
Երբ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք և ՀԱՊԿ-ը ոչ միայն չպաշտպանեց կազմակերպության անդամ Հայաստանին այլև չդատապարտեց Բաքվին, հարցեր առաջացան Երևանում, թե որքանո՞վ է արդյունավետ այդ կազմակերևպության անդամ լինելը։ Այսօր արդեն ՀՀ վարչապետը հայտարարում է ՀԱՊԿ-ը լքելու հաջորդ քայլի մասին։ Նա նաև քննադատում է ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահին Ադրբեջանին սատարելու համար։
ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության շուրջ հայտարարությունները շիկանում են ժամ առ ժամ, արձագանքները նույնպես արագ են տարածվում։
ՀՀ վարչապետն ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք 2021-2026 թվականի կառավարության ծրագրում չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ։ Մենք ասել ենք, որ հարցեր ունենք, որոնց հետևից գնալու ենք։ Ե՞րբ դա տեղի կունենա, կորոշենք՝ հնարավոր է մեկ ամիս, հնարավոր է մեկ տարի, հնարավոր է երեք տարի հետո։ Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ»:
Մինչ այդ, նախօրեին, ԱԺ-ում վարչապետը դարձյալ նման հայտարարություն էր արել, նշելով, որ հաջորդ քայլը հենց կազմակերպությունից դուրս գալն է լինելու։ Այդ հայտարարությունից հետո արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց, ասելով, որ Փաշինյանը չի ասել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, այլ ասել է՝ իշխանություններն իրենք կորոշեն՝ երբ դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Սրան էլ հաջորդեց Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հայտարարությունը, թե պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման վերաբերյալ։
«Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի մենք, որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենն օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի, ինչը շատ աղետալի է Հայաստանի համար՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»։
Կարասինի այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ կրկնեց իր խոսքը, բայց նաև Բելառուս այցերին ու այդ երկրի նախագահ Լուկաշենկոյի վարքագծին անդրադարձավ․
«Արձանագրում եմ, որ Բելառուս ես այլևս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, և ընդհանրապես, հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել՝ տեսականորեն չի կարելի բացառել, որ եթե Բելառուսը ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»։
Չուշացավ Մինսկից արձագանքը։
Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկի․ «Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»։
Այսքանով քայլերը չեն ավարտվում։ Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Հայտարարություններն անընդհատ թարմացվում են, ավելի ուշ ՀՀ վարչապետի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ձևակերպմանն արձագանքեց Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ռուսական կողմն ակնկալում է, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների հունով, հույս է հայտնել Պեսկովը և պարզաբանել, որ Ռուսաստանը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնի Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում։




