
Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի պայթյունի դեպքով Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ գործողություններ են ձեռնարկվում տեղի ունեցածի պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը։
Պայթյունից 7 քաղաքացի է տուժել։ Նրանք այրվածքաբանության ազգային կենտրոնում են։ 2-ի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
«Մենք այստեղ չենք եղել, զանգել են, եկել ենք, դեպքն արդեն եղել էր, պայթել էր»։
Երևան-Սևան մայրուղու 16-18-րդ կմ-ի հատվածում դեռ թարմ են գիշերվա պայթյունի հետևանքները՝ սահմանազատված տարածք, գազալցակայանի վնասված կոնստրուկցիաներ, այրված ու մոխրակույտի վերածված ավտոմեքենաներ, կոտրված ապակիներ։ Հրշեջներն ու ոստիկանները գիշերվանից հերթափոխով են աշխատում՝ անվտանգությունից ելնելով թույլ չտալով ազատ ելումուտը տարածք։

«Գազօիլ» ընկերության բենզալցակայանում կեսգիշերին մոտ տեղի ունեցած պայթյունի ձայնը հարևան գյուղերում էլ է լսվել։ Ընկերության տնօրեն Էրիկ Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ պատահականությունների չեն հավատում։
«Պատահական չէր կարող պայթել։ Դիտավորություն կա, գործ է հարուցվել, քննչականը զբաղվում է»։
Պայթյունի վերաբերյալ տարբեր վարկածներ դեռ գիշերվանից են շրջանառվում՝ դիտավորությունից մինչև անվտանգության կանոնների խախտում։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանի փոխանցմամբ՝
Պատճառները քննությունը կպարզի, մինչ այդ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի վայրի, ինչպես նաև հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:
Նշանակվել են դատահրդեհատեխնիկական դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր ու դատաբժշկական փորձաքննություններ:
Ըստ նախնական տվյալների՝ գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

«Բենզինի և գազի ցիստեռն է պայթել, առաջինը գազինը, նոր մնացածը։ Հաճախորդներ չեն եղել, միայն աշխատկիցների մեքենան է եղել։ Այդ պահին աշխատակիցներն են եղել այստեղ։ 6 հոգի հիվանդանոցում է, 2-ի վիճակը ծանր է»։
Տարբեր լուրեր են շրջանառվում նաև բենզալցակայանի տարածքում բնակելի տների վնասման ու այրման վերաբերյալ։ Սակայն ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց բենզալցակայանի տնօրենը, տարածքում առհասարակ բնակելի տներ չկան։ Հարևանությամբ հացատուն և հյուրատուն են գործում։
«Բնակիչներ չկան տարածքում, կողքը ստրճարան կա, դա է վնասվել, բնակելի տուն չկա։ Բնականաբար ճանապարհին անցնող մարդիկ եղել են, տեսել են, կարծեմ մի քանի մեքենա էլ վնասվել է հրդեհի հետևանքով, բայց փառք Աստծո լուրջ բան չկա։ Զոհեր չունենք, հուսանք մեր երկու ծայրահեղ ծանր վիրավորներն էլ կապաքինվեն»։
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել 7 անձ, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զոհեր չկան։




