ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վանաձորում ուժգին քամին ծառեր է տապալել, գյուղերում՝ կարկուտն է ավիրել

Հունիսի 20-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորում ուժգին քամին, մարզի այլ համայնքներում նաև կարկուտը զգալի ավերածություններ են առաջացրել: Համայնքային ճանապարհներին ու բնակավայրերում ծառեր են տապալվել, վնասվել մեքենաներ, տնային տնտեսություններ ու բազմաբնակարանների տանիքներ: Վանաձորում թաղամասերից մեկը սնուցող  գազատարի վրա ընկած ծառի պատճառով այն մասնակի վնասվել է: Բարեբախտաբար զոհեր և տուժածներ չկան: Ուժգին կարկուտից գյուղական մի շարք բնակավայրերում ցանքատարածություններ են վնասվել: Վերականգնողական աշխատանքներն ու վնասների գնահատումը ընթացքի մեջ են:

Վանաձորում հունիսի 20-ի ուժգին քամուց վնասվել են բնակելի շենքերի տանիքներ, արմատախիլ եղել հսկա եղևնիներ: Անժելա Հովսեփյանն ասում է ՝աշխատանքից եկա, տեսնեմ մեր պատշգամբի վրա եղևնի է թեքվել: Հետո է պարզել, որ այն ամբողջովին արմատախիլ էր եղել.

«Եղևնին, որ արմատախիլ ա արել, վերևի մասն ամբողջությամբ իմ բալկոնում էր, տակի մասը հանեցին, հետո մեր բալկոնինը կռանով հանեցին, մաքրեցին»:

Փրկարարների օգնությամբ հաջողվել է եղևնու գագաթը հեռացնել պատշգամբից, մաքրել շենքի շրջակայքը: Մեկ այլ վանաձորցու խոսքով՝ ամեն ինչ ակնթարթորեն է եղել, չեն հասցրել ուշքի գալ, շրջված ծառեր են տեսել շուրջը.

«Դուրս եկանք տեսանք ավիրել է արդեն, զուտ մի քանի վայրկյանում»:

Ուժգին քամուց տապալվել են նաև Լոռու մարզպետարանի հարակից եղևնիներից՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը.

«Հենց մարզպետարանի դիմացի եղևնիներից մեկն էր տապալվել մեքենայի վրա: 3 մեքենա կա վնասված:Մյասնիկյան փողոցում 3 եղևնի կար տապալված, Դիմացում 1 բարդի, Վանաձորի կոմունալն ու փրկարարները արագ մաքրեցին, որ մայթերն ու ճանապարհն անցանելի լինեն: Նաև Գյուլագարակ –Ստեփանավան ճանապարհի վրա 2 ծառ էր ընկել, փրկարարներն արագ բացել են»:

Լոռու փոխմարզպետի խոսքով՝  տուժել են նաև Ախթալայի բազմաբնակարանները, պոկվել են տանիքներ, էլեկտրահաղորդման սյուներ ու լարեր: Էլցանցի աշխատակիցները շարունակում են վերականգնողական աշխատանքները:

«ԳազպրոմԱրմենիա»-ի աշխատակիցները փրկարարների հետ հեռացրել են Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում թաղամասը սնուցող գազատարի վրա ընկած ծառերը, ժամանակավոր դադարեցրել գազամատակարարումը՝ ասաց Փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության ավագ հրահանգիչ Արտակ Պողոսյանը: Շարունակվում են 9 հարկանի շենքի վնասված տանիքիվերականգնողական աշխատանքները, հեռացվում են վտանգավոր դարձած թիթեղները, որոնք պոկվել ու կախվել էին.

«Երեկ Տիգրան Մեծի պողոտայի վրայի բարձրահարկի տանիքի թիթեղյա կառուցատարրը պոկվել էր,մի կողմը բարձրացել էր, և առկա էր վտանգ, որ կարող էր ընկնել, այդ իսկ պատճառովփրկարարների կողմից իրականացվում են վերականգնողական աշխատանքներ»:

Նույն օրը մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր, Կուրթան, Ագարակ, Տաշիր, Փամբակ բնակավայրերը ևս վնասներ են կրել: Փամբակի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ հորդ անձրևի, ուժգին կարկուտի և քամու հետևանքով համայնքի մի քանի բնակավայրերում տապալվել են ծառեր, անանցանելի դարձել փողոցներ, վնասվել ցանքատարածություններ, տնային տնտեսություններ, անշարժ և շարժական գույք, հոսանքալարեր, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը։

Այժմ մարզի համայնքներում վնասի չափերն են գնահատում ու վերացնում քամու հետևանքները։ Փրկարար ծառայության տվյալներով՝ հունիսի 20-ին ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի և Տավուշի մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Վնասվել են տանիքներ, սյուներ, ջերմոցային տնտեսություններ ու տապալվել ծառեր։

Back to top button