
Ի՞նչ ազդեցություն են ունենում հակամարտությունները տնտեսության զարգացման, գործարար ակտիվության, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման վրա, և որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները։ Այս հարցերը քննարկվել են Հայաստանում Եվրամիության առաքելության ծրագրի ղեկավար Յուրկի Կանկանպեի ու մարդու իրավունքների խորհրդական Ալեքսանդր Գրուշևսկու՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն հունիսի 11-ին կատարած այցի ընթացքում։
Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրել է Միության կառուցվածքն ու գործունության ուղղությունները, իրականացրած միջազգային ծրագրերը, այդ թվում՝ ԵՄ–ի հետ համագործակցության շրջանակներում։ Նա կարևորել է միջազգային հանրության գործադրած ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչը նշանակալի ազդեցություն է ունենում տնտեսական նախագծերի իրականացման վրա։


ՀԱԳՄ առաջին փոխնախագահի խոսքով՝ տնտեսական համագործակցության առաջնահերթ պայմաններից են անվտանգային համակարգի առկայությունը, խաղաղ գոյակցության անկեղծ ցանկությունը, փոխվստահության մթնոլորտի ձևավորումը, ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանության և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, որոնք, ցավոք, դեռևս հեռու են իրականություն լինելուց։ Նաև ընդգծվել է, որ Ադրբեջանը ջանք չի խնայում Հայաստանին տարածաշրջանային ամենատարբեր ծրագրերից դուրս թողնելու ուղղությամբ, ինչի արդյունքում անգամ ԵՄ կողմից ֆինանսավորվող տարանցիկ՝ էներգետիկ, գազի ու նավթի խողովակաշարերի, երկաթուղային, ինտերնետային մալուխի և ենթակառուցվածքային այլ նախագծերը շրջանցում են Հայաստանը։
Ներկայացնելով Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությունը, Յուրկի Կանկանպեն ընդծել է ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը, հասարակական կառույցների և գործարար շրջանակների դերը՝ կողմերի միջև երկխոսության հաստատման ու վստահության միջավայրի կայացման ուղղությամբ։ Նրա գնահատմամբ՝ գործարար ակտիվությունը, տնտեսական կայունությունն իրենց հերթին նշանակալի բաղադրիչներ են ընդհանուր տարածաշրջանային կայունության համար։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։




