ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թշնամուն դեմ-հանդիման ու պատասխան քայլով․ այս անգամ՝ բիզնեսը զարգացնելով

Թշնամուն դեմ-հանդիման ու պատասխան քայլով, այս անգամ՝ բիզնեսը զարգացնելով։ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը, որն այս պահին Գորիս խոշորացված համայնքի կազմում է, ադրբեջանցիների նշանառության տակ է։

Տեղացիները պատմում են, որ կյանքը փոխվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, քանի որ այժմ Արցախի տարածքում ադրբեջանցիներն են։ Թիկունքում թշնամին է, բայց ոչ միայն գյուղից հեռանալու մտադրություն չունեն, այլ ընդհակառակը՝ այստեղ ապրելով ու բիզնես զարգացնելով են փորձում իրավիճակը փոխել։

Քաշաթաղի կողմից ադրբեջանցիներով շրջապատված Վերիշեն։ Հայկ Բակունցը ծնվել, մեծացել է Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում։ Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը չէր էլ պատկերացնում, որ մի օր թողնելու է ծննդավայրն ու հայրական գյուղ է վերադառնալու։ Ավելին, չէին էլ մտածում, որ Վերիշենն էլ երեք կողմից շրջապատված է լինելու ադրբեջանական դիրքերով։ Բայց անգամ թշնամին չի խանգարել, որ Բակունցների ընտանիքը 2023-ի հունվարին քարի արտադրամաս հիմնի գյուղում։ Այժմ թշնամու դիտարկման տակ հայտնված Վերիշենում արտադրվող քարով Սյունիքի սահմանամերձ համայնքներում պետական ծրագրով տներ են կառուցվում․

«Արտադրում են քար 15/20/40չափի, նաև՝ 10/20/40 չափի։ Առայժմ այսքանն ենք արտադրում, քանի որ մեր ֆորմաները այդքանն են, հետո հիմնական պահանջարկը այդ չափսի քարերի մեջ է։ Մեկ օրում կամ 1․5 օրում արտադրում ենք 600 հատ պադոն, բայց ստանոկի արտադրողականությունը օրական 1000 հատի է։ Պադոնները, որ համալրվի, կկարողանանք օրական 1000 հատ հանգիստ արտադրել»։

Պահանջարկ կա թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։ Ավազի հանքավայրը գտել էին Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի տարածքում, մտածում էին, որ Արցախում կհիմնեն բիզնեսը, բայց այս պահին արտադրամասը Վերիշենում է գործում։ Արտադրությունը ընդլայնելու ցանկություն ու հնարավորություն ունեն։ Այս հարցում նրանց աջակցում է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը։ 2021 թ-ից մինչ օրս անցկացվել է 5 փուլ, ծրագրին մասկանցելու  հայտ է ներկայացրել 500-ից ավելի մասնակից։

Նրանցից ավելի քան 400 դիմորդ մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կազմակերպած բիզնեսի կառավարման առցանց դասընթացին, շուրջ 320-ը բիզնես ծրագիր է ներկայացրել մրցութային հանձնաժողով: Դրամաշնորհ է ստացել ընդհանուր առմամբ 120 շահառու։

Ծրագրին մասնակցելու համար կարող էին դիմել ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 3 տարում առնվազն մեկ տարի գտնվել են երկրից դուրս, նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարում առնվազն 1 տարի արտերկրում գտնվելուց հետո, միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ) Արցախի Հանրապետությունից տեղահանված ՀՀ քաղաքացիները:

Բոլոր շահառուները պետք է ներդրում կատարեն իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով, սա ծրագրի պարտադիր պայմանն է: Սակայն 2023 թ-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված անձինք ազատվել են իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում (համաֆինանսավորում) կատարելու պայմանից:

Բիզնեսի համահիմնադիր Արմենուհի Բակունցը, չնայած անվտանգային խնդիրներին, վստահ է՝ բիզնեսը զարգացնելու են․

«Տակդիրների պատճառով մենք ամսվա մեջ 10-15 օր ենք աշխատում։ Սպասում ենք, որ չորանա ու տակդիրներից քարերը պոկենք, այդ տակդիրը օգտագործենք։ Այս պահին մեր խնդիրը դա է։ Ծրագրից նաև ցեմենտի ակնկալիք ունենք, ավազը մենք կգնենք։ Երկու տեսակի ավազ ենք օգտագործում՝ կարմիր ու սպիտակ։ Իրականում ամառվա այս սեզոնը շատ լավ է, երբ որ տակդիրը ունենաք, երկու հերթով՝ գիշեր ու ցերեկ կարող ենք աշխատել»։

2022-ի սեպտեմբերից Վերիշենը երեք կողմից թշնամու թիրախում է։ Գյուղի վերևի հատվածում Սև լիճն է, մյուս կողմում՝ սարի հետևում, Խոզնավար-Խնածախի հատվածն է, մյուս հատվածը Խնձորեսկի հատվածն է, իսկ դիմացը՝ Իշխանասարն է։ Գորիսն ու հարակից գյուղերը ափի մեջ են։ «Այս պահին մենք ամբողջությամբ դիտարկման տակ ենք, գյուղի որ հատվածից վերև բարձրանանք, իրենք կան, իրենց դրոշը ծածանվում է՝ պատմում են Վերիշենում․

 «Ամբողջը ադրբեջանական պոստերի տակ ենք։ Էն ժամանակ էս խնդիրը չկար։ Սև լիճը մեզանից բարձր է։ Այնտեղ մեր սարերն են, առաջին անգամ Սև լճի մոտ մեր հովիվն է տեսել ադրբեջանցիներին ու ահազանգել գյուղապետին։ Մենք այս տարածքով ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ ենք»։

Վերիշենցիները մինչև այսօր էլ 2022-ի սեպտեմբերը լավ են հիշում, երբ առաջին անգամ լսեցին արկերի ձայները։

Տիկին Աիդան պատմում է․ «Ահավոր էր, ահավոր էր։ Աղջիկս Բայանդուրում ա, ես չեմ վախենում, աղջակս ու թոռներիս համար էի վախենում էի։ Հերանցս գյուղը՝ Տեղը, սահմանում է, մարդիկ իրենց պոստերն են գնում, գյուղում ապրում են։ Վատ ա, որ հարմարվեցինք, մեր հողերը տվեցին, ես ափսոսում եմ, որ մեր հողերը տալիս ենք»։

Բայց անգամ այս պարագայում գիտակցելով անվտանգային խնդիրները, տեսնելով ռիսկերը, այստեղ մարդիկ շարունակում են ապրել ու զարգացնել գյուղը, բիզնեսը․

«Հոգով ամուր, կառչած արմատներին, ես դրանցից մեկն եմ, ես ոչ մի տեղ չեմ գնա։ Ամբողջ ազատագրված տարածքները ման ենք եկել, ու՞մ մտքով կանցներ, որ նման բան կլինի։ Բայց հիմա  ունենք էն, ինչ ունենք։ Բայց Սյունիքը տոկուն է, ծեծված խոսքեր պիտի ասեմ, եթե Սյունիքը չլինի, կփակվի Հայաստանի էջը, իրականում դա այդպես էլ կա։ Սյունիքը այս պահին էլ ամուր է, կան մարդիկ, որ հոգով շատ ուժեղ են ու պատրաստ են իրենց ամենավերջին էներգիան ու գենը ներդնեն, որ Սյունիքը ամուր մնա։ Չեմ կարծում, որ Սյունիքի հետ ինչ որ բան կլինի»։

«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի աջակցությամբ երեք կողմից ադրբեջանցիներով շրջափակված Վերիշենում Բակունցների ընտանիքը բիզնեսը կընդլայնի, քար կարտադրեն ու սահմանամերձ բնակավայրերում տներ կկառուցեն՝ հակառակ թշնամու մտադրությունների։

Back to top button