
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը և գումարվող հերթական լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկած Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ Ընդդիմադիր պատգամավորների 33 ստորագրությունը, սակայն, բավարար է խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար։ Աժ կանոնադրությունով՝ պատգամավորների բավարար քանակի ստորագրության դեպքում միջնորդությունը ներկայացնելուց հետո 5–րդ աշխատանքային օրը արտահերթ նիստը գումարվում է օրենքի ուժով՝ առանց ԱԺ խորհրդի համաձայնության։ Ընդդիմադիրների հաշվարկով՝ արտահերթ նիստը ամենայն հավանականությամբ կգումարվի հունիսի 17–ին։
Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած նոր գործընթացը առանձին է վարչապետին իմպիչմենտ հայտարարելու նախնական մտադրություններից։ Այժմ ընդդիմադիրները փորձում են հասնել ամբողջ կառավարության հրաժարականին՝ հիմնավորելով՝ կառավարությունը տապալել է 2021–26 թվականների իր ծրագիրը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը միջնորդությունից նաև այլ խնդիրներ է մեջբերում․

«Հայատանը կանգնած է մարտահրավերների առաջ, և դրա հաղթահարումը պահանջում է հրատապ լուծումներ, առաջարկվում է, քանի որ անհրաժեշտություն կա քաղաքական համաձայնությամբ խաղաղ և անցնցում եղանակով ձևավորել հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձանցից կազմված նոր կառավարություն, որն ամենասեղմ ժամկետներում կներկայացնի ստեղծված իրավիճակին համապատասխան նոր ծրագիր և կիրագործի երկրի դիմադրողականության մեծացմանը, պաշտպանությանն ու անվտանգության ամրապնդմանը, տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված առաջնահերթ քայլեր, Աժ–ն, որպես սահմանադրական ներկայացուցչական բարձրագույն մարմին, ուղերձով դիմում է կառավարությանը, որպեսզի կառավարությունը վիճակով թելադրված ներկայացնի հրաժարական։
Եվ երկրորդ կետով՝ ըստ մեր առաջարկի՝ ԱԺ–ն ուղերձով դիմում է հանրությանը, որպեսզի ՀՀ–ում և սփյուռքում բոլոր մակարդակներում զորակցեն և սատարեն նոր կառավարությանը և համախմբվեն նրա շուրջ այս խնդիրների լուծման առումով»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, սակայն, սրանք բավարար հիմքեր չեն, որ Աժ խորհրդում ընդունվեր ընդդիմադիրների միջնորդությունը և հարցը հայտնվեր ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
– Իսկ ինչո՞ւ պետք է չմերժեինք։ Մեկ պատճառ կարո՞ղ եք ասել։ Կառավարության ծրագիրը տապալել ենք, թող գան կառավարությանը հարց տան։
– Արցախահայության ․․․
– Իրենց իշխանությունն է Արցախի հարցը փակել, երբ իրենք ուրախությամբ նշում էին, որ Արայիկ Հարությունյանը հեռացել է և մաղթում էին նույնը ՀՀ–ին, երեք օրում ամեն ինչ արեցին, որ Արցախի Հանրապետության գոյությունը վերանա։ Իրենք մեզ կարող են բոլոր մահկանացու մեղքերի մեջ մեղադրեն, ինչն էլ անում են, բայց իրենց օրակարգը չի փոխվել, հասկանո՞ւմ եք։ Այս խոսակցությունը մենք ունեցել ենք 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ։ Ես էլի հարգանքով եմ մոտենում մարդկանց, ովքեր գալիս են և ինչ–որ բանից դժգոհում են։ Կարծիք է։ Բայց երբ արդեն ակնհայտ է, որ բոլոր դերակատարները կատարյալ նույնն են, ես սա ռևանշիզմ չէ, իշխանության կռիվ, աթոռակռիվ, գալ իրենց հին ունեցվածքը վերականգնելու փորձ եմ դիտարկում և կատեգորիկ եմ դրան վերաբերվում։ Ես մարդկանց մասին չեմ դա ասում։
– Ի՞նչ պետք է անենք։
– Ոչ մի բան, ընտրություն կլինի, մարդիկ եթե կորոշեն՝ ՔՊ–ն չի կատարել սա, սա, սա, կգնան, կքվեարկեն այն ուժին, որը իրենց բան կառաջարկի։ Իսկ ընդդիմությունը իր հայտարարած օրակարգի 1%-ը կատարե՞լ է։ Զրո։
Խորհրդարանի իշխանական թևը չի դիտարկում արտահերթ ընտրությունների որևէ սցենար։ Իրատեսական չեն համարում նաև ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու տարբերակը։ Իրավական տեսանկյունից դա խորհրդարանը լուծարելու հիմք չի ստեղծվում։ «Քաղաքացիական պայմանագրից» խոսում են 2026 թվականի հերթական ընտրությունների մասին։
Իշխանությունը կամ աթոռը պահելու փոխադարձ մեղադրանքներ հնչում են նաև ընդդիմության թևից։ ԱԺ խորհրդի մերժումով ընդդիմադիրների միջնորդությունը չի ավարտվում։ Բագրատ արքեպիսկոպոսն ու Արծվիկ Մինասյանը հաստատում են՝ դիտարկվում է նաև «փողոցի ճնշման» տարբերակը։

Բագրատ արքեպիսկոպոս․ «Մենք էլ ստիպված պետք է լինենք այդ մարդիկանց գործի չթողնենք գան։ Ուղղակիորեն։ Իրենք իրավունք չունեն մեր վճարած հարկերի հաշվին աշխատել, իբր թե»։
Արծվիկ Մինասյան․ «Համաժողովրդական պահանջը, ընդվզումը պետք է շարունակվի այնքան, մինչև ժողովուրդը հասնի իր նպատակին՝ գործող իշխանության հեռացում։ Բոլոր հնարավոր գործիքները, որոնք սահմանադրական առումով խոցելի չեն, իսկ դրանք խոցելի չեն ժողովրդի պահանջի անմիջական իրականացման դեպքում, բոլորը պետք է գործադրվեն»։
Բաղրամյան փողոցում երթևեկությունը նախօրեից փակ է․ մի կողմից ընդդիմադիրներն են վրաններով, մյուս կողմից՝ իրավապահները։ «Փողոցի ճնշում» ասվածը իշխանությունը այլ կերպ է մեկնաբանում։ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ ոստիկանությունը ուժ չի կիրառելու։
«Հիմա Բագրատ Գալստանյանը իրավիճակից դուրս գալու խնդիր ունի։ Ինքը ուզում է, որ լավագույն տարբերակում իրեն բռնեն, որ ասի՝ դե ամեն ինչ արեցի։ Անգլերեն արտահայտություն կա «exit strategy» է պետք իրեն։ Սա պահպանվող հատուկ նշանակության շենք է, որտեղ տեռորիստական ակտ է տեղի ունեցել, ի՞նչ է նշանակում եկեղեցականը կամ որևէ այլ քաղաքացի ասում է՝ դե ես գնացի։ Ասում են՝ չի կարելի, միայն պատգամավորներն են կարող, ասում է՝ չէ, ես դե գնացի։ Բա դա սադրանք չի՞։ Ինչի անցյալ անգամ ուժ կիրառվե՞ց։ Իրենք եկան իրենց խորովածը արեցին, մեր գնդակահարության տեսարանը Աժ դեմը բեմադրեցին, երգեցին, պարեցին, ուրախացան, գնացին տներով։ Հիմա գալու են սուս ու փուս այդ վրանները հավաքելու են և գնալու են պատրաստվեն «թեժ աշնանը»»։
Աժ նախագահը չի մոռանում հիշեցնել նաև ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Բագրատ Գալստանյանի երկքաղաքացիությունը։ Սա խնդիր է ինչպես վարչապետի առաջադրման դեպքում, այնպես էլ՝ իրավախախտումների դեպքում։
«Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը պնդում է, որ արքեպիսկոպոսի՝ Կանադայի քաղաքացիության հարցերով զբաղվում են․
«Շատ գործընթացներ կան, որ կներեք, բայց ընթացքում դուք կտեսնեք։ Շատ բաներ կան, որ չենք կարող ասել։ Ամեն ինչ նորմալ է, թողեք հերթականությամբ պրոցեսները գնան»։
Այսօրվա իրավիճակից պարզ է, որ վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախնական որոշման փոխարեն ընդդիմությունը ընտրել է այլ ճանապարհ՝ անվստահություն ամբողջ կառավարությանը։
Անկախ ԱԺ խորհրդի որոշումից, հարցը խորհրդարանում քննարկման առարկա կդառնա, քանի որ ընդդիմադիր պատգամավորների ստորագրությունները բավարար են օրենքի ուժով արտահերթ նիստ հրավիրելու համար։ Այն, ամենայն, հավանականությամբ կգումարվի հունիսի 17–ին՝ միջնորդությունը ներկայացնելուց հետո 5–րդ աշխատանքային օրը։
Այլ հարց է, թե արդյո՞ք արտահերթ նիստի համար քվորում կապահովվի, թե խորհրդարանական մեծամասնությունը կբոյկոտի նաև այդ նախաձեռնությունը։ ԱԺ նախագահի խոսքով՝ դեռ չեն որոշել։




