ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գիշերային տարհանում ՝ անտառի միջով․ ինչպե՞ս են Լոռվա փրկարարները հեղեղից ազատել բեռնատարի տանիքին կանգնածներին

Տաշիր և Ալավերդի համայնքներից ահազանգեր «911»-ին, հետո «տագնապ հրահանգ»։ Մայիսի 25-26-ին գետավազաններում ջրի աննախադեպ ավելացմամբ պայմանավորված Լոռու մարզային փրկարարական վարչության 7 ջոկատներն իրենց մարտական հաշվարկներով հանձն առան բնակչության պաշտպանության գործը։

Հայաստանի ամենաջրառատ գետի վարարումը մայիսի 25 լույս 26-ի գիշերն աննախադեպ էր անգամ ավագ տարիքի տեղաբնակների համար։ Գիշերային տեղատարափ անձրևից հունից դուրս էին եկել Աղստև և Տաշիր գետերը, բայց Լոռվա «գլխավոր հերոսի» ցասումն  ամենազգալին էր։ Գետի հոսքը վայրկյանում հասել էր 650 մետր խորանարդի, մյուս ոչ այնքան պասիվ օրերի՝ վայրկյանում 100 մետր խորանարդի համեմատ։

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը գիշերվա ժամանակագրությունն է հիշում։ Պատմում է՝ սկզբում «911» ահազանգով տեղեկացել է Տաշիր համայնքում առատ տեղումների մասին, մեկնել դեպքի վայր՝ մարդկանց տարահանումը կազմակերպելու։

«Մոտ 1 ժամ հետո ահազանգ ստացա, որ Ալավերդու Թումանյանի հատվածում ավելի մեծ ավերածություններ են։ Տաշիրից մեկնեցի Ալավերդի քաղաք։ Երբ տեղ հասա,  տարբեր բնակավայրերից ահազանգ էր ստացվում 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, տեղեկատվություն էին տալիս, որ տարածաշրջանում խնդիրներ են՝ որտեղ ճանապարհի, որտեղ կամրջի փլուզում»։

Ալավերդի խոշորացված համայնքի կենտրոնը Դեբեդի երկայնքով ձգվող համանուն քաղաքն է։ Տեղի հրշեջ-փրկարարական ջոկատը տեղակայված է երկաթուղային կայարանի հարևանությամբ՝ քաղաքի արվարձանային հատվածում։ Աղետի օրը Դեբետի ջրերը Ալավերդու վերջնամասում այնքան են ավելացել, որ պոկել տարել են կայարանի դիմացի կախովի կամուրջը, քաղաքի սկզբնամասում դրա «երկվորյակ» կամուրջը մնացել է տեղում։ Փլուզված հատվածով, սակայն, համայնքին առաջին օգնության են հասել տեղի մարտական հաշվարկները։

Փրկարարար ծառայության ենթասպա Պետրոսյանն է ներկայացնում։ «Քանի որ տարածքը շատ երկար է, դեպքեր շատ են եղել։ Տղաները բոլորն էլ ընդգրկված են եղել փրկարարական աշխատանքներում։  Տեղաշարժը սահմանափակվել էր, բայց լույսը բացվելուն պես կատարվել են ավելի մեծ գործողություններ»։

Գետի՝ գիշերային ժամերին ափերից դուրս գալը որոշ չափով օգնել է, որ ճանապարհներին մարդկային կորուստները եղածից ավելին չլինեն՝ կարծիք են հայտնում ալավերդցիները։ Այնուամենայնիվ, քաղաքով անցնում է Հայաստանը Վրաստանին կապող Մ6 միջպետական մայրուղին, որով գիշերային ժամերին երթևեկում են հատկապես խոշոր բեռնատարները։ Գետի հոսքից վարորդներին ազատելու դեպքերից մեկը հենց խոշոր կոնտեյներատարի հետ է կապված՝ պատմում է գնդապետ Գաբրիելյանը։

«Պարանային աշխատանքներով անտառի հատվածով հասան մինչև Ալավերդի-Հաղպատ միջպետական ճանապարհին կանգնած խոշոր բեռնատար մեքենային՝ վարորդին և իր տղային դուրս բերելու։ /Մինչև որտե՞ղ է հասել ջուրը,-հեղինակ/։ Իրենք կանգնել են այդ պահին հենց կոնտեյների՝ բեռնախցիկի վրա։ Մեր փրկարարներն ամեն կերպ փորձում էին նրանց տարհնել, չէր ստացվում, 3 կմ անտառի հատվածով մի կերպ ճանապարհ գտան, գնացին, պարանային աշխատանքներով 2-ին էլ անվնաս դուրս բերեցին»։

Վանաձոր-Ալավերդի-Օձունի խաչմերուկով անցնելիս՝ ձորի ներքևում «Սանահին կայարան» թաղամասն է։ Այն ցածր է նաև քաղաքի մյուս հատվածներից։  Քշված կամրջի պատճառով տեղանքը մեկուսացման մեջ էր, ջուրը հասել էր բազմաբնակարանների առաջին հարկեր։ Փրկարարները շենքերին ոչ ավանդական եղանակով են մոտեցել՝ ասում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետը։

«Նավակներով մարդկանց տներից տեղափոխեցինք։ Ջրի բարձրության խնդիր կար, անհնար էր մեքենաներով մոտենալ»։

Լոռու և Տավուշի մարզերում որոնողական և  վթարավերականգնողական աշխատանքները մեկնարկել են ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի հանձնարարականով ։ Աղետի առաջին շաբաթվա ընթացքում օրական մոտ 140 հրշեջ-փրկարար է մասնակցել տեղային աշխատանքներին։ Ալավերդուց բացի նրանք օրեր շարունակ օգնել են կամուրջների փլուզման հետևանքով մեկուսացած Ախթալա և Քարկոփ բնակավայրերին։

«Վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավվեցին Լոռու փրկարարական 7 ջոկատներն իրենց մարտական հաշվարկներով։ Տարբեր կողմերից պետք է մոտեցում ցույց տայինք, քանի որ կտրված ճանապարհների հետ կապված մոտենալու խնդիր ունեինք, փորձում էինք թե՛ պարանային, թե՛ տեխնիկայի միջոցով»։

Մարդկանց կյանքի անվտանգությունն ապահովելուց հետո հաջորդ պահանջը գույքային վնասը մեղմելն էր։ Երբ գետի հունն արդեն ցածրացել էր, պետք էր բնակարաններն ու նկուղները «գրաված» ջուրը դուրս բերել։ Հրշեջ փրկարարները գործի են դրել ջուր կլանող և արտամղող սարքեր՝ ներկայացնում է  տեղի  ջոկատի առաջին հերթափոխի պետը:

«Ջրահեռացումը կատարվում է հատուկ պոմպերի միջոցով։ Դրանք մեր հրշեջ մեքենաների վրա  է տեղադրված։ Եվ ունենք առանձին մոտոպոմպեր, որոնց միջոցով նույնպես տեղի է ունենում ջրահեռացում։ Հիմնականում AB-40-ներ են, որոնք 1 վայրկյանում մղում են 40 լիտր ջուր»։

Հեղեղից ահագնացած Դեբեդը ածանցյալ խնդիր էլ է  ստեղծել։ Գետն ափամերձ հատվածներ է լցրել մեծ ծավալի շինարարական աղբ, արմատախիլ եղած ծառեր, ավազի տեսքով ջրաբերուկներ։ Փրկարարների և կամավորների կողմից դրանք մաքրելուց հետո է աղետի գոտում վերականգնվել հետիոտնային և տրանսպորտային երթևեկությունը։ Մինչև «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» անկած կենդանիների դիակները հանձնելը, դրանց մեկուսացնելու գործը ծառայության ուժերով է կատարվել։

«Քանի որ մարդիկ ունեցել են անասնագոմեր, որտեղ պահել են կովեր, խոզեր, հավեր, նապաստակներ, որոշ քանակ չեն կարողացել դուրս բերել գոմից, եղել են անկած կենդանիներ։  Այդ մաքրման աշխատանքները տեղի են ունենում հատուկ հանդերձանքի միջոցով, անկած կենդանին տեղադրվում է պարկի մեջ, տեղափոխվում է հատուկ տարածք և թաղվում՝ վարակ չտարածելու համար»։

Հարևան մարզերից աջակից ուժերը ե՞րբ կարողացան հասնել աղետի գոտի՝  հարցնում եմ գնդապետ Գաբրիելյանին։

-Նույն օրը՝ ամսի 26-ին հանձնարարականը Փրկարար ծառայությանը տրված էր։ Ճանապարհների հետ կապված խնդիրներ կար, դրա համար փորձեցինք որ թևից, որ հնարավոր է, օրինակ, Տավուշի մարզից։ Ճիշտ է Տավուշում էլ խնդիրներ ունեինք առատ ջրհեղեղի պատճառով, բայց, այդ թևից մեզ օգնության եկան Նոյեմբերյանի ջոկատից։ Նաև Շիրակից օգնության հասան, Արագածոտնի և Կոտայքի մարզից հրշեջ փրկարարներ»։

-Տեխնիկայի մասին էր շատ խոսվում, որ գուցե տեխնիկան չի բավարարել։

-Ընդհանրապես, մերն այն ծառայությունն է, որ անընդհատ արդիականացման խնդիր ունենք։ Գետի հոսքը շատ առատ էր, բայց, մեր ուժերը բավարար էր։ Մենք փորձեցինք առաջին հերթին մարդկանց կյանքերը փրկել և ինձ թվում է ինչ-որ բան ստացվեց։

Վերջին 50 տարվա կտրվածքով Դեբեդի ամենաուժգին վարարումը Լոռու մարզում ցույց տվեց ջրի հետ կապված գործողությունների՝ հատկապես  գետանցների կարևորությունը։ Ավերված ենթակառուցվածքների փոխարեն դրանց միջոցով լուծվեց մարդկանց տարհանման, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ տեղափոխելու հարցը։

Back to top button