
Մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը: Այս անգամ ևս փառատոնը կընթանա 3 փուլով՝ նախընտրական, ընտրական և սևանյան: Նախընտրական փուլի հայտերն ընդունվում են մինչև հունիսի 20-ը։ Դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող անձինք։ Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն ընտրական փուլին, որը կկայանա հունիսի 28-ին «Մետրո» թատրոնում։
Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք և հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Մասնակիցների կացության և սննդի ծախսերը կապահովվեն փառատոնի կողմից։

Փառատոնի սևանյան փուլը կներառի երկու համերգային օր և տեղի կունենա հուլիսի 19-ից 21-ը՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում։ Համերգներին կմասնակցեն ընտրական փուլի արդյունքում ձևավորված 2024 թվականի, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, արտերկրից ժամանած հյուրերը և ավագ սերնդի արդեն հայտնի ու սիրված երգահանները։ Հուլիսի 20-ի գալա համերգային ծրագիրը կամփոփվի հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և նպատակն է հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը, տրամադրել բեմ, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ հեղինակային երգի սիրահարների ու երգահանների միջև շփման համար:
Փառատոնը կազմակերպել են «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և Բարդերի ակումբը։




