
Հունիսի 11-ին մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը: Հայտագրված դիմորդների թիվը նախորդ տարվանից (13950) շուրջ 800-ով ավելի է (14696)։ Թեև ԵՊՀ–ում ամենապահանջված մասնագիտությունները շարունակում են մնալ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Հոգեբանություն», «Կառավարում», «Սերվիս» կրթական ծրագրերը, բայց ամենաբարձր մրցույթը նախատեսվում է «Հանրային քաղաքականություն և կառավարում» կրթական ծրագրով։ Ավանդաբար ամենապահանջվածների կողքին ունենք մասնագիտություններ, որտեղ հայտերն ավելի քիչ են, քան պետպատվերով նախատեսված տեղերը։
Ընդունելության քննություններին հաշված ժամեր են մնացել։
Թեև հունվարին՝ քննությունների առաջին փուլում, դիմորդների թիվը սպասվածից ավելի մեծ էր, բայց երկրորդ՝ հիմնական փուլի մասնակիցների թիվը ևս փոքր չէ։ Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր հունվարին փորձել են իրենց ուժերը, ուզում են օգտվել նաև երկրորդ հնարավորությունից ՝ փորձելով մեծացնել ավելի բարձր միավորով բուհ ընդունվելու հավանականությունը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Այս տարի ունենք 20259 դիմորդ-քննություն։ Այսինքն՝ այսքան գրավոր աշխատանք մտնելու է ԳԹԿ և ստուգվելու է»։
Պահանջված մասնագիտությունների ցանկում այս տարի որոշակի փոփոխություններ են նկատվում։ Օրինակ՝ բժշկական համալսարանում բուժական գործն իր դիրքերը սկսել է զիջել ստոմատոլոգիային, իսկ ԵՊՀ-ում «Հանրային քաղաքականությունն ու կառավարումը» շատ ավելի մեծ պահանջարկ է վայելում, քան օրինակ, ֆինանսական գործը կամ իրավագիտությունը։
«Տեսեք՝ Ստոմատոլոգի մեկ տեղի համար պայքարում են 2,3 դիմորդ։ Նույնը ԵՊՀ «Հանրային քաղաքականությունն ու կառավարում»-ն է, մեկ տեղի համար պայքարում են 2,3 դիմորդ, իսկ «Իրավագիտությունում»՝ 2,1 դիմորդ։ «Հասարակայնության հետ կապերը» «Իրավագիտությանը» հավասար է, 27 տեղի համար պայքարում է 56 հոգի։ Այսինքն՝ 2,1 դիմորդ մասնակցում են մեկ տեղի համար։ Այս տարի առաջին անգամ «Միջազգային հարաբերությունները» մտավ պահանջված տասնյակ։ 2 անվճար 108 վճարովի տեղի համար պայքարում են 2 հոգի։ Հայ-ռուսական համալսարանի «Իրավագիտությունում» ևս մրցույթ կա, մեկ տեղի համար 2 հոգի»։
Թեև ԵՊՀ-ում դիմորդների թիվն անցյալ տարվա համեմատ զգալի ավելացել է, պահանջված մասնագիտություններն անփոփոխ են։ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյան։
«Առաջինը «Իրավագիտությունն» է, հետո «Ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան», ապա «Միջազգային հարաբերություններ», «Հոգեբանություն», «Սերվիս» կրթական ծրագրերը։Պարզապես այս տարի կրթական որոշ ծրագրերով դիմորդների թիվն ավելի է շատացել, դրա համար նախորդ տարվա համեմատ ավելի շատ դիմորդներ ունենք»։
Թեև ամենաբարձր մրցույթը «Հանրային քաղաքականություն և կառավարում» կրթական ծրագրով է սպասվում, բայց Մայր բուհում մասնագիտություններ կան, որոնց նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։
««Քաղաքագիտությունը» 55 տեղ է, բայց 100-ից ավելի դիմորդ կա։ Արդյոք դա վատ ցուցանիշ է։ Ոչ։ Նույնը «Միջմշակութային հաղորդակցությունը»՝ 90 տեղ, 135 դիմորդ։ Կամ «Տնտեսագիտությունը», 60 տեղ ունենք, 115 դիմորդ»։
Պահանջված մասնագիտությունների կողքին ունենք մասնագիտություններ, որտեղ նույնիսկ պետպատվերով հատկացված տեղերը չեն լրացվում՝ ասում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։ Երկրաբանության 9 անվճար տեղի համար ընդամենը 5 հոգի է դիմել։ Նվազագույն դրական միավոր ստանալու դեպքում նրանք անվճար կընդունվեն, և դեռ թափուր անվճար տեղեր էլ կմնան։ Գրեթե նույն պատկերը Աստվածաբանության ֆակուլտետում է։ Դիմելիության ընդհանուր պատկերից գոհ է նաև ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը։ 11 կրթական ծրագրերով հայտագրվել է 1918 դիմորդ։
«ՀՀ մասնագիտությունների առաջին հնգյակում 3-ը ՀՊՏՀ-ինն են։ Առաջին տեղում բժշկականի «Բուժական գործն» է, այսնուհետև ՀՊՏՀ «Տնտեսագիտությունը», «Կառավարում », «Ֆինանսներ» և Ճարտարապետաշինարարականի «Ճարտարապետությունը»»։
Տնտեսագիտական համալսարանում ամենապահանջված մասնագիտություններից են նաև «Հաշվապահական հաշվառումը», «Մարքեթինգը», թեև, ըստ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի, մրցույթ կա գրեթե բոլոր կրթական ծրագրերով։ Բացառություն է «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունը, որտեղ 30 տեղի համար դիմել է 26 դիմորդ։ Ընդհանուր առմամբ թե պետական, թե ոչ պետական բուհերում պահանջարկն աշխատաշուկան է թելադրում՝ նկատում է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Ըստ այդմ՝ ամենաքիչ դիմորդների թվով աչքի են ընկնում Կոնսերվատորիան և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի որոշ բաժիններ, որտեղ առհասարակ դիմորդներ չունենք։ Խոսքը, մասնավորապես, «Ֆիզիկա», «Սոցիոլոգիա», «Գրադարանային տեղակատվական աղբյուրներ» կրթական ծրագրերի մասին է։




