ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ֆրանսիան առաջարկում է, Հայաստանն ընդունում է առաջարկը. Փարիզ-Երևան գործակցությունը երրորդ երկրի դեմ չէ․ փորձագետ

Դեռ անցած տարվա վերջին Ֆրանսիայի Սենատը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին հաուբիցներ տրամադրելու գործընթացը։ Այսօր արդեն Ֆրանսիան ու Հայաստանը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրում։

Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրվեցին դեռ 2023-ի տարվա աշնանը, ինչից հետո Հայաստանը ստացավ պաշտպանական նշանակության զինատեսակների առաջին խմբաքանակը։ Այդ գործարքը դժգոհության ալիք բարձրացրեց Ադրբեջանում։

Արևմուտքը փորձում է Հայաստանն օգտագործել որպես հիբրիդային պատերազմի գործիք ՌԴ ու Հարավային Կովկասի երկրների դեմ, համոզված է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս հայտրարարությանը զուգահեռ Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրում, ինչի մասին հայտնում է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում։ Նա նշում է, որ Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։

Փորձագետները հակված չեն պայմանավորելու Փարիզի հետ պայմանագիրն ու Մոսկվայից հնչող հայտարարությունները միմյանցով, սակայն հուշում են, որ դեռ կլսենք Ռուսաստանի, Ադրբեջանի ու գուցե նաև Թուրքիայի արձագանքը ֆրանսիական հաուբիցներ գնելու վերաբերյալ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան․ «Այնուամենայնիվ, ՀՀ-Ֆրանսիա հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Ֆրանսիան հետաքրքրվածություն ունի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ուժեղացմամբ պայմանավորված, քանի որ ՌԴ ազդեցության թուլացման հետևանքով վակուում է առաջացել և շարունակում է խորանալ այդ վակուումը, և Ֆրանսիան ցանկանում է իրենով լցնել այդ վակուումը։ Հայաստանի շահերն էլ այս պահին համընկնում են Ֆրանսիայի շահերի և օրակարգի հետ, այդ պատճառով տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում՝ Ֆրանսիան առաջարկում է ավելին, Հայաստանն էլ ընդունում է այդ առաջարկը»։

Ֆանսիայում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Աշխատանքային այցի շրջանակում  նա KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքել։ Արդեն հայտարարվել է, որ Հայաստանը Ֆրանսիական CAESAR հաուբիցներ է ձեռք բերել։

CAESAR-ը 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն  առաջադեմ արկերի կիրառման դեպքում գերազանցում է 50 կիլոմետրը: Այն ակտիվ կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: Քաղաքագետ Ղևանդյանի կարծիքով, ֆրանսիական հաուբիցների ձեռքբերումը փակ դռներ կարող է բացել․

«Երկրագնդի կարևորագույն ուժային կենտրոններից մեկի՝ ԵՄ կենտրոնական պետությունն օրինակ է ծառայում, և այդ օրինակը Հայաստանը կարող է օգտագործել նախկինում փակ դռներ բացելու համար, ինչպես օրինակ՝ «Հռոմի ստատուտի» վավերացումը մեզ հնարավորություն տվեց  փակ դռներ բացել, ինչպես հետագայում Ֆրանսիայի կողմից «Բաստիոնների» վաճառքը հետագայում հնարավորություն տվեց  բավականին շատ փակ դռներ բացել, որոնց մեծ մասը հանրային մակարդակում չի բարձրաձայնվում, սակայն Հայաստանի անվտանգային համակարգի վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել։

Նույնը կլինի նաև այս դեպքում քանի որ այդ CAESAR-ները ոչ այնքան պաշտպանողական, որքան ընդհանուր օգտագործման, նաև հարձակման համար օգտագործվող զինատեսակ է, ինչն էլ նոր զարգացումների հնարավորություն կարող է տալ ՀՀ-ին։ Մասնավորապես, այլ պետությունների հետ նման զինտեխնիկայի ձեռքբերման բանակցություններ, մասնավորապես, տարածաշրջանում առաջին հերթին Ադրբեջանին զգուշացում, որ ՀՀ ժամանակակից, բարձր որակի զինտեխնիկայի է տիրապետում»։

ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը, մինչդեռ, շեշտում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանն օգտագործել որպես հիբրիդային պատերազմի գործիք՝ Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների դեմ։ Մոսկվան, սակայն, ըստ նրա, անկեղծորեն կարևորում է Երևանի հետ հարաբերությունները և փորձում է դրանք կառուցել փոխադարձ հարգանքի ու հարաբերությունների փոխշահավետ հիմքի վրա։

«ԱՄՆ-ը, ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն կոչ են անում Երևանին խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ և ձգտում են, որ Երևանը դուրս գա ընդհանուր ինտեգրացիոն միավորներից։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանին գրավում է եվրոպական հեռանկարը, ու դժվար չէ կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել տնտեսության համար։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ»։

Գալուզինը նաև համոզված է, որ Հայաստանի անվտանգության արդյունավետ ապահովման առումով ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա։ Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հովանոցի տակ անցումը անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց․ «Ի վերջո, հնարավոր է և ՌԴ-ի հետ ունենալ շատ լավ հարաբերություններ կամ կայուն հարաբերություններ և զարգացնել հարաբերությունները նաև  արևմտյան երկրների գործընկերների հետ, ինչը ես կկոչեի իրական դիվերսիֆիկացիա։ Այսինքն, մեկի հարաբերությունները մյուսի հաշվին չպետք է կառուցվի։ Ցանկացած ռազմատեխնիկական համագործակցություն ես ողջունում եմ, կլինի դա Ֆրանսիայի, Հնդկաստանի, ՌԴ հետ։ Բայց այստեղ կարևոր է ոչ միայն սպառազինություն ձեռք բերելը այլ նաև երաշխիք ստանալը, որ այս ընթացքում սպառազինություն մատակարարող երկիրը կբռնի Ադրբեջանի ձեռքը և թույլ չի տա կանխարգելիչ հարված հասցնել»։

ՀԱՊԿ-ից, իհարկե, ոչինչ չենք ստանում՝ ըստ քաղաքագետ Սուրենյանցի, սակայն կազմակերպությունից Հայաստանի դուրս գալը լուրջ սպառնալիքներ կառաջացնի երկրի համար։

Back to top button