ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Մարդասիրությունը քարի, մետաղի ու կտավի վրա․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Երվանդ Քոչարի հոբելյանական տարում

Երվանդ Քոչարի հոբելյանական տարին սկսվել է փարիզյան ցուցադրությունով՝ Պիկասոյի թանգարանում, այնուհետև Երևանում՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին պատկերվել է 1930թ-ին Ֆրանսիայում ստեղծված Քոչարի «Ընդվզումը»։

Այն ունի 28 մետր բարձրություն, 15 մետր լայնություն։ Հունիսի 22-ին թանգարանի հարակից տարածքաում կմեկնարկի «Քոչար ֆեստ»-ը, որի շրջանակում կանցկացվի փազլի մրցաշար, ֆիլմերի ցուցադրություն և համերգներ՝ Վահագն Հայարպետյանի և Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ։

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչար․ «Քոչարը մի արվեստագետ է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ։ Թանգարանի և պետության գրագետ, ճիշտ ռազմավարության արդյունքում աշխարհը հնարավոր է նորից վերաբացահայտի Երվանդ Քոչար արվեստագետին և նորարարին, ով Հայաստանին և ընդհանրապես աշխարհին է թողել քարի, մետաղի և կտավի վրա ամրագրված մարդասիրության քարոզի հիասքանչ նմուշներ»։ 

Կառավարական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարությանը 167 մլն 261 հազար դրամ է տրամադրել տարաբնույթ միջոցառումներ կամակերպելու համար։ Մինչև տարեվերջ նախատեսվում Է 11 միջոցառում իրականացնել՝ ֆիլմերի դիտում, գովազդային արշավներ, կրթական ծրագրեր, ցուցահանդեսներ։ Միջոցառումներ նախատեսված են ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Մասնավորապես, Գյումրիում ուշադրության կենտրոնում կլինի տարածական նկարչությունը, իսկ Աբովյանում՝ գեղանկարչի ավանգարդիստական ու հումանիստական մոտեցումները։ Ծրագրեր են նախատեսվում նաև Ֆրանսիայի և Իտալիայի հետ համագործակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան․ «Պետք է խոստովանեմ, որ հանրահռչակման կարիք ունի ոչ միայն միջազգային հարթակներում, այլև Հայաստանում։ Այստեղ շատ անելիքներ ունենք։ Մեր մեծերի հոբելյանական միջոցառումները ռազմավարական բնույթ են ստացել, քանի որ բոլորս կենտրոնացնում ենք մեր ուժերը և համատեղ ջանքերով իրականացնում տարբեր ծարագրեր»։

Վարչապետ աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի 125 ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ինտենսիվորեն աշխատել են Քոչարի ծննդյան 125 ամյակը հավուր պատշաճի նշելու համար։ Նամականիշի մարումը նախատեսված միջոցառումներից մեկն էր․ 

«Նամականիշը հնարավորություն է՝ խոսել օտարների հետ, հասցնել այն ուղերձները, որը ցանկանում ես, և հիմա մի շատ կարևոր ուղերձ ենք այս նամականիշով հասցնում աշխարհի ամենահեռավոր ծայրեր, որովհետև նամականիշը փակցվում է ծրարի վրա և հասնում է բոլոր մայրցամաքներին։ Այս ուղերձով ասում ենք, որ ունեցել ենք այսպիսի հայրենակից և նրա արվեստը, նրա գործը հասցնում ենք աշխարհի բոլոր անկյուններ՝ հենց նամականիշի միջոցով»։

10 000 գեղաթերթիկների վրա պատկերված են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն», «Գլխաքանդակ», «Սասունցի Դավիթ» քանդակները և «Պատերազմի արհավիրքը», «Ինքնադիմանկար» կտավները։ Ձևավորման հեղինակը Դավիթ Դովլաթյանն է։ 

Այսքանով միջոցառումները չեն ավարտվում՝ հոկտեմբերին ցուցադրություն է սպասվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահում՝ անիմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ։

Back to top button