ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանին զսպելու փո՞րձ, թե՞ փոփոխություն

Ադրբեջանին զսպելու փո՞րձ, թե՞ փոփոխություն Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում։ Շարունակելով այդ փաստաթղթի շուրջ քննարկումները՝ պաշտոնական Երևանը չի բացառում Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը։

Այս մտահոգությունը տեղ էր գտել նախօրեին ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։  Փորձագետները մտահոգությունը տեղին են համարում ու նկատում՝ Խաղաղության պայմանագիր կնքելու հարցում Բաքուն շահագրգիռ կողմ չէ։

Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ուղղակիորեն ասվում է, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, որի հավանականությունը բարձր է համարվում Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 միջազգային համաժողովից հետո։ Փորձագետները տարակուսած են՝ նման կտրուկ հայտարարության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում խոսույթը վերաբերում էր մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Անդրադառնալով թեմային՝ քաղաքագետ Ռուբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է։

«Կարծում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փորձում է կանխել Ադրբեջանի կողմից «Խաղաղության պայմանագիր»-ը մերժելու կամ նոր պայմաններ թերադրելու հնարավոր դրսևորումը։ Եվ Հայաստանը փորձում է դրա շուրջ միջազգային կոնսենսուս ձևավորել»։  

Քաղաքագետը նկատում է՝ հայտարարությամբ ԱԳՆ-ն հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերին, նաև հիշեցնում՝ 1 ամսվա ընթացքում Խաղաղության համաձայնագիր կնքելու Երևանի առաջարկը Բաքվի կողմից մնացել է անարձագանք։

Բաքուն այսօր անուղղակիորեն արձագանքել է Երևանին։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներից հրաժարվելն է։

Պնդել է, որ Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին Սահմանադրության տեքստում, ամրագրված են Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներ։

«Հայկական կողմի տրամաբանությունը, որը ձգտում է անտեսել այս խնդիրը, վկայում է, որ այդ երկիրը հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն չունի։ Այն փորձում է այս տարբերակը որպես պահեստային պահել, որպեսզի հետագայում կրկին ագրեսիա իրականացնի Ադրբեջանի դեմ»,-հայտարարել է Հաջիզադեն։

Նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանի վարքագիծը վկայում է նոր ագրեսիայի նախապատրաստման մասին։ Տարբեր առիթներով ԱԳՆ-ն ու արտգործնախարարը նաև հայատարարել են, որ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու, խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնելու մտադրություն ունի։ Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը»,-ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։  

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, նկատում է՝ ադրբեջանական կողմը երբևէ օպտիմիզմով լցված չի եղել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։

«Ավելին՝ պարբերաբար նոր նախապայմաններ է անընդհատ առաջ քաշել և՛ Մինսկի խմբի ֆորմատից հրաժարվելու մասին, և՛ տարածքային նոր զիջումներ պահանջելով Հայաստանից. ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի տարածքում, Աղդամի դեպքերը՝ որպես Խոջալուի ցեղասպանություն ընդունելը ու ներողություն խնդրելը։ Այդպես՝ անծայրածիր պահանջների շարան ունի ադրբեջանական կողմը, հետևաբար, այն, որ հայկական կողմը պարբերաբար հնչեցնում է, որ պատրաստ է Խաղաղության պայմանագիր կնքել, ադրբեջանական կողմը երբևէ խանդավառությամբ դրան չի արձագանքել, այսինքն, այդ խնդիրը նոր չէ»։ 

Ի դեպ, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը նոր Սահմանադրության նախագիծ մշակելու ու այն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատելու որոշում է ընդունել։ Արդեն երկու տարի գործող սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մշակում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ։ Այս որոշմամբ խոսքը ոչ թե փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին է։

Back to top button