ԿարևորՀասարակություն

Ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը բոլոր մակարդակներում որակյալ կրթության ապահովումն է. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել ««ԱՊԱԳԱ»-ի ուսանողները» խորագրով միջոցառմանը՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագրի շահառուների մասնակցությամբ:

«Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարություններից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ծրագրի շահառու ուսանողներ:

2023 թվականից իրականացվող «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագիրը նպատակ ունի աջակցելու ուսանողներին՝ մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում: Ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ 3-րդ կուրսն ավարտած շուրջ 50 ուսանողների հնարավորություն է տրվում անցնելու դասընթացներ և ձեռք բերելու մասնագիտական աշխատանք ավելի քան 20 ոլորտներում:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, որը, նրա դիտարկմամբ, միտված է երիտասարդների համար մասնագիտական ճանապարհի հարթմանը:

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները, որոնք ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ, միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը: Երբ խոսում ենք կրթության մասին, նկատի ենք ունենում բոլոր տարիքային խմբերին, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափը: Խոսելով հատկապես ուսանողների մասին՝ մեր ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը որակյալ կրթության ապահովումն է թե՛ նախնական և միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթության պարագայում: Մասնագիտական կրթությունը պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին և աշխատաշուկայի պահանջարկներին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վերջերս ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը նոր կարգավորումներ է սահմանում մասնագիտական կրթության ոլորտում:

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող կրթաթոշակային քաղաքականության նոր մոտեցումները: Պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով սովորողներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Կառավարության կողմից գերակա հռչակված, պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտների՝ գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության ուղղություններով ընտրված մասնագիտացումներով, օրինակ, կրթաթոշակները 10 անգամ ավելացել են՝ դառնալով 55 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Կառավարության խոշոր ծրագրերից մեկի՝ ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքներին, որը միտված է որակյալ կրթության միջավայրի ապահովմանը:

«Կրթությունից աշխատանք 1 քայլ» ծրագրի տևողությունը 5 ամիս է. կարող են դիմել 3-րդ կուրսի ուսանողները, որոնք հնարավորություն կունենան ստանալ 1 տարվա 80 % վարձավճարի փոխհատուցում: Ծրագրի մասնակից կազմակերպությունների մենեջերների կողմից ուսանողները յուրաքանչյուր ամիս կստանան կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան:

Ծրագրին դիմելու համար ուսանողները պետք է գրանցվեն CAMPUS հավելվածում` լրացնելով առցանց հայտը և ուղարկեն մասնակցության նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա հատվածում նշելով «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր և մասնագիտական ուղղությունը:

Back to top button