ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մաթևոսյանի ու Ղարաբեկյանի աշխարհը. «Ահնիձոր» հյուրատունը՝ բնության ու արվեստի ներդաշնակեցման վայր

Գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի համար բնության հետ շփումը առանցքային էր, որի լավագույն վկայությունը առանձնատուն-արվեստանոցն էր, որ նա կառուցեց 80-ականներին Ահնիձորում՝ ՀրանտՄաթևոսյանի տան հարևանությամբ: Լոռվա բնաշխարհն ու արվեստը միավորելու մեծ ցանկությամբ Մաթևոսյանները վերաձևակերպել ու «Նկարչի Տուն» կոնցեպտով «Ահնիձոր» հյուրատունն են բացել: Գաղափարը կյանքի է կոչվել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրով՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ:

Բրենդավորել մաթևոսյանական Ահնիձորն ու մոռացությունից փրկել Խաչիկ Ղարաբեկյանի հայտնի արվեստանոցը: Ժամանակին այն Լոռվա բոհեմի հավաքատեղին էր: Լոռու բնաշխարհն ու արվեստը միավորելու մեծ ցանկությունը Մաթևոսյանների ընտանիքին ոգևորեց Խաչիկ Ղարաբեկյանի արվեստանոցը վերակառուցել ու դարձնել մի վայր, ուր կհամատեղվեն ստեղծագործական կյանքն ու հանգիստը:

Արամ Մաթևոսյան. «Շատ ցանկացողներ կային, որ գային Ղարաբեկյանի տանը մնային, ստեղծագործեին, որովհետև Ղարաբեկյանը շատ մեծ շրջապատի տեր մարդ էր: Ու հատուկ նկարիչների համար ավելի շատ ստեղծագործելու վայր, որոշեցինք, որ նաև հյուրատուն լինի բոլորի համար»:

Հրանտ Մաթևոսյանի ազգական Արամ Մաթևոսյանը 2015-ին ձեռք բերեց Ղարաբեկյանի արվեստանոցն ու այն դարձրեց նկարչի հյուրատուն: Կյանք ու հոգի եմ դրել այս գործում, 2 տարվա տքնաջան աշխատանք՝ ասում է Արամը: Նա ամեն ինչ այստեղ սեփական ձեռքերով է պատրաստել, նաև նկարում է: Սա մի վայր է, ուր հանգստին զուգահեռ հնարավոր է արվեստին հաղորդակցվել: Առաջիկայում նկարչական սիմպոզիումներ ու մշակութային միջոցառումներ են նախատեսվում.

«12 հոգանոց նկարիչների խմբով նկարչական սիմպոզիում են անելու, ամբողջ հյուրատունը վերցրել են, Ահնիձորում ու հարևան գյուղերի հետաքրքիր վայրերում նկարներ անեն, մեծ միջոցառում է լինելու»։

1980-2008 թվականներին այս տանն ապրել ու ստեղծագործել էլ ոռեցի անվանի նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը: Վերջին անգամ 16 տարի առաջ էի այստեղ՝ հուզմունքը հազիվ է զսպում նկարչի այրին՝ Մարիետա Մանուչարյանը: Ահռելի աշխատանք է արվել՝ ասում է, բայց ինձ նախկին՝ վայրի տեսքն էր ավելի հոգեհարազատ, ջերմ հուշեր է արթնացնում.

«Վերջին անգամ եղել ենք 2008-ի օգոստոսի 12-ին, հետ գնացինք, շատ ծաղիկներ էի հավաքել, վազայի մեջ չորանումէին, ասեցի Խաչիկ թափեմ գնալուց, ասեց չէ, պիտի գամ նկարեմ, բայց էլ չհասցրեց»։

Ամեն ինչ բնական ու բնությունից՝ հյուրատան հիմնադիրն է ասում. գյուղի թարմ ու էկոլոգիապես մաքուր սննդից մինչև հացը, որ հենց նկարչի թոնրատանն է թխվելու: 5 աշխատողներն Ահնիձորից են: Հյուրատան կոնցեպտի հիմքում մարդուն բնության հետ կապելու գաղափարն է:

«Ահնիձորը խորհրդավոր, ներշնչող վայր է,հատկապես արվեստի մարդկանց համար: Շատերն են այստեղ եկել թե՛ Մաթևոսյանի, թե՛ Ղարաբեկյանի հետ կապված: Այստեղ շատ անվանի դերասաններ են եկել, այստեղ է նկարահանվել«Տերը» ֆիլմը, «Աշնան արևը»»:

Ահնիձորը դեռ 80 ականներից էր Խաչիկ Ղարաբեկյանի գունապնակում: Բնանկարների մեծ մասը հենց այստեղ են արվել: Արվեստանոցը մյուս անվանի լոռեցու՝ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի հայրական տան դիմաց է: Երկու անվանի լոռեցիների մտքում ու հոգում Ահնիձորն իր գույներն ու շունչն ուներ, կուսական բնությամբ ու նույնքան անաղարտ մարդկանցով: Պետք է բրենդավորել Ահնիձորը, ահնիձորցուն կապել իր հող ու ջրին՝ Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն է ասում.

«Էն նախագծերը, որոնք մենք ներնչել ենք, օրինակ «Ահնիձոր» հյուրատունը,կամ մշակութային կենտրոնատեղի, հարթակ ստեղծել Ահնիձորում,մշակույթի էն աշխարհընկալմամբ, որ մշակույթն է ամեն ինչի հիմքը, և աստիճանաբար, կարծես թե էդ գաղափարը առաջ է գնում»:

Բնությունն արվեստին կապող այս գաղափարը մեզ միանգամից հրապուրեց՝ ասում է Ալլա Ղազարյանը՝ ծրագրի իրականացման գործընկեր «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ից: Ծրագիրն իրագործել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ:

Ծրագրի ֆինանսական գործընկեր Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի խոսքով՝ հատկապես մարզերում նման նախագծերը շատ կարևոր են: Ծրագրի շուրջ 4.5 մլն եվրո ֆինանսական աջակցությամբ 4 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Վայոց Ձորում և Տավուշում փորձում են նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու մեղմել սոցիալական անհավասարությունը: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ ընդգծում է՝ հյուրատունն իր կոնցեպտով գալիս է ապացուցելու, որ բնության հետ համահունչ ապրելն այլընտրանք չունի:

Back to top button