
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին։
«Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ կեղծ լուրերը», — գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
Վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքը հայտնել էր, որ երկու երկրների կառավարությունները, իբր, ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և Մոսկվայում Վրաստանի դեսպանատուն բացելու ուղղությամբ։ Լրատվամիջոցները գրել են, որ Թբիլիսին արդեն աշխատակիցներ է ընտրում դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատելու համար։
Ռուսաստանը և Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Վրացական կողմը խզել է երկու երկրների հարաբերությունները այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Վրաստանը չի ճանաչում այս հանրապետությունների անկախությունը՝ դրանք համարելով «օկուպացված տարածքներ»։




