ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը համարաժեք է փախստականի կարգավիճակին

Հունիսի 20–ը փախստականների համաշխարհային օրն է։ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց ԼՂ ամբողջ էթնիկ հայ բնակչությունը՝ արձանագրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների համար լիարժեքորեն երաշխավորվեն իրենց կարգավիճակից բխող բոլոր իրավունքները։ Բռնի տեղահանված արցախցիներին սկզբնական փուլում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվեց, որը համարաժեք է փախստականի կարգավիճակին։

2023 թ սեպտեմբերին Արցախից 100 հազարից ավելի հայ բռնի տեղահանվեց։ Նրանցից մեկը Լուսյա Մուսայելյանն է։ Նրա ընտանիքը Ստեփանակերտից սեպտեմբերի 26-ին է դուրս եկել։ Նախ՝ ժամանակավոր կացարանում են ապրել, հետո մի քանի մարզ փոխելուց հետո այժմ Վայոց Ձորում են բնակվում։

Տնից դուրս են եկել՝ թողնելով ամեն ինչ․ այժմ հարևաններն են օգնում, որ կարողանան գոյատևել․ «Տան տիրոջ իրերն են, մի քանի բան հարևաններն են տվել։ Կառավարությունից մենակ սնունդ են տվել։ Դեռ չեն եկել, որ տեղափոխվել ենք, բայց երևի կգան»։

«Կուզենանք նորից Արցախ տեղափոխվենք, մեր տունը նորից կվերականգնեք, մեր հողում մենակ լինենք»։

Այս ընտանիքի անդամները դեռ Հայաստանի քաղաքացիություն չեն ստացել, բայց քանի որ պետական աջակցության իրականացվող երկարաժամկետ բնակարանաշինական ծրագրի պարտադիր պայմանը Հայաստանի քաղաքացի լինելն է, պատրաստվում են դիմել այդ հարցով․

«Կարգը այդպես է, կընդունեմ ՀՀ քաղաքացիություն, մենակ կրիշ ունենամ, որ ապրեն երեխեքս»։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը «Ռադիոլուրին» տեղեկացնում է՝ մինչ այժմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու 2489 դիմում է ստացվել, 1793 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

Արցախից  տեղահանվածների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն իրականացվում են արտահերթ՝ ասում է Նելլի Դավթյանը․

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն շնորհվում է պարզեցված ընթացակարգով։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հարցաթերթիկ, որին կից՝ ծննդյան վկայական, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր, ամուսնության վկայական և դրա պատճեն, փաստաթուղթ, եթե դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 1000 դրամ, 35-45 մմ չափսի 6 լուսանկար։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացը տևում է 1-2 ամիս (գործընթացի ստանդարտ տևողությունը 90 աշխատանքային օր է, ստացվում է մոտ 4 ու կես ամիս)»։

Նախագահի հրամանագրով շնորհված քաղաքացիության վերաբերյալ անձը տեղեկացվում է հաղորդագրության միջոցով, որից հետո մոտենում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և ՀՀ քաղաքացու անձնագրի համար դիմում ներկայացնում։

«Բոլոր գործընթացները և ծառայություններն իրականացվում են արտահերթության սկզբունքով, չի գործում ստանդարտ այմաններում գործող օնլայն հերթագրման կարգը, քաղաքացիները սպասարկվում են կենդանի հերթի սկզբունքով»։

Բռնի տեղահանված արցախցիներին սկզբնական փուլում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվեց։ Դա համարաժեք է փախստականի կարգավիճակին։ Հայաստանի կառավարությունը տեղահանվածներին աջակցելու տարբեր ծրագրեր է իրականացնում, դրանք բաժանելով կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերի։ Կարճաժամկետ փուլում բռնի տեղահանվածները ապահովվեցին ժամանկավոր կացարանով, նրանց միանվագ 100 հազարական դրամ հատկացվեց։

Միջնաժամկետ ծրագրերը սոցիալական բաղադրիչ ունեն։ Իսկ երկարաժամկետ ծրագիրն ուղղված է բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելուն։ Ծրագրերի մեծ մասը կատարվում է պետական բյուջեի միջոցներով, բայց մի շարք ծրագրերի միջազգային կառույցներն են օժանդակում։ ԵՄ-ն Հայաստանին 18 մլն եվրո կհատկացնի՝ բռնի տեղահանվածների սոցիալական հարցերը լուծելու համար։ Գումարը կտրամադրի երկու ծրագրերով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրով՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը։

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցներն օգտվում են փախստականի կարգավիճակի բոլոր իրավունքներից։ Միջազգային իրավունքում փախստականների հետ կապված գործում է «երրորդ անվտանգ երկիր» հասկացությունը։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան․

 «Շատ հնարավոր է, որ եթե արցախցին, ով ձեռք է բերել փախստականի կարգավիճակ, ինչ-որ կերպ հայտնվում է Եվրոպայում, ենթադրենք Բելգիայից հայցում է ապաստան՝ պնդելով, որ ինքը փախստական է, ցույց տալով փախստականի անձնագիրը, ապա Բելգիայի կառավարությունը վարույթի միջոցով կարող է որոշել, որ, այո, ձեզ հավատում ենք, բայց կա երկիր, որը երրորդ անվտանգ երկիրն է, ուստի կարող եք վերադառնալ Հայաստան։ Այդ հիմքով կմերժեն ապաստանի դիմումը։ Շատ հավանական է, որ այդ լուծումը կստանա։ Շատ հավանական է, որ Եվրամիության բոլոր երկրներում այդ մոտեցումը կզարգացնեն ու կմերժեն արցախցիների հայցերը։ Դա միջազգային իրավունքի սկզբունք է։ Ես խորհուրդ չէի տա, անտեսելով ՀՀ քաղաքացիությունը, վերցնել փախստականի կարգավիճակը, մեկնել եվրոպական երկրներ ու ապաստան, պաշտանություն հայցել, քանի որ հավանականությունը մեծ է, որ այդ դիմումները կմերժեն»։

Բռնի տեղահանումից հետո արցախցիները ունեն նաև գույքային իրավունքներ։ Որքան էլ Ադրբեջանը հայտարարի, թե նրանք իրենց տները լքել են սեփական կամքով, միևնույնն է, փաստերն անհերքելի են։ Արա Ղազարյանն ընդգծում է՝ միջազգային դատարաններում արցախցիները կարող են իրենց գույքային իրավունքներին վերաբերող պահանջներ ներկայացնել։ Նախադեպային որոշում կա։

Արցախյան առաջին պատերազմից հետո Սարգսյանի գործով 454 տեղահանված գույքային իրավունքի փոխհատուցման հայցով դիմել էր ՄԻԵԴ։ Դատարանը որոշել էր, որ նրանք կամ պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, կամ պետք է փոխհատուցում ստանան։ Ադրբեջանը, սակայն, փորձում է հարցը դուրս բերել իրավական հարթությունից։

«Առավել շահագրգռված է հարցը լուծել քաղաքական բանակցությունների միջոցով, քանի որ համոզված է, որ այստեղ ավելի մեծ արդյունքի կհասնի, քան իրավական հարթությունում»։

Միջազգային իրավական ատյաններում Հայաստանի հաջողություններն ակնհայտ են։ Այլ հարց է, որ Ադրբեջանը չի կատարում դատական ատյանների որոշումները։ Այս պահին լավատեսություն չկա, որ կկատարի նոր որոշումները, բայց երկարաժամկետ հատվածում դրանք լուծումներ կստանան, կարծում է Արա Ղազարյանը։

Back to top button