
Արցախի կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդեր կտեղափոխվեն․ օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է խորհրդարանի հերթական նիստում։ Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների՝ ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից, կարծում են արդարադատության նախարարությունում։ ՀՀ–ում աշխատող Արցախից բռնի տեղահանված անձինք կատարում են սոցիալական վճարներ, փաստացի համարվում են Հայաստանի կուտակային համակարգի մասնակից:
Արցախից բռնի տեղահանված և ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի Հայաստանի կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց խորհրդարանում։
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյան․
«ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք աշխատում են ՀՀ-ում և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն կատարում են սոցիալական վճարներ, փաստացի համարվում են Հայաստանի կուտակային համակարգի մասնակից: Դա նշանակում է, որ այդ անձինք այս պահին ունեն երկու կենսաթոշակային հաշիվ երկու առանձին համակարգերում: Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների՝ ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից: Եվ այս նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել ԼՂ կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը»:

Արցախի կուտակային համակարգի մասնակից համարվող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու անհրաժեշտ քայլերը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ խնդիրներ ունեին արցախցի շահառուները բռնի տեղահանումից հետո իրենցից գանձված գումարների վերադարձն էին պահանջում։ 2019 թվականին Արցախում ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ կարծիքները միանշանակ չէին․ իշխանությունները պնդում էին, որ համակարգն ամենահուսալին է և կարող է ապահով ծերության երաշխիք դառնալ, ընդդիմախոսները մտահոգություններ ունեին, որոնք մինչև վերջ չպարզաբանվեցին։
«Գեն» նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արմինե Ավագիմյան․
«Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենսդրական հաստատումից հետո բավականին փակ և ոչ լիարժեք էր մեկնաբանված Արցախում։ Համակարգի աշխատակիցը տեղեկացված չէր, թե իրեն այդ կուտակային բաղադրիչն ինչ գործիքակազմ է տալու, ինչ իրավունքներ ունի, լիարժեք իրազեկված չէին նաև բովանդակությանը։ Այլընտրանք չեն ունեցել և ավտոմատ կցել են այդ համակարգին։ Որևէ առաջարկ ռիսկայնության կամ եկամտաբերության տեսակետից նրանց չի արվել»։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի պետնախարար Արամ Սարգսյանը տեղեկացրեց՝ խոսքը շուրջ 17 մլրդ դրամի մասին է, որը 9 ամսվա ընթացքում պետք է հետ վերադարձվի 34․000 շահառուների՝ իրենց կուտակած գումարների չափով։ Այդ գումարների վերադարձը հնարավոր դարձնելու համար Արցախի օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել, ասաց Արամ Սարգսյանը։
«Փոփոխություն է կատարվել օրենքում, որով արցախցիներին հնարավորություն է տրվել որոշելու իրենց կուտակած գումարների հետագա ճակատագիրը։ Համաձայն օրենքի՝ Արցախի ցանկացած քաղաքացի կարող է գումարների կուտակման շարունակությունը տեղափոխել ՀՀ օրենսդրական դաշտ, կամ հետ ստանալ իր կուտակած գումարը։
Ներկա պահին կառավարության կողմից կատարվում է կարգի մշակում, որն առաջիկա օրերին պատրաստ կլինի և իրավական լուծում կստանա հարցը»։
Որտե՞ղ են կուտակվել այդ գումարները, ի՞նչ կարգավիճակ ունեն այդ գումարները կուտակած կազմակերպությունները հիմա, որտե՞ղ են գործում կամ գործու՞մ են արդյոք։ ՀՀ արդարադատության փոխնախարարը պարզաբանում է՝ Արցախում ՀՀ համակարգի համանմանությամբ էր գործում համակարգը։ Գումարները կուտակվել են «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ֆոնդում, որն էլ այդ գումարները փոխանցել է «Ց կվադրատ» կազմակերպությանը։ «Ջեներալ ասեթ մենեջմենթը» ՀՀ կենտրոնական բանկում գրանցվել է 2019 թվականի օգոստոսին՝ ստանալով ներդրումային ֆոնդի կառավարման լիցենզիա։ Ֆոնդը հիմնադրվել է Արցախի կառավարության կողմից և կատարում էր միջնորդ կազմակերպության դեր։ Արցախի պետնախարար Արամ Սարգսյան․
«Քանի որ հարցը ՀՀ օրենսդրական դաշտից դուրս էր, ԱՀ կառավարության կողմից ստեղծվել էր «Ջեներալ Ասեթ մենեջմենթ»–ը, որն էլ ստացել է գումարները և փոխանցել «Ց կվադրատին»։ Ֆոնդը գործում է, կառավարում է այդ գումարները և լուծարվել չի կարող, քանի դեռ այդ գումարների հարցը լուծում չի ստացել»։
Արցախի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունն արդյո՞ք չի հակասում ՀՀ օրենսդրությանը, առավել ևս այն դեպքում, երբ կազմակերպությունները գրանցվել և գործում են ՀՀ օրենսդրության համաձայն։ Արամ Սարգսյանը ասում է, որ ֆոնդերը կառավարում են գումարները, իսկ դրանք տնօրինում են Արցախի բնակիչները՝ ըստ իրենց մասնաբաժնի։
Հայաստանի ԿԲ–ում ավելի վաղ էին խոստացել՝ Արցախից բռնի տեղահանված ու գումարներ կուտակած կենսաթոշակային համակարգի մասնակիցները կստանան իրենց գումարները, երբ իրավական հարցերը լուծվեն։ Կենսաթոշակային ֆոնդերը կառավարության հետ համատեղ կորոշեն՝ ինչպես վարվել։ Բայց մինչ այդ որոշ հարցեր պետք է ճշգրտվեն։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ գումարները կան, ավելին, դրանք վերաներդվում են։ Թե որտե ՞ղ՝ դեռ պարզ չէ։




