ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պայթած լցակայնում տեսչականը բազմաթիվ խախտումներ էր արձանագրել

Երևան-Սևան մայրուղու պայթած բենզալցակայանում բազմաթիվ խախտումներ են եղել: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ բենզալցակայանը կապարակնքվել է, գործել է միայն գազալցակայանը։

Տեսչական մարմինը այս լցակայանում վերջին անգամ փետրվարին է ստուգումներ իրականացրել, խախտումներ արձանագրել ու տուգանել։ Հարկադիր կատարողի կողմից այս տարվա փետրվարին բենզալցակայանը կապարակնքվել է, իսկ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանում։ Թե ինչպես է ստացվել, որ ստուգված լցակայանում պայթյուն է որոտացել, պատճառները կպարզվեն արդեն քրեական գործի շրջանակներում։

Երևան-Սևան մայրուղում գտնվող գազալցակայանում դեռ թարմ են օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետքերը։ Մինչ իրավապահները կպարզեն, թե ով է պատասխանատվություն կրելու տեղի ունեցածի համար, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հայտնում է, որ տվյալ գազաբենզալցակայանում նախկինում բազմաթիվ խախտումներ են արձանագրել։

«Երբ 2023 թվականին հետզոտություն իրականացվեց նշված բենզագազալցակայանում, հայտնաբերվեց հրդեհային անվտանգության կանոնների թվով 7 խախտում»։

Քանի որ թե՛ բենզալցակայանները, թե՛ գազալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, և օրենքի համաձայն ամեն տարի պետք է տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն և շահագործվեն բացառապես դրական եզրակացության դեպքում, տեսչական մարմինը տնտեսվարողից պահանջել է ներկայացնել դրական փորձագիտական եզարակացությունները, որոնք, սակայն, չեն ներկայացվել։ Արդյունքում՝ կասեցվել էր թե՛ բենզալցակայանի, թե՛ գազալցակայանի գործունեությունը։

«Կիրառվեցին վարչական պատասխանատվության միջոցներ 22 մլն դրամի չափով։ Այնուհետև 2023-ի ապրիլին տնտեսվարողի կողմից ներկայացվեց փորձագիտական դրական եզրակացություն բացառապես գազալցակայանի մասով, որի հիմքով գազալցակայանը շարունակեց շահագործվել, բայց բենզալցակայանի մասով փորձագիտական դրական եզրակացություն տեսչական մարմնում չի ներկայացվել»։

Նշված հասցեում հերթական հետազոտությունը անցյալ տարվա հոկտեմբերին է կատարվել, և պարզվել է, որ տնտեսվարողը գազալցակայանում հայտնաբերված 7 խախտումներից 5-ն է վերացրել։ 2-ի մասով տեսչականը նոր կարգադրագիր է տրամադրել, սահմանել է մեկ ամիս ժամկետ։ Վերահսկողական նոր գործողությունների արդյունքում պարզվել է, որ արձանագրված խախտումներից ևս մեկը վերացվել է, սակայն շարունակում է շահագործվել առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության, ուստի որոշում է կայացվել դադարեցնել բենզալցակայանի գործունեությունը և Հարկադիր կատարողի կողմից այս տարվա փետրվարին բենզալցակայանը կապարակնքվել է։

«Դրանից հետո տնտեսվարողի կողմից ներկայացվել է փորձաքննության դրական եզրակացություն բենզալցակայանի մասով, բացառապես փաստաթղթային եզրակացություն, ինչը չի ենթադրում, որ այդ արտադրական վտանգավոր օբյեկտը ստացել է դրական եզրակացություն ընդհանուր օբյեկտի մասով, որին ի պատասխան՝ տեսչական մարմինը հայտնել է, որ սա հիմք չէ, այդ բենզակայանի գործունեությունը վերսկսելու համար և պահանջվել է ներկայացնել ընդհանուր արտադրական վտանգավոր օբյեկտի մասով դրական փորձագիտական եզրակացություն»։

ԴԱՀԿ-ից պարզաբանում են՝ կապարակնքվել է բենզալցակայանը, այլ ոչ թե գազալցակայանը, մինչդեռ պայթյունը եղել է գազալցակայանում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԴԱՀԿ խոսնակ Վարդուհի Պետրոսյանը։

«Ծառայությունը ստացել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման մասին կարգադրագիր, որի մեջ նյութերի ուսումնասիրության արդյունքում նշվում է, որ «Գազօյլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, միևնույն ժամանակ նշվում է, որ միայն բենզալցակայանն է, որ շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների՝ ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման։ Հետևաբար այդ կարգադրագրի կետով  նշվում էր, որ պետք է արգելել ՍՊԸ-ին շահագործել բենզալցակայանը։ Տեղում ամբողջությամբ լուսանկարահանվել, կնիքվել են բենզինի և դիզվառելիքի լիցքավորման աշտարակները»։

Ինչպե՞ս է ստացվել, որ խախտումները վերացված գազալցակայանում է տեղի ունեցել պայթյունը։ Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ պատճառները կպարզվեն արդեն քրեական գործի շրջանակներում։ Նաևտեղեկացրեց, որ 2023 թ. հունվարից մինչ օրս դադարեցվել է Երևանում և ՀՀ մարզերում գտնվող 174 բենզա-գազալցակայանների  հետագա շահագործումը,դրանցից 45-ը քանդվել կամ ապամոնտաժվել են։

27-ի գործունեությունը թույլատրվել է, իսկ 25 կայանի վերաբերյալ հայցերը գտնվում են դատական փուլում։ Մասնավորապես՝ 21-ի վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվել է, իսկ 3-ի վերաբերյալ վարչական ակտի կատարումը մնում է ուժի մեջ։ 5 լցակայանի վերաբերյալ  որոշումները գտնվում են ծանուցման փուլում, իսկ ևս 72-ի գործունեության դադարեցման որոշումները շարունակում են մնալ ուժի մեջ։ Տեսչական մարմնում շարունակում են նաև ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների ստուգումները։

«2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած մինչև այս տարվա մայիսի 17-ը հանրապետության տարածքում ճնշափորձարկվել է 271 հազար 659 տրանսպորտային միջոց, որոնց վրա տեղադրված է 285 հազար 391 գազաբալոն։ Տարբեր ահազանգեր ենք ունեցել, որ նույնիսկ ճնշափորձարկման կայանների հարակից տարածքի բնակիչներից, որ գալիս են գազն իրենց մոտ են դատարկում, և բողոքներ կային, որ ճնշափորձարկումը պատշաճ չի իրականացվել։ Նմանատիպ բոլոր ահազանգերի դեպքում տվյալները փոխանցել ենք իրավապահ մարմիններին»։

Գերատեսչությունում համոզված են, որ պարտադիր ճնշափորձարկումը ճիշտ քայլ է։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո միայն առաջին ամսում 15 գազաբալոն, այն էլ ժամկետի մեջ գտնվող, վկայագրման ժամանակ պայթել է։

Իսկ օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել։ Նրանցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս 4-ի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։

Back to top button