ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արհեստական բանականության հոսքում ամփոփել են առաջին ուսումնական տարին

Ամփոփվել են «Արհեստական բանականության սերունդ» առաջին դասընթացի արդյունքները դպրոցներում։ Երևանի և 7 մարզերի 15 դպոցներում 351 աշակերտ հումանիտար, ֆիզմաթ, կենսաբանական և այլ հոսքերի փոխարեն սովորեց արհետսական բանականության հոսքում։ Առաջին ուսումնական տարվա ավարտին աշակերտներն ու ուսուցիչները «Ռադիոլուրին» պատմել են՝ ինչ են սովորել ու սովորելու այս ծրագրով։

2 տարի անց այս օրերին այժմ 10-րդ դասարանցի Մանե Թամրազյանը կլինի առաջին շրջանավարտը, որը արհեստական բանականության թեքումով դասարանն է ավարտել․

«Ես 190 դպրոց եկա, որ ֆիզմաթ ենթահոսք իմ գործերը տամ։ Չգիտեի արհեստական բանականություն ծրագրի մասին, ու իմ գործերը վերցնելուց հակիրճ ներկայացրին ու հասկացա, որ քանի իմ բախտը բերել է՝ անպայման պետք է փորձել»։

Այսօր արդեն ուսումնառության առաջին տարին ավարտած, որոշել է՝ բարձրագույն կրթությունն այս ուղղությամբ կշարունակի։ Երևանի 190 ավագ դպրոցը հանրապետությունում գործող 16 դպրոցներից մեկն է, որը ներառված է եղել «Արհեստական բանականության սերունդ» ծրագրում։ Ծրագրի մասին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Բասենցյանն է մանրամասնում։

«Դեռ 2022-ին նախարարության ու Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմանդրամի՝ FAST հիմնադրամի միջև ստորագրվել էին համագործակյցության համաձայնագրեր՝ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի իրականացման վերաբերալ։ Ընտրվել են 7 մարզի ու Երևան քաղաքի 16 ավագ դպրոց, որոնցից երկուսը՝ մասնավոր։ Այս դասընթացը կստեղծի այնպիսի շրջանավարտներ, որոնք հնարավորություն կունենան Հայաստանի համար նորարական ոլորտում աշխարհում առաջատար ու կարևոր դիրք զբաղեցնել»։

Այսպես երեխաները սկսում են կրթությունը զրոյական կետից՝ դպրոցն ավարտելիս արդեն արհեստական բանականության աշխատանքի վերաբերյալ հիմնական գիտելիք ունենալու ակնկալիքով։

«Մինչև էստեղ գալը արհեստական բանականությանը ծանոթ չէի ընդհանրապես, բայց գիտեի, որ իմ կյանքում գոյություն ունի։ Մենք սովորում ենք ծրագրավորման լեզուներից մեկը, որը կոչվում է Python։ Ով եկել է այս հոսք, գրեթե 90 տոկոսը գաղափար չի ունեցել ծրագրավորման մասին։ Բայց մենք տվեցինք քննություն առաջին կիսամյակի ու երկրորդ կիսամյակի վերջում, որ հասկանանք՝ ինչքա՞ն է մեր հաջողությունը ու ինչքանո՞վ ենք յուրացրել թեման։ Հիմա կարող եմ ասել, որ ծրագրավորմանը 40 տոկոսով լավ տիրապետում եմ»,- պատմում է աշակերտներից մեկը։

Սա նոր փորձառություն է նաև ուսուցիչների համար։ Պատմում են՝ դասացուցակը համընկնում է 10-րդ դասարանի կրթական ծրագրին, միայն ավելացված են խորացված մաթեմատիկայի և ծրագրավորման լեզվի դասընթացները։ Սովորեցնում են արհեստական բանականության ապագա մասնագետներին՝ իրենք էլ նոր ծանոթանալով ոլորտին՝ պատմում են 190 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչները։

— Մինչև այժմ երևի ոչ մի անգամ ChatGPT չէինք օգտագործել, բայց հիմա սկսել ենք օգտագործել։ Ցանկացած պրոբլեմի հանդիպելիս դիմում ենք իրեն,- ասում է Մարինե Մովսիսյանը։
— Արհեստական բանականությունն այնքան լավ էր մեզ պատասխանում, որ թվում էր՝ խոսում ենք մարդու հետ։ Եթե տեսնում ենք, որ ամեն օր մեր սաներն ամեն ինչ անում են, ChatGPT-ով խնդիրներ են լուծում, տնային են գրում և այլն, չենք կարող հետ մնալ։ Պիտի էդ ամեն ինչն անենք ու տեսնենք, որ վաղը երեխային տեսնելուց հասկանանք՝ դա երեխայի ինքնուրո՞ւյն աշխատանքն է, թե՞ չաթն է գրել իր փոխարեն,- հավելում է Կարինե Աղաջանյանը։

Կարինե Աղաջանյանի խոսքով՝ դպրոցը հասկացել է, որ առանց տեխնոլոգիական ոլորտի լուրջ փոփոխությունների մասնակից դառնալու չի կարող առաջընթաց ունենալ։ Ասում է՝ քայլ առ քայլ երեխաներին սովորեցնելու են մտածել այդ ուղղությամբ, դարձնել առօրյայի մաս և վերաբերվել դրան ոչ միայն որպես սպառող, այլև ստեղծող ու զարգացնող․

«Մենք երեխաներին մշտապես ասում ենք, որ այս հոսքում սովորելը ձեզ չի պարտադրում հետո գնալ արհեստական բանականության ուղղությամբ, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ։ Բայց սա մի ուրիշ առավելություն է ստեղծում, որ ինչ բնագավառ էլ գնան, այսօր չկա մի բնագավառ, որտեղ արհեստական բանականությունը մուտք չի գործել։ Իրենք այդ բնագավառում միևնույն է լինելու են առաջատար մասնագետ»։

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Լուսինե Բասենցյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում ուսուցիչների համար ևս իրականացվում են մասնագիտական հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ։

Հաջորդ ուսումնական տարում այս նույն դպրոցներում ծրագիրը կշարունակվի՝ կընդունվեն նոր աշակերտներ։ Ծրագրում ներգրավված 16 դպրոցներից մեկը հրաժարվել է ծրագրից։ Այն պիլոտային է եղել նաև աշակերտների համար․ սկզբում ներգրավված 399 աշակերտներից ուսումնական տարին այս հոսքում ավարտին են հասցրել 351-ը։ Մասնակցիների 60 տոկոսը տղաներ են, 40-ը՝ աղջիկներ։

Back to top button