
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Քեսաբը մարտի 21-ից հակակառավարական զինյալների վերահսկողության տակ էր: Նրանք քաղաքի վրա հարձակվել էին Թուրքիայի սահմանից: Քեսաբահայերի մեծ մասը տեղափոխվել էր Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաք, ինչպես նաև Լիբանան՝ Բեյրութ և Այնճար, բայց բոլորի հայացքն ամիսներ շարունակ ուղղված էր դեպի Քեսաբ։ Մարդիկ երազում էին՝ օր առաջ ազատագրված տեսնել հայրենիքն ու վերադառնալ այնտեղ, տեր դառնալ թեկուզ և թալանված ու ավերված տանն ու դպրոցին, Քեսաբի սրբավայրերին: Եվ վերջապես՝ հունիսի 15-ի կիրակին բացվեց բարի լուրով՝ սիրական բանակն ազատագրել է Քեսաբը: Քեսաբի ու քեսաբահայի այսօրվա օրն ու հոգսը, վաղվա օրվա հեռանկարը։
«Գիտեի, որ մի օր պիտի գամ Հայաստան, բայց չէի մտածում, որ դա տեղի կունենա այդքան արաջ, պատերազմի պատճառով»,- Ռիտա Մանջիկյանը Քեսաբից Հայաստան տեղափոխվեց մեկ տարի առաջ։ Այս ընթացքում ավարտել է Երևանի տնտեսագիտական համլասարանն ու աշխատանքի անցել Երևանի կենդանաբանական այգում: Մարտի 21-ին զանգահարել էր մայրիկին՝ շնորհավորելու մայրերի օրվա առիթով ու ստացել զինյալների կողմից հայրենի Քեսաբի գրավման լուրը: Զարմանալի զուգադիպությամբ սիրիական բանակի կողմից Քեսապի ազտագրման լուրն էլ ստացավ հունիսի 15-ին. Սիրիայում այդ օրը նշում են հայրերի տոնը: Զանգահարել էր շնորհավորելու հորը՝ Քեսաբի գորադիր մարմնի անդամ Կարո Մանջիկյանին` հեռախոսը չէր պատասխանել։
Թալանված են Քեսապի գրեթե բոլոր տները, խանութները, ավերված են կրթօջախները, եկեղեցիները: Այրված է տեղացիների շատ սիրելի Միսակյան մշակությաին կենտրոնը, ջուր չկա, բայց քեսաբցիներն ասում են՝ հոգեողջություն թող լինի, ամեն ինչ կվերկանգնենք: «Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ արդեն շատերն են վերադարձել Քեսաբ»,- ասում է Ռիտա Մանջիկյանը։
«Քեսապում հայերն ստեղծել են իրենց փոքրիկ Հայաստանը, որը Կիլիկյան հայկական թագավորության վերջին պատառն են համարում: Այդ պատճառով էլ գուցե չափազանց կառչած են այդ հողին: Մինչ պատերազմը՝ քեսաբցին եկամտի երկու հիմնական աղբյուր ուներ՝ զբոսաշրջություն և Քեսաբի հայտնի խնձորը, որից պատրաստված հյութն արտահանվում է տարբեր երկրներ: Մինչև Չինաստան ու Եվրոպական երկրներ է հասնում Քեսաբում պատրաստվող դափնետերևի օճառը: Քեսաբցի զրուցակիցս հույս ունի, որ հայաստանյան խանութներում թուրքական ու պարսկական օճառների կողքին մի օր էլ գուցե հայտնվի Քեսաբի՝ բազմաթիվ երկրներում մեծ հեղինակություն վայելող դափնետերևի օճառը և ոչ միայն…
Ռիտան որոշել է ապրել Հայաստանում: «Ես այլևս երկու Հայաստան ունեմ, ամեն օր այս երկուսի միջև քաղցր պայքարի մեջ եմ, որովհետև ընտանիքս ի վերջո Քեսաբում է մնալու»,- ասում է: Համոզված է, որ քեսաբցին իր մեջքը կշտկի, տունն ու դպրոցը կկառուցի, եկեղեցին նույնպես, հացի ու ջրի խնդիրն էլ կլուծի, բայց հոգին՝ միևնույնն է, անհանգիստ է՝ սահմանից այն կողմ թուրքն է։




