ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոստիկաններն իրավունք ունեի՞ն կիրառելու «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակներ

Հունիսի 12-ի երեկոյան ԱԺ-ի հարակից տարածքում ցուցարարների ուղղությամբ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 83 քաղաքացի, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչներ, մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխվել է տարբեր բուժհաստատություններ։ Իրավապահները, ըստ պաշտոնական պարզաբանման, հատուկ գործողությունների անցան, երբ ցուցարարների փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և Սիրահարների այգու տարածքից մտնել խորհրդարանի բակ, որտեղ այդ պահին ընթանում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ Ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ ու պրոֆեսիանալ՝ բախումներից ժամեր անց հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա, ոստիկանությունը պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը»։

Արդյո՞ք ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որի դեպքում ոստիկանության կիրառած միջոցները իրավաչափ կլինեին հարցին իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս պահին պատասխանելը ճիշտ չի համարում։ Դեռ ստանում է տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք կշեռքի նժարը այս կամ այն կողմ են փոխում, սակայն ասում է՝ ակնհայտ է, որ ոստիկանությունը ԱԺ շենքը ցուցարարներից պաշտպանելու ամենալավ մեթոդը չի ընտրել։ 

«Այն ցուցարարները, որոնք ագրեսիվ են, բախման առաջին գծում են լինում, հետևաբար եթե իսկապես կար բախման վտանգ, շատ հեշտ, շատ արագ մեր ոստիկանները կարող էին շարքերիրց հանել ու հեռացնել այն մարդկանց, որոնց նպատակահարմար են գտնում, այնպես, ինչպես արել են բոլոր ժամանակների ցուցարարներին, ցույցերի առաջնորդներին»։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը վստահ է՝ ստեղծվել էր մի իրավիճակ, որը ենթադրում էր ոստիկանության հատուկ գործողություններ, բայց այդ գործողությունները համաչափ չէին։

«Ըստ էության՝ ոստիկանությունը, երբ կիրառեց առաջին լուսաձայնային նռնակները, առաջին մի քանի նռնակներից հետո ամբոխը հետ գնաց ու մեծ հաշվով նռնակների կարիքը չկար, առավել ևս կարիք չկար նռնակներ կիրառել վիրավորներին օգնելու համար մոտեցած անձանց նկատմամբ,  որովհետև այդպիսի դեպքեր էլ, ցավոք, եղել են»։ 

Ներպետական ու միջազգային բազմաթիվ ուղեցույցներով սահմանվում են լուսաձայնային նռնակներ կիրառելու կանոնները։ Ըստ դրանց՝ նռնակը պետք է նետել մարդուց առնվազն 2․5 մետր հեռավորության վրա, արգելվում է կիրառել այս միջոցը հոծ բազմության ուղղությամբ։ Այս կանոնները չեն պահպանվել․ նռնակներ են նետվել այն մարդկանց ուղղությամբ, որոնք փորձել են օգնել վիրավորվածներին, օգտագործվել են «Զարյա 3» տեսակի նռնակներ, որոնք բեկորային վնասվածքներ են պատճառում՝ նշում է Իոաննիսյանը։

«Իհարկե, ոստիկանությունը կարող էր այլ հատուկ միջոց ընտրել, օրինակ՝ ԱԶՍ-40 «Սվիրել» կրակոցները, որոնք օդում են պայթում և վնասվածք չեն պատճառում, դրանք օգտագործվել են 22-ի մայիս-հունիսին»։

«Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակը

Բախումներն ուղեկցվել են ցուցարարների՝ ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ, շշեր նետելով, իսկ պետության կողմից պաշտպանված են բացառապես անհնազանդության խաղաղ ակցիաները՝ ասում է Նինա Կարապետյանցը, բայց ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ոչ միայն ցուցարարներն են իրեր նետել, այլև ոստիկանները։

«Ինձ հասած տեսանյութերում նռնակները նետելուց հետո են սկսում ցուցարարները նետել քարեր, շշեր, միայն շիշ նետելու համար նռնակ օգտագործելը համաչափություն չէ, ճիշտ գործողություն չէ, եթե չկար այլ տեղեկություն, որ իրավիճակը դուրս է վերհսկողությունից։ Ազնիվ լինելու համար պիտի ասել, որ ոչ միայն ցուցարարների կողմից էին նետվում, նաև ոստիկանության կողմից էին նետվել նռնակներ, տարբեր առարկաներ․ երկու կողմն էլ մեղքի իրենց բաժինն ունեն»։ 

Իրավապաշտպանը կատարվածը զուգահեռում է Մարտի 1-ի, ՊՊԾ գնդի գրավման, նաև 2018-ին  Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հրամանով հատուկ միջոցների կիրառման հետ։ Վերջինը, ի դեպ, ոչ թե զուգահեռ, այլ նույնական իրավիճակ է․ 2018-ին կիրառվել են նույն տեսակի նռնակներ։

«Ինչո՞ւ արդարացվեց, չպատժվեց, որտովհետև այսօր եթե ունենային դատական ակտ, որևէ այլ գեներալ ապօրինի հրաման չէր տա, դրան զուգահեռ կարելի է հիշել Մարտի 1-ի դեպքը․ նույն տրամաբանությամբ գործող իշխանությունները համոզված էին, որ այն, ինչ տեղի է ունեցել, անհրաժեշտ էր ու միակ որոշումը դա էր։ Այսօր նույն տեքստերը հնչում են»։ 

Իոաննիսյանը նախ փաստում է, 2018-ին Երանոսյանի հրամանով նույն տեսակի 8 նռնակ է պայթել, երեկ երեկոյան՝ 25, իսկ վերջին օրերի իրադարձությունները համեմատելի չեն մարտի 1-ի կամ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի հետ։

«Ընդհանուր առմամբ՝ ունենք իրավիճակ քաղաքացիների կողմից ագրեսիայի, նախահարձակ լինելու, այսինքն՝  որևէ համեմատություն ՊՊԾ-ի դեպքերի հետ, 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի հետ տեղին չէ, որովհետև այն դեպքերում քաղաքացիների վրա են հարձակվել ոստիկանները, իսկ այս դեպքում քաղաքացիներն են նախահարձակ եղել ոստիկանների վրա»։ 

Բախումների հետևանքով տուժել է 19 ոստիկան և 83 քաղաքացի։ ԱՆ-ն հայտնում է՝ բոլորն ունեն թեթև կամ միջին ծանրության վնասվածքներ։ 85-ն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Կարդացեք նաև

Back to top button