
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Արմավիրի մարզի բանջարեղենի ցանքատարածքներում տեղադրվում են Ֆերոմոնային թակարդներ մորմազգիների վնասատու ցեցերի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը ստուգելու համար: Թակարդը կենսաբանական պայքարի ձևերից մեկն է, որն արու ցեցերի որսով պայմանավորված կանխում է բազմացումը: Արմավիրի մարզում արդեն տեղադրվել է 1200 այդպիսի թակարդ:
Արմավիրի մարզում կարտոֆիլի ցեցն իր կայուն տեղն է զբաղեցրել բանջարեղենի ցանքատարածքներում, իսկ արագ բազմացման շնորհիվ այն սկսել է վնասել լոլիկի, պղպեղի և սմբուկի մշակաբույսերին: Ավելին` Էջմիածնի գյուղերից վնասատուի վարակը հասել է Արմավիրի և Բաղրամյանի տարածքների մշակովի հողեր: Կարտոֆիլի ցեցը ըստ շրջանառվող լուրերի դեռ երեք տարի առաջ ներկրվել է կարտոֆիլի սերմացուի հետ և տարածվել կարտոֆիլի ցանքատարածքներում: Նախորդ տարում այն սկսեց վնասել լոլիկին, իսկ այս տարի նաև պղպեղին ու սմբուկին: Գյուղաջակցության Արմավիրի մարզային կենտրոնի տնօրեն Լյովա Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ցեցերի դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, սակայն պետք է այն ճիշտ ժամանակահատվածում իրականացնել :
Գյուղաջակցության մարզային տնօրենի հավաստմամբ մեկ տասնյակից ավելի միջատասպան թունաքիմիկատների կիրառման տարբերակները բազմացվել և ուղարկվել են համայնքապետարաններ: Ցեցերն այս տարի ավելի շատ են նկատվել այս ամսին, իսկ նախորդ տարի` հուլիսին: Ցեցերը բազմացման նպաստավոր պայմանները մինուս 4 աստիճան ցելսիուսից մինչև 36 աստիճան ցելսիուսն է, իսկ ավելի բարձր կամ ավելի ցածր ջերմաստիճանու դրանք ոչնչանում են:
Բուժման արդյունավետությունը նկատելու համար գյուղնախարարությունը ցեցով վարակված հողատարածություններում տեղադրում է ֆերոմոնային թակարդներ: Այն հնարավորություն է տալիս նաև որսալ արու ցեցերին` կանխելով բազմացումը: Սովորաբար մեկ էգը ձվադրում է մինչև 200 ձու և տալիս է շուրջ 13 սերունդ: Ֆերոմոնային 1 թակարդը նախատեսված է 3հա լոլիկի, պղպեղի և սմբուկի մշակաբույսերի տարածքների համար, և 5 հա կարտոֆիլի: Արմավիրի մարզում արդեն տեղադրվել 1400 թակարդ, որից 200-ը` կարտոֆիլի դաշտերում: Թակարդներում 2 շաբաթ ընդմիջումով փոխվում է սոսնձաթուղթը, իսկ մեկ ամիս անց` ֆերոմոնը: Տեղադրված թակարդները միայն վերահսկում են բուժման արդյունավետությունը և պայքարի հիմնական միջոցներ չեն: Գյուղացիական տնտեսություններին մնում է սեփական միջոցներով կազմակերպել պայքարի միջոցառումներ:v




