
Խորհրդարանն այսօր դատավորների թեկնածուների է լսել, որոնցից մեկը պետք է համալրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր պաշտոնը։ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Պատգամավորներն արդեն լսել են բոլոր թեկնածուներին, և մինչ ընտրություն կկատարեն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է՝ ցանկացած քաղաքացի, որի իրավունքները խախտվել են, դատարանում արդար և անկողմնակալ պաշտպանվելու հնարավորություն ունի։
Դատական իշխանությունն ու դատավորները խիստ և օրինական գնահատական կտան այն բոլոր գործողություններին, որոնց առնչվող գործերը կհասնեն դատարան՝ անդրառառնալով նախօրեին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններին և ոստիկանական գործողություններին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Եթե նույնիսկ լինեն մեկ-երկու դատական վճիռներ, որոնք չգոհացնեն, վստահ եմ՝ բողոքարկվելու դեպքում դրանք նույնպես կլինեն օրինական, և բոլոր այն քաղաքացիները, անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշման են, ինչ պաշտոն են զբաղեցնում, կամ ինչ գործողություն են արել, ովքեր խախտել են օրենքը, վստահաբար, դատական իշխանության կողմից կստանան արդարացի վճիռներ և արդարացի պատասխանատվություն»։
Դատական իշխանության նկատմամբ այս վստահությունը ԲԴԽ նախագահը բացատրում է համակարգում ընթացող պրոոցեսներով։ Ըստ Անդրեասյանի՝ դատական իշխանությունն արդեն առողջանում է, ուստի ցանկացած քաղաքացի, որի իրավունքները խախտվել են, դատարանում արդար և անկողմնակալ պաշտպանվելու հնարավորություն ունի:
«Չուներ երեկ, չուներ երեկ չէ առաջին օրը, կունենա այսօր ու վաղը: Հուսամ, որ մարդիկ երեկն ու առաջին օրը բառացի չեն հասկանա: Վստահաբար կարող եմ ասել, որ դատական իշխանությունը օր օրի առողջանում է, և մենք ունենում ենք տարբեր վճիռներ՝ քաղաքական տարբեր քիմքերի համար հաճելի և տհաճ։ Եվ այդ վճիռներն են ապացուցում, որ դատական իշխանությունն առողջանում է։ Իշխանական, թե ոչ իշխանական։ Մենք հաճախ լսում ենք զրուցներ, որ իբրև ինչ-որ մեկի իրավունքը լիարժեք չի բավարարում դատարանը։ Այսօր եռաստիճան դատական համակարգում հաղթում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, պարտվում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները»։
Անդրեասյանի գնահատմամբ՝ 30 տարվա բարեփոխումները սկսել են պտուղներ տալ, և այսօր կարևոր խնդիրներից մեկը բոլոր հայտնի գործերով արդարադատությունը վերականգնելն է։
Ինչ վերաբերում է կոռուպցիոն դրսևորումներին, ապա ԲԴԽ նախագահի կարծիքով՝ այն դեռևս չի վերացել դատական համակարգում։ Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքներ գրանցելու համար պետք է բոլոր օղակների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, օպերատիվ ու իրավապահ բոլոր մարմինների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ազդարարողների լավ աշխատանքը։
«Որևէ մեկս այս երկրում միայնակ չենք կարող վերացնել կոռուպցիան։ Ես ինքս կոռուպցիան ատում եմ, կոռուպցիան ինձ համար ամենազզվելի երևույթն է, բայց ես չեմ կարող ասել, որ ես վերացրել եմ կոռուպցիան դատական համակարգում։ Բոլորս միասին ենք պայքարում կոռուպցիայի դեմ։ Այլ հարց է, որ ես վստահ եմ եղել որպես նախարար, հիմա էլ վստահ եմ, որ Հայաստանի երեք իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական, ունեն զրո հանդուրժողականություն համակարգային կոռուպցիայի և ընդհանրապես կոռուպցիոն երևույթների դեմ»։
ԲԴԽ նախագահն այսօր խորհրդարանում էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուին ներկայացնելու համար։ Խորհուրդը թափուր պաշտոնի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից մեկին Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում:




