ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայ փաստաբանների՝ Բաքու այցելելու միջազգային մեխանիզմները կան․ իրավապաշտպանները Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե՝ նշելով, որ հացադուլի ընթացքում խոշտանգումներ են իրականացվել Վարդանյանի նկատմամբ։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարարն այս տարվա ապրիլի 5-ից էր հացադուլ հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն ու Բաքվում պահվող մյուս հայ գերիներին։ Ապրիլի 25-ին նա դադարեցրել էր հացադուլը։

Ադրբեջանում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին, որով  հորդորում է դատապարտել Բաքվին՝ Վարդանյանի նկատմամբ դրսևորվող խոշտանգումների  ու դաժան վերաբերմունքի համար։

Ի՞նչ է տալու այդ դատապարտումը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստաբան Նինա Կարապետյանցը կարծում է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին հարցի հանրայնացումը շատ կարևոր է, և միջազգային կառույցները դրան պետք է գնահատական տան։ Բայց, իրավապաշտպանի կարծիքով, ավելի կարևոր է, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի աշխատակիցները ճշտումներ անեն  հայ գերիների վիճակի մասին և անգամ փորձեն այցելել Ադրբեջան ու տեսակցել նրանց։

«Այսպիսի կառույցներին դիմելու համար պետք է ունենաս լուրջ հիմնավորումներ, մյուս կողմից էլ՝ խոշտանգումներով և անազատության մեջ գտնվող մարդկանց իրավուքներով զբաղվող մասնագիտացված հանձնաժողովներ, խմբեր կան, որոնք հնարավորություն ունեն նման տեղեկատվություն ստանալու դեպքում ճշտումներ, ստուգումներ իրականացնել։ Այնպես որ, տեղեկատվությունը հայտնելուց հետո իրենք ևս իրենց բաժին պատասխանատվությունը կրում են և պետք է ճշտեն, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը։ Ինքս անձնապես կասկածներ չունեմ»։

Փաստաբանը չի կասկածում, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող գերիների նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվում, որը կանխարգելելու համար Բաքվին պետք է դիմեն ՄԱԿ համապատասխան փորձագետները՝ տեղեկությունը ճշտելու նպատակով։ Այլ հարց է, թե որքանով Բաքուն թափանցիկություն կդրսևորի ու իրական տեղեկատվություն կփոխանցի։

Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների գործերով մասնագիտացած փաստաբան Հայկ Ալումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ հարցնում է՝ արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմն այցելել է պաշտպանյալին ու խոշտանգումների մասին տեղեկությունը ֆիքսել է անձամբ։

«Ես չգիտեմ՝ իրենք այցելե՞լ են, թե՞ ոչ։ Իսկ  թույլատրվե՞լ է, որ գերիներին Հայաստանից փաստաբաններ այցելեն։ Դեռ 2021 թվականից ասել եմ, որ Հայաստանից պետք է փաստաբաններ գնան այնտեղ յուրաքանչյուր գերիի տեսակցելու համար, և դրա բոլոր մեխանիզմները գոյություն ունեն։ Անհասկանալիորեն այդ պրոցեսը արգելակվեց, բայց մինչև այս պահը ես նկատել եմ, որ խոչընդոտում են մեր ներպետական իշխանությունները, և այսօր հնարավոր չէ հստակ ասել, թե այնտեղ ինչ է կատարվում, ում հետ ինչ ձևով են վարվում։ Այն հարցում, որ լավ չեն վարվում, համոզված եմ, բայց թե ինչ աստիճանի վատ է վերաբերմունքը այս կամ այն գերիի նկատմամբ, չեմ կարող ասել»։

Հայկ Ալումյանը պնդում է, որ Բաքուն չի կարող արգելել Հայաստանից փաստաբանների այցելությունը անազատության մեջ գտնվողներին, և որ դրա միջազգային մեխանիզմները կան։ Այդ արգելքը Եվրոպական կոնվենցիայի խախտում է դիտարկվում,  և ՄԻԵԴ-ը կարող է լուրջ մեխանիզմներ կիրառել։

Ադրբեջանում գտնվող հայ գերիներին տեսակցելու բացառիկ հնարավորություն ունի ԿԽՄԿ-ն։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ աշխատանքի գաղտնիությունից ելնելով՝ չի կարող հաստատել կամ հերքել տարածված տեղեկատվությունը, թեև իրենք այցելում են բոլոր գերիներին։ Նա  պարզապես նշեց, որ վերջին անգամ Ադրբեջանում պահվող հայ գերիներին այցելել են մայիս ամսին, հունիսին այց դեռ չի իրականացվել։ Այցերը պարբերական բնույթ են կրում՝ մի քանի շաբաթը մեկ։ ԿԽ-ի միջոցով մոտ հարազատները կարող են նամակներ ուղարկել, տեսաուղերձներ փոխանցել, անգամ հեռախոսազրույցներ ունենալ՝ ասում է Ամատունին։

Փաստաբան Նինա Կարապետյանցը, սակայն, կասկացում է, թե Ռուբեն Վարդանյանը կկարողանար իրեն խոշտանգելու մասին տեղեկություններ հայտնել հարազատներին։

«Այլ աղբյուր չեմ պատկերացնում որտեղից կարելի լիներ նման տեղեկություն ստանալ։ Միակ աղբյուրը հարազատների հետ խոսելու հնարավորությունն է, բայց վստահ չեմ, որ հեռախոսազրույցի ընթացքում Վարդանյանը կարողանար էդպիսի տեղեկություններ հայտնել զուտ անվտանգության տեսակետից ելնելով»։

Արցախի նախկին պետնախարարի ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացնում են դիմումով, որ 2024-ի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել քնել կամ նստել։

«Ադրբեջանը նրան դիտարկում է որպես սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի միջոցով, իսկ վերջին շրջանում էլ՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի միջոցով», — հայտարարում է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։  Ըստ նրա՝ եթե Բաքուն լուրջ վերաբերմունք է ակնկալում   միջազգային հարթակներում, ապա պետք է դադարեցնի դաժան վերաբերմունքը պաշտպանյալի նկատմամբ և անհապաղ ազատ արձակի նրան ու Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին։

Back to top button