ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Մոսկվան «կարիբյան ճգնաժամ» է հասունացնում․ վերլուծաբան

ԱՄՆ ու Գերմանիան հայտարարում են Ուկրաինային զինելու մասին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտեմբերգը հայտարարում է, որ Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանին, բայց միայն Հյուսիսատլանտյան դաշինքի շարունակական աջակցության պայմաններում: Ռուսաստանի նախագահ Պուտինը, սակայն, զգուշացնում է Միացյալ Նահանգներին, որ պատրաստ է զինել այդ երկրի թշնամիներին՝ ասիմետրիկ պատասխան հարվածներ հասցնելու համար։ Ո՞ւր է հասել ռուս-ուկրաինական պատերազմը․ թեմայի շուրջ «Ռադիոլուրին» վերլուծություններ են ներկայացրել փորձագետները։

Մոսկվան ռուս-ուկրաինական պատերազմում հաղթելու համար լարվածությունը փորձում է հասցնել «կարիբյան ճգնաժամի» մակարդակի, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծբան Հայկ Այվազյանը։

«ՌԴ «կարիբյան ճգնաժամ» է հասունացնում։ Մոտ է, հեռու է՝ չգիտեմ, բայց ՌԴ հաղթանակի միակ ճանապարհը դա է, այլ հաղթանակ չկա։ Միայն միջուկային ճգնաժամի դեպքում ԱՄՆ կհամաձայնի զիջումների, հակառակ դեպքում ստացվում է, որ իրենք օվկիանոսից այն կողմ նստած են ու իրենց երկրներին ոչինչ չի սպառնում և իրենք զինում են Ուկրաինային»։

Պուտինն էլ իր հերթին հայտարարությում է, որ Ռուսաստանը պատրաստ է զինել ԱՄՆ թշնամիներին՝ որպես «ասիմետրիկ պատասխան» Ուկրաինային ռուսական տարածքին հարվածել թույլատրելու համար։ Հայտնի է, որ ԱՄՆ զենք է մատակարարել  Ուկրաինային այդ նպատակի համար, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինի հայտարարությունից հետո հստակեցրել է, որ Կիևին մատակարարվող ամերիկյան զենքը չի օգտագործվի Մոսկվային և ընդհանրապես Ռուսաստանին հարվածնելու համար։

«Ասիմետրիկ նշանակում է, որ պատասխանը լինելու է ոչ միայն այն տարածքի ուղղությամբ, որտեղից հրթիռները արձակվում են, այլև նրանց նկատմամբ, ովքեր զինում են, հրթիռներ են տալիս՝ ԱՄՆ և այլ երկրներ։ ՌԴ ղեկավարը հրաշալի գիտի, որ դա է ճանապարհը։ Իսկ ՆԱՏՕ-ն հաշվում է, որ կոնֆլիկտը երկար կտևի, և ՌԴ կհյուծվի, բայց «կարիբյան ճգնաժամի»  դեպքում ՆԱՏՕ-ի բոլոր հայտարարությունները միանգամից կզրոյանան։ Արևմուտքը փորձում է այնպես անել, որ գործը չհասնի «կարիբյան ճգնաժամի», բայց դե կարծում եմ, որ դա անխուսափելի է»։

Ռուսաստանի հետ պատերազմում Արևմուտքի համար միակ վտանգը ստրատեգիական միջուկային զենքի կիրառումը կարող է լինել, դրա համար Ուկրաինային զինող Միացյալ Նահանգներն ու Եվրոպան փորձում են Ռուսաստանին մաշող հակամարտությամբ թուլացնել և ոչ թե սրել իրավիճակը այնքան, որ «կարիբյան ճգնաժամ» հասունանա, համոզված է քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը։

Կարիբյան ճգնաժամն առաջացավ 1962 թվականին՝ սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ- ԽՍՀՄ առճակատման սուր փուլում, երբ ամերիկյան հրթիռներ տեղակայվեցին Թուրքիայում, ինչից հետո Խորհրդային Միությունը Կուբա մատակարարեց ատոմային լիցքավորմամբ հրթիռային համակարգեր, որոնք մեկ ժամվա ընթացքում կարող էին հասնել Վաշինգտոն։

Աշխարհը գնում էր դեպի միջուկային պատերազմ․ խորհրդային հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը Կուբայում խոցեց ամերիկյան U-2 հետախուզական ինքնաթիռը։ Չնայած սուր լարվածությանը ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Քենեդին հրաժարվեց ներխուժել Կուբա և հետ քաշեց միջուկային հրթիռները Թուրքիայից: Խորհրդային Միությունն էլ իր հրթիռները հանեց Կուբայից։

«Եթե ստրատեգիական միջուկային զենքով ՌԴ սպառնա ամերիկյան քաղաքներին, ինչպե դա ԽՄ էր անում, ապա այդ օգնությունը կդադարի, և Ուկրաինան երկու-երեք ամիս հետո կկապիտուլացվի»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը համոզված է, որ Մոսկվան չի հապաղի պատասխան տալ Արևմուտքին, եթե միջին ու հեռահար բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցվեն Ռուսաստանին։

«Եթե ՌԴ սուվերեն տարածքի վրա տեղի ունենա միջին և հեռահար բալիստիկ հրթիռներով հարձակում, ավերածություններ, ես կարծում եմ, որ միջուկային զենքի կիրառումը մասամբ Ուկրաինայի այն տարածքներում, որտեղից հրթիռներ են արձակվել, որպես հակահարված, դեմոնստրատիվ ձևով ՌԴ կաշկանդված չի լինի օգտագործել»։

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ այսօր հստակ հնարավոր չէ գնահատել իրավիճակը, քանի որ ուկրաինական կողմը իր հաջողությունների մասին է գրում, ռուսական կողմը ՝ իր։ Սակայն հստակ է Ռուսաստանի նպատակը։

«Մենք գիտենք, որ ՌԴ իր առջև խնդիր է դրել նորանոր տարածքներ գրավել ու դրանով նաև ճնշում գործադրել, որպեսզի քաղաքական որոշում կայացվի եթե ոչ համաձայնության գալու, ապա բանակցությունների սեղանի շուրջ նստելու ՌԴ հետ, որի առաջարկը ՌԴ բազմիցս արել է»։

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը դժվարացավ մոտավոր ժամկետներ նշել, թե երբ իրադրությունը գագաթնակետին կհասնի, սակայն հիշեցրեց Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Շոյգուի հայտարարույունը, որ մտադրություն կա պատերազմն ավարտել 2025 թվականին։

Հասկանալով իրավիճակից բխող ծանր հետևանքները, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նախազգուշացնում է Ուկրաինային Ռուսաստանից պաշտպանելու հարցում աջակցության թուլացման մասին և հստակեցնում՝ խաղաղությունը կապիտուլյացիա չէ։

Խաղաղություն նշանակում է՝ երկրին հնարավորություն տալ պաշտպանելու իր սահմաններն ու ինքնիշխանությունը։

Back to top button