ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուխտավորաբար Հայաստան ժամանած Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Բեյողլու շրջանի հայկական համայնքի վարչական և թաղային խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Բեյողլու շրջանի հայկական եկեղեցիների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Տամատյանի և թաղային խորհրդի ատենապետ տիար Աքսել Թոփալյանի։

Հանդիպմանը, Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացնելով ուխտավորներին, տեղեկություններ է փոխանցել Ստամբուլի Բեյողլու շրջանի հայկական համայնքի գործունեության մասին։

Իր օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին՝ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է պոլսահայ համայնքի ամուր հավատքին, ծառայանվիրումին, եկեղեցասիրությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ ունեցած անվերապահ սիրուն։ Այս առիթով Նորին Սրբությունը հորդորել է պոլսահայ ուխտավորներին նույն նախանձախնդրությամբ զորացնել իրենց հավատքն առ Աստված, սերն առ մայր Եկեղեցին և պահպանել ազգային ինքնության գիտակցությունը։

Back to top button