ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Հարկատեսակը կփոխվի, բայց ծառայությունները կարող են և չթանկանալ

Փոփոխություններ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում․ ԱԺ հերթական քառօրյայում կրկին կքննարկվեն «Հարկային օրենսգքրում» առաջարկվող փոփոխությունները։ Կառավարությունն առաջարկում է գործունեության մի շարք ոլորտների համար բարձրացնել հարկման դրույքաչափը, մի մասին էլ հարկել ավելացված արժեքի հարկով։ Սրանով փորձ է արվում տնտեսվարողներին դուրս են բերել  հարկային արտոնյալ համակարգից ու միասնական հարկային դաշտ ձևավորել։

Կթանկանա՞ն արդյոք փաստաբանական ծառայությունները, թե՞ ոչ․ մասնավորը պնդում է՝ թանկացում է ակնկալվում։ Ավելին, գտնում են, որ անվճար խորհրդատվություն այլևս չեն կարող տրամադրել։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Աբայան․ « Իրավաբանական և, մասնավորապես, փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է 38 և ավելի տոկոսով։ Մենք կունենանք թանկացում ծառայության և սրանով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացին, որպեսզի ստանա իրավաբանական օգնություն, ստիպված է լինելու ինքնարժեքի համար վճարել ավելին»։

Փաստաբաններն այժմ գանձվում են պարզեցված հարկով՝ իրենց շրջանառության 5 տոկոսի չափով վճարելով պետական բյուջե։ Գործադիրն առաջարկում է փոխել հարկային ռեժիմը և գանձել ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս և եկամտահարկ՝ 18 տոկոս։ Հիմնավորումն այն է, որ պարզեցված այս հարկն արտոնություն է դարձել որոշ ոլորտների համար։ Օրերս փաստաբանների ու նոտարների հետ քննարկում էր կազմակերպվել։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ընդգծում է՝ տնտեսվարողներին դուրս են բերում  հարկային արտոնյալ համակարգից ու միասնական հարկային դաշտ են փորձում ձևավորել․

«Մի քանի հազար փաստաբան կա, նորմալ մրցակցություն կա, անցյալ տարի ՎԿ –ն արդեն իսկ փաստաբանական ծառայությունների 20 տոկոս թանկացում է արձանագրել։ Անապահով խավի վրա այն աստիճան չի ազդի, որքան փորձում են ներկայացնել, քանի որ  պետությունը նախատեսում է հանրային պաշտպանի ինստիտուտը ուժեղացնել՝ ավելացնելով, թե՛ հաստիքները, թե՛ աշխատավարձերը»։

 Քննարկումների արդյունքում հասկացել են՝գործող կարգավորումները 99․9 տոկոս զեղչ կիրառելու հնարավորություն տալիս են։ Այս դեպքում ոչ ԱԱՀ հարց կառաջանա, ոչ էլ եկամուտ կդիտարկվի։ Սա էլ «անվճար խորհրդատվություն չեն կարող տրամադրել» հայտարարություններին ի պատասխան։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ընդգծում է․ «Մենք կարևորում ենք ոչ թե վճարման փաստը, այլ ծառայության մատուցման պահը երբ է եղել։ Եթե հիմա վճարել է, և 2024–ի և առաջիկա երեք տարիների համար, պարզ է, որ հետագա տարիների աշխատանքին վերաբերող աշխատանքը պետք է ԱԱՀ–ով հարկվի»։

Նմանատիպ նախագիծ նաև 2019–ին էր քննարկվել։ Բայց դժգոհություններից հետո նախագիծը հետ էր կանչվել։ Այժմ խորհրդարանն առաջին ընթերացմամբ օրենսդրական փոփոխությունը ընդունել է, հերթը երկրորդ ու երրորդ ընթերցումներինն է։ Շրջանառության հարկի դրույքաչափը փոխվում է նաև սպասարկման ոլորտի համար։ Բայց մարզերում աշխատող հանրային սննդի կետերի համար կարգավորումը ուժի մեջ կտնի ավելի ուշ՝ մեկ տարի հետո։ Այդ ընթացքում ծախսերը փաստաթղթավորելու լուծումներ են փնտրելու, խոստանում են նաև խստացնել ՀԴՄ տրամադրելու մեխանիզմները։ Խաղային բիզնեսում նույնպես հարկային դրույքաչափ է փոխվում։ Ավելի քան 5 մլն դրամ շահելու դեպքում շահողը պետք է պետական բյուջե վճարի 10 տոկոս եկամտահարկ։

Back to top button