ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բագրաստ սրբազանը չի՞ վստահում Սուրեն Պետրոսյանին․ պարզաբանման անհրաժեշտություն՝ պայքարը շարունակելուց առաջ

Հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ տեղի ունեցած դեպքերից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշել է վերանայել պայքարի ձևերն ու միջոցները։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հրավիրած ասուլիսում նշել է, որ պայքարը շարունակվելու  է ավելի մեծ թափով ու  ներքին կազմակերպչական վերադասավորումներով։

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մարման մասին իշխանության գնահատականներին հակառակ՝ շարժման մասնակիցները պնդում են, որ այն վերափոխման փուլ է մտնում և չի սահմանափակվելու միայն Երևանի կենտրոնով։ Ջրբաժան համարում են հունիսի 12–ին ԱԺ–ի մոտ իրավապահների հետ բախումները, որոնց ժամանակ կիրառված հատուկ միջոցներից տուժեց հարյուրից ավելի քաղաքացի։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ քաղական բոլոր լուծումները սեղանին են, իմպիչմենտի հարցը՝ ևս։ Քաղաքական և հասարակական գործիչների հետ քննարկումները, հանդիպումները շարունակվում են։ Շարժման ներսում, սակայն, դեռ կարևոր հարցական կա՝ Բագրատ սրբազանը հարցեր ունի շարժումն իր հետ սկսած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանին։ Խոսքը հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ տեղի ունեցած դեպքերի ընթացքում Պետրոսյանի հետ կատարվածի մասին է, որը նա ներկայացնում է որպես առևանգում։ Թեև դեպքերից հետո Գալստանյանը շփվել է Պետրոսյանի հետ, բայց դեռ հստակեցումների կարիք է զգում։  

«Սուրեն Պետրոսյանին հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Խոսել եմ նրա հետ, մանրամասն քննարկել ենք հարցերը։ Ինքը պատմել է եղելությունը։ Ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է, որովհետև այլ միջոց չունենք քննելու։ Սուրենը խնդրեց, որ մի քանի օրով արտերկիր պետք է մեկնի։ Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և որոշելու՝ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ես այդ օրը բեմից էլ հայտարարել եմ, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սուրեն Պետրոսյանն առևանգվել է։ Դա ինքը պետք է կարողանա հաստատել»։

Բագրատ սրբազանի խոսքով՝ Սուրեն Պետրոսյանին վերաբերող հարցերն առաջացել են լրագրողների, քաղաքական գործիչներից, մտահոգ և հետաքրքրվող մարդկանցից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուրեն Պետրոսյանը մեկնել է Մոսկվա։ Դեպքին հաջորդող օրերին ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարեցին՝ նման անուն–ազգանունով մարդու բերման չեն ենթարկել, իսկ ինքը՝ Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում խուսափեց մանրամասներից։

«Այս պահին շատ կարճ կասեմ ու խնդրեմ, որ դրան դուք էլ ըմբռնումով մոտենաք։ Այսպես ասեմ՝ շատ երկար զրույց է եղել, բայց մի բան կարճ հստակ ասեմ ու ես դա ուզում եմ շատ հանրային լինի, շատ պարզ բոլորի համար, որ որևէ պայմանավորվածություններ գործընթացներից դուրս տեսականորեն անգամ չի կարող լինել։ Ու այն ուղղությունը, այն արժեքները, այն սկզբունքները, որոնց մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ դրանք որևէ կերպ փոփոխման ենթակա չեն ոչ մի պարագայում, ոչ մի եղանակում, ոչ մի աշխարհագրական դիրքում, ոչ մի իրավիճակում»։

Գալստանյանը հարկ համարեց ևս մեկ անգամ հայտարարել, որ շարժումը քաղաքական հենարան չունի, նախնիների հետ կապելու բոլոր փորձերը սին են, թեև որևէ խնդիր չկա նրանց հետ համագործակցելու։ Ասում է՝ շատ ջերմ մտերմություն ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ, նաև՝ ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչների հետ, մտերմություն ունի նաև 2-րդ նախագահին մերձ շրջանակների հետ, 3-րդ նախագահին հարող բոլոր շրջանակների հետ։ Սրբազանի խոսքով՝ Հայաստանում չկա մեկը, որ նախկին չէ։

Անցած շաբաթ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ընդդիմադիր շարժումն առաջնորդում են Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մինչդեռ պատգամավոր Լևոն Քոչարյանը պնդում է, որ մասնակցել է շարժման ընդամենը մի հանրահավաքի։

«Հենց առաջին օրից այս շարժումը փորձել են կապել մեզ հետ, ինչը իրականությանը չի համապատասխանում, հորս անունն էր անընդհատ հնչեցվում, որը ճիշտ չէ, սխալ է։ Առաջին հանրահավաքին հենց մասնակցեցի՝ մայիսի 9–ին, էլի ինչ–որ նկարներ դրեցին իրենց սիրելի մեկնաբանություններով, այնպես որ չվնասելու համար շարժմանը, հենց դրա համար իմ ակտիվ ֆիզիկական ներկայությամբ չեմ մասնակցել՝ հենց այդ ամեն ինչը հաշվի առնելով»։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ ընդդիմությունն այս անգամ գոլորշի բաց թողեց։ Ընդդիմության համար քաղաքագետը մատնանշում է հիմնական խնդիրը․

«Քաղաքական արդյունք չի կարող լինել մի գործընթացում, որի հիմքում քաղաքական բովանդակություն չկա։ Սա է այս շարժման թիվ մեկ պրոբլեմը։ Պետք է այդ շարժումը ներկայացնի քաղաքական նպատակ։ Այդ մարդիկ  որպես նպատակ են ներկայացնում իշխանափոխությունը, մինչդեռ դա պետք է միջոց լիներ, որ իրենք գան և իրականացնեն նպատակը։ Եթե այդ նպատակը չի հռչակվում, այդ միջոցի գործադրման մասնակիցները շատ փոքրաթիվ են լինելու։ Մարդիկ պետք է հասկանան, թե հետո ինչ են անելու։ Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ոչինչ։ Ռիսկային է ծրագիր իրականացնելը, չեն ներկայացնում, խոցելի են դառնում։ Իսկ ինչ ենք ունենում արդյունքում այդպիսի շարժումներով․ ամեն անգամ այսպիսի մարած շարժումներից հետո, երբ գորորշի են բաց թողնում, ստացվում է, որ իշխանություններն ավելի են  ամրապնդում իրենց դիրքերը»։

Ըստ քաղաքագետի՝ սա հիասթափություն է առաջացնում հանրության մեջ։ Մինչդեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը համոզված է, որ ճիշտ ուղղությամբ են շարժվում։

«Շարժումը, պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, էլ ավելի ներքին կազմակերպչական վերադասավորումներով և շատ շուտով դուք դրան նաև ականատես կլինեք։ Ոչ ոք ոչ նահանջել, ոչ ընկճվել է, ոչ էլ որևէ ձևով պայքարից հրաժարվելու միտում ունի։ Սա ավելին է, քան իշխանափոխությունը։ Իսկ այդ պայքարի քաղաքական բաղադիչը մնում է այս իշխանության հեռացումը, հրաժարեցումը, որը միայն մեկ բաղադիչն է։ Սա արժեքների փոփոխության մասին է լայն իմաստով»։

Ի դեպ, ընդդիմադիրների գործունեությունը ոչ միայն քաղաքական, այլև իրավական ուղղությամբ է ծավալվելու։ Շարժման մասնակիցները պնդում են, որ ոստիկանական գործողությունների ժամանակ վնասվածք ստացած քաղաքացիներն ու լրագրողները դեռ տուժող չեն ճանաչվել, որևէ մեկին որևէ դատական բժիշկ չի այցելել։

Back to top button