ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Դեբեդը նորից կամուրջներ է քանդում․ Քարկոփի ժամանակավոր կամուրջը կվերակառուցվի

Անցած գիշեր Դեբեդի հերթական վարարումից հետո փլուզվել է Քարկոփ բնակավայրը արտաքին աշխարհի հետ կապող ժամանակավոր կամուրջը։ Այն կառուցվել էր մայիսի 25-ի հեղեղումներից մի քանի օր հետո՝  բնակավայրի հետ կապն ապահովելու համար։ Ալավերդու համայնքապետի տեղակալը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է՝ այժմ աշխատանքներ են տարվում կամուրջը ու փլուզման հետևանքով ընդհատված ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Աղետի գոտում վարարումից հետո ընդհանուր առմամբ շուրջ 2 տասնյակ կամուրջ է վնասվել, մի քանի բնակավայրերում մետաղյա կունստրուկցիաներով ժամանակավոր կամուրջներ են շահագործվում։

Քարկոփ գյուղում վաղ առավոտից փորձում են վերականգնել Դեբեդի հերթական վարարումից փլված ժամանակավոր կամուրջը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը։ Մայիսի 25-ի աղետից ամենաշատը տուժած Քարկոփն օրեր շարունակ արտաքին աշխարհի հետ կապված էր հեղեղից հետո կառուցված ժամանակավոր կամրջով։ Անցած գիշեր կրկին վարարած Դեբեդը քշել տարել է նաև այս հետիոտնային կամուրջը։

«Երեկ շատ առատ տեղումներ էին, հատկապես Օձունի շրջանի գյուղերում ու Վանաձորի հատվածում։ Գետի մակարդակը բարձրացավ, ու հետը սկսեց որոշակի աղբ ու կեղտ բերել, փայտի կտորներ և այլն։ Քարկոփի կամուրջն էլ համեմատաբար ցածր էր, ու տենց գետը հավաքեց, տարավ։ Բայց, փառք Աստծո, ոչ մեկին վնաս չի տվել։ Հիմա էլ կամրջի շուրջ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում»,– մանրամասնում է Ձավարյանը։

Ժամանակավոր կամրջի փլուզումից հետո գյուղում  դարձյալ խմելու ջրի խնդիր է առաջացել․ աղետից հետո ենթակառուցվածքները վերականգնել էին հենց ժամանակավոր կոնստրուկցիայի շնորհիվ։ Օրվա ընթացքում տեղում մասնագետներն աշխատել են առաջին հերթին ջրամատակարարումը վերականգնել։ Հարություն Ձավարյանը, սակայն, շեշտում է՝ լուրջ խնդիրներ համայնքներում այս պահին չկան, տեղում սննդի պաշար էլ կա։

«Մեր պահեստներում էլ այս պահին բավականին շատ սնունդ կա, բայց քանի որ մեծամասամբ կոմունիկացիաները վերականգնված են, սննդի մատակարարումը մասնակի է իրականացվում, հիմա առավելապես անցել ենք արդեն նյութական այլ աջակցությունների, օրինակ՝ սպիտակեղեն, վերմակներ, հագուստ»։

Մայիսի վերջին Դեբեդի վարարման հետևանքով ամենաշատը տուժած համայնքներից մեկը հենց Քարկոփ գյուղն էր։ Բնակավայրն ամբողջությամբ ջրածածկ էր, շուրջ 300 բնակիչ էր տարհանվել ու ժամանակավոր բնակություն հաստատել հարևան Ճոճկան, Մեծ Այրում և Ախթալա գյուղերում։ Համայնքապետի տեղակալը պատմում է՝ աղետից 17 օր հետո Քարկոփում դեռ մաքրման աշխատանքներ են իրականացվում։

«Քարկոփում հիմնականում երկհարկանի բազմաբնակարաններ են, ու նաև կան փայտե սեփական տներ, բարաքներ, որոնք որ ամբողջովին ողողված են եղել ջրով ու տիղմով։ 90 տոկոս դեպքերում մաքրման աշխատանքներ են իրականացվում, որոշ բնակիչներ վերադարձել են, բայց տիղմի պատճառով նաև կոյուղու հետ կապված խնդիրներ են առաջացել ու, քանի որ կամուրջը ժամանակավոր է, չենք կարող մեծ տեխնիկա տանել այնտեղ կոյուղու հարցերը լուծելու համար, բացի դրանից հատվածներ կան, որտեղ կոյուղիներն ամբողջությամբ պետք է փոխարինվեն, հիմա այդ մասով նաև նախագծման աշխատանքներ են իրականացվում»,– պատմում է համայնքապետի տեղակալը։

Դեբեդի վարարումից հետո Տավուշի ու Լոռու մարզերում, այլ կերպ ասած, աղետի գոտում ավելի քան 2 տասնյակ կամուրջ է վնասվել։ Համայնքներում կենսական խնդիրներ լուծելու համար ժամանակավոր կամուրջներ են կառուցվել կամ հարմարեցվել, ամրացվել հետագա անվտանգ օգտագործման համար։ Համայնքապետի տեղակալը պատմում է՝ այս պահին ժամանակավոր կամուրջներ կան նաև Ախթալայում ու Ալավերդու Սանահին կայարան թաղամասում։

«Աղետի հենց առաջին գիշերը սկսել ենք աշխատանքներ իրականացնել, երբ արդեն իմացել ենք փլուզումների մասին, ու դեպի Շամլուղ գնացող անտառային ճանապարհը անցանելի դարձնելու համար։ Հիմա այս պահին գործում է նաև Աղթալայի մետաղական, մեքենաների համար նախատեսված կամուրջը, նաև հերթապահություն ենք իրականացնում, որ բեռնատարների շարժ չլինի։ Սանահին կայարանի հատվածում էլ երկու ժամանակավոր, ճոճվող կամուրջ ենք կառուցել, երկուսն էլ հիմա օգտագործվում են»։

Օրերս ամբողջությամբ վերականգնվել է նաև Վանաձոր– Ալավերդի– Վրաստանի սահման Մ6 միջպետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը՝ չնայած դեռ կան նաև միակողմանի ու դժվարանցանելի հատվածներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հորդորում է վարորդներին՝ զգոն լինել այդ հատվածներում երթևեկելիս:

«Մենք բետոնե խորանարդիկներով, ինչպես նաև անվտանգության էլեմենտներով կահավորել ենք ճանապարհի միակողմանի դարձած հատվածները․ Երևան– Իջևան հատվածում 3 կետ ունենք, իսկ Վանաձոր– Ալավերդի ավտոճանապարհին շուրջ 11 կետում միակողմանի դարձած հատվածներ ունենք, այնտեղ ևս մենք անհրաժեշտ կահավորումներ ենք իրականացրել, բայց երթևեկողներին հորդորում ենք ավելի զգոն լինել և հնարավորինս ցածր արագությամբ երթևեկել»,– ասում էր Ավետիսյանը։

Աղետի գոտում այժմ գույքագրում են վնասները՝ հետագա աջակցության մեխանիզմները մշակելու համար։ Աղետի հիմնական հետևանքները վերացնելուց հետո պետք է ձեռնարկվեն նաև հակաջրհեղեղային միջոցառումներ։ Կառավարության ղեկավարը վարարումից տուժած մարզեր այցի ժամանակ ասել էր, որ քննարկում են նաև միջնաժամկետ հեռանկարում կանխարգելիչ գործողությունները։

Կարդացեք նաև

Back to top button