կոնկրետ այս սրբավայրում առաջացած վիճակի պատասխանատուն ուխտագնացները չեն, բայց քահանան կարծում է, որ  հասարակությունն էլ մեղքի իր բաժինն ունի։ Առհասարակ մեզանում ուխտագնացության և հավատքի մշակույթն է աղավաղված՝ ասում է։

«Մեր բարեպաշտական սովորությունների մասին շատ լավ չգիտենք, մեծամասնությունը գրեթե ոչինչ չգիտի, չգիտի, թե մոմն ինչու են վառում, այդ ծառի վրայի լաթն ինչու են կախում, հանուն ինչի։ Այսինքն՝ սեփական հավատքը, դավանությունն ու քրիստոնեությունն են սկսել մուտքագրել եկեղեցկան կյանք։ Սուրբ Հովհաննեսի ճանապարհին էլ կհանդիպեք ծառերի, որոնք խեղդվել են այդ շորերի ու փալասների տակ և որոնք հեթանոսական բնույթ ունեն»։

Մատուռ տանող ճանապարհին մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են դարձրել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի: Մինչև ներս մտնելն էլ անթիվ, անհամար խաչքարերն են աչք ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել: Ներկայում մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա:

Սուրբ Հովհաննես մատուռը տեղական նշանակության հուշարձան է և վերահսկողական, բարեկարգման աշխատանքներն առաջին հերթին տեղական իշխանությունների պատասխանատվության տակ են։

Ինչ վերաբերում է տարածքում բիզնես գործունեություն իրականացնող անհատներին, հուշարձանների պահպանության վարչության փորձագետը հավաստիացրեց, որ այդ գործունեությունը պետք է համաձայնեցվի նախարարության հետ։ «Ռադիոլուրի» հարցին, թե արդյոք համաձայնությամբ են բիզնես ծավալում այդ անձինք, նախարարության ներկայացուցիչն արձագանքեց՝ այդ մարդիկ «պատահական» են հայտնվել տարածքում։

Back to top button